Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապատրաստված ուսուցիչներ՝ «հատուկ» աշակերտների համար

Մայիս 31,2007 00:00

\"\"Նրանք աշխատում են հաշմանդամ եւ կրթության հատուկ կարիք ունեցող շուրջ 700 երեխայի հետ:

Երեկ «Դեպի կրթություն բոլորի համար» թեմայով քննարկում էր հրավիրել «Հույսի կամուրջ» հ/կ-ն, որին ներկա էին ծրագրի միջազգային խորհրդատու Կլաուս Յանը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպության կրթական ծրագրերի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը եւ այլք: Ծրագիրը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին, իսկ նախաձեռնողներն են «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները եւ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը: Փորձագետ Կ. Յանի աջակցությամբ, աշխատանքային խումբը ստեղծել է ուսուցիչների վերապատրաստումների փաթեթը: Վերապատրաստվածները ձեռք են բերել կրթության համար ինտերակտիվ մեթոդների կիրառման գիտելիքներ ու համապատասխան հմտություններ: Այնուհետեւ մշակվել եւ ԿԳՆ-ին է առաջարկվել Ներառական կրթության հայեցակարգը, որն էլ հետագայում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Օրենքի ընդունումից հետո ԿԳՆ-ն կառավարության հաստատմանն է ներկայացրել հատուկ եւ ներառական դպրոցների ֆինանսավորման կարգը, եւ 2006 թվականից էլ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցները սկսել են բարձրացված չափաքանակով ֆինանսավորվել պետության կողմից:

Այսօր 6 ներառական եւ 6 հատուկ դպրոցներում սովորում է հաշմանդամ եւ կրթության հատուկ կարիք ունեցող շուրջ 700 երեխա: Երեկ «Հույսի կամուրջի» գրասենյակում ծրագրի շրջանակներում վկայականներ շնորհվեցին «Թեթեւ, չափավոր եւ ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ կրթության չափորոշիչների կիրառումը» դասընթացն անցած ուսուցիչներին: Վկայականներ տրվեցին նաեւ վերապատրաստող դպրոցներին, որոնցից են՝ Վանաձորի թիվ 1 հատուկ, Երեւանի թիվ 27, Նուբարաշենի թիվ 11, Գավառի թիվ 1 եւ Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցները:

Բանախոսները փաստեցին, որ «Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի աջակցությամբ ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների համար կրթական համակարգի հասանելիության հավասար հնարավորություններ են ստեղծվել, ինչը նպաստել է աշակերտների կրթական հաջողություններին: Մշակվել են թեթեւ, չափավոր ու ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ կրթության չափորոշիչները: 2005 թվականից էլ սկսվել է տարբեր դպրոցների շուրջ 257 ուսուցիչների վերապատրաստումը նաեւ այդ ուղղությամբ: Ներառական դպրոցներում հիմնադրվել են տվյալ դպրոցներում սովորող երեխաների ծնողների փոխօգնության խմբեր: Ամեն ամիս լույս է տեսնում «Կրթություն բոլորի համար» տեղեկատուն, որը նախատեսված է մանկավարժների, ծնողների ու խնդրով շահագրգիռ կառույցների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031