Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիրիժոր Գեւորգ Սարգսյանը առայժմ արտերկրում է բեմ դուրս գալիս

Մայիս 31,2007 00:00

Պատմություն այն մասին, թե ինչպես է Արեւմուտքը «իրենով անում» հայ երիտասարդ արվեստագետներին:

Վերջին շրջանում երիտասարդ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզներում հայերիս համար հպարտության առիթ են: Ոչ պակաս կարեւոր են նաեւ մշակութային գործիչների հաջողությունները: Մանավանդ, երբ դրանք վերաբերում են երիտասարդներին, հատկապես դիրիժորներին: Իսկ դիրիժորությունն ընդունված է համարել «կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն». սովորաբար դրան անցնում են այս կամ այն երաժշտական գործին տիրապետելուց հետո: Մասնագետների շրջանում մի քանի տարի է, ինչ հոլովվում է երիտասարդ դիրիժոր Գեւորգ Սարգսյանի անունը: Նա կրթությունը ստացել է Երեւանի պետկոնսերվատորիայում, պրոֆեսոր Յուրի Դավթյանի դասարանում, այնուհետեւ կատարելագործվել Վիեննայում եւ անցյալ տարի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել Ազգային օպերային թատրոն:

Նրա աշխատավայրից մեզ հայտնեցին, որ առայժմ Գ. Սարգսյանը ոչ մի ներկայացում չի ղեկավարել, եւ նրան հանձնարարված է աշխատել Դոնիցետիի «Պողիկտոս» եւ Վերդիի «Տրավիատա» օպերաների պարտիտուրների վրա: Դիրիժորի դասախոսից՝ Յուրի Դավթյանից տեղեկացանք, որ Գեւորգին «իր ձեռքն է գցել» ամերիկացի ճանաչված ագենտ Փիթեր Ֆլեմինգը, եւ այս համագործակցության շնորհիվ երիտասարդ դիրիժորը բեմ է դուրս եկել Իտալիայում, իսկ վերջերս ղեկավարել Վալենսիայի սիմֆոնիկ նվագախումբը: Յու. Դավթյանը նշեց, որ Գ. Սարգսյանը, լինելով շնորհալի դիրիժոր, հրավեր է ստացել Վալենսիայի կոնսերվատորիայից եւ այնտեղ անցկացրել վարպետության դասեր: Ավելին, դիրիժորի ագենտը Վալենսիայից անմիջապես հետո կազմակերպել է Գ. Սարգսյանի ուղեւորությունը Սանկտ Պետերբուրգ, որտեղ այս օրերին, 14 երկրների օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ, անցկացվում է երաժշտական գիտաժողով: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է գիտաժողովին Գ. Սարգսյանի մասնակցության նպատակը: Յու. Դավթյանը նախ շեշտեց, որ իր ուսանողը տիրապետում է 4 լեզվի՝ անգլերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, հետո էլ ավելացրեց. «Արտերկրյա ագենտները ճիշտ աշխատաոճ ունեն: Փիթեր Ֆլեմինգի նպատակն է Գեւորգին ներկայացնել գիտաժողովի մասնակից տարբեր օպերային թատրոնների ղեկավարներին»:

Փաստենք, որ թեեւ հայաստանյան որոշ բուհեր պատրաստում են մենեջերներ, սակայն մենեջերական ինստիտուտը մեր երկրում այդպես էլ չի կայանում: Մեր շնորհալի երիտասարդներին նկատում եւ նրանց ստեղծագործական քայլերն ուղղորդում են արտերկրի համապատասխան մասնագետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել