Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱԲԱՂԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ

Մայիս 31,2007 00:00

\"\"Չնայած գյուղերում դաբաղից հարյուրավոր անասուններ են սատկում, սակայն պատասխանատուները չեն ընդունում, որ համաճարակ կա:

Հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդության ուժեղ բռնկում է գրանցվել: Արդեն մեկ ամիս է՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերում անասունները մեկը մյուսի հետեւից վարակվում են դաբաղով ու սատկում՝ գյուղացիներին հասցնելով նյութական մեծ վնասներ:

Մասնավորապես Սիսիանի շրջանի գյուղերում վարակված անասունների թիվը հազարից անցնում է: «Առավոտի» հետ զրույցում Ախլաթյան գյուղի գյուղապետ Արմեն Բեգլարյանը հայտնեց, որ գյուղի ամբողջ գլխաքանակը՝ մոտ 700 անասուն, վարակվել է դաբաղով, որոնցից 2 կով, 15 մոզի եւ 45 հորթ արդեն սատկել են: Ըստ գյուղապետի, մայիսի 21-ից սկսած՝ իրենց կովերը հիվանդ են: Ավելին, այս գյուղում վարակվել եւ սատկել են նաեւ ոչխարները եւ նույնիսկ շները: Ա. Բեգլարյանի խոսքերով. «Ճիշտ է, կրիտիկական պահն անցել է, քանի որ մայրաքաղաքից մասնագետներ են եկել ու անասունների համար դեղորայք բերել, բայց մյուս ընտանի կենդանիների վարակվելու վտանգը դեռ առկա է»: Ախլաթյանում դեռ չէին հաշվարկել, թե հիվանդությունը գյուղացիներին որքան գումարի վնաս է հասցրել, սակայն, ըստ գյուղապետի՝ «Հսկայական: Կամփոփենք ու առաջիկայում փոխհատուցում ստանալու համար կներկայացնենք կառավարությանը»: Նրա խոսքերով, չնայած իրենց գյուղի անասուններն այդ հիվանդության դեմ ընդամենը մի քանի ամիս առաջ էին պատվաստվել, «սակայն, այնուամենայնիվ, վարակվեցին»:

Սիսիանի շրջանի Ույծ գյուղում դաբաղ հիվանդությամբ վարակվել է մոտ 250 գլուխ անասուն: Ույծի գյուղապետի տեղակալ Սլավիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ դա իրենց գյուղի անասունների գլխաքանակի մեծ մասն է կազմում: Ըստ փոխգյուղապետի, իրենց համայնքում հիմնականում տուժել են սարում գտնվող անասունները. «Այդ անասուններին սարից չենք իջեցնում, որ գյուղի մնացած անասուններին էլ չվարակեն: Մի խոսքով, խայտառակ վիճակ է՝ ամեն օր գյուղից մի տասը երիտասարդ գնում է սար, որ հիվանդ անասուններին խնամեն, դեղորայքով վերքերը մշակեն»: Ս. Հայրապետյանի տվյալներով, իրենց գյուղում մոտ 10 կով արդեն սատկել է: Այս գյուղում էլ անասուններին դաբաղի դեմ պատվաստել էին մեկ ամիս առաջ:

Շամբ գյուղի անասնաբույժ Սամվել Առաքելյանի խոսքերով էլ, գյուղի 120 գլուխ անասուններից վարակվել է մոտ 20-ը: Անասնաբույժի ներկայացմամբ, Շամբում հիվանդությունը, մարզի մյուս գյուղերի հետ համեմատած, «գերսուր ընթացք չի ունեցել եւ միայն մեկ հորթ է սատկել, այն էլ՝ հորթը գնել են ու մարզ բերել Լեռնային Ղարաբաղից»: Ըստ Ս. Առաքելյանի, մայիս ամսին Ղարաբաղից մոտ 1000 մանր եւ խոշոր եղջերավոր հիվանդ անասուններ են բերվել Սիսիանի շրջան, որոնք էլ հանդիսացել են մարզում դաբաղի տարածման հիմնական աղբյուրը: Շամբում էլ անասունները պատվաստվել են, սակայն դա նրանց չի փրկել:

Նկատենք, որ այն գյուղերում, որտեղ կենդանիները պատվաստանյութ ստացել են, դաբաղի տարածման վտանգը պետք է հնարավորինս քիչ լիներ: Ըստ մասնագետների, պատվաստված կենդանիները պետք է հիվանդությունը շատ թեթեւ տանեին եւ չսատկեին: Սակայն կատարվածը վկայում է այն մասին, որ կամ պատվաստանյութը ժամկետանց է եղել ու իր նպատակին չի ծառայել, կամ՝ անորակ: Որոշ անասնաբույժների մեկնաբանմամբ, հանրապետության անասունները հիմնականում պատվաստվում են պետպատվերի շրջանակներում՝ տեղական արտադրության պատվաստանյութերով, որոնք այնքան էլ որակյալ չեն: Ըստ մասնագետների, լավորակ պատվաստանյութերը ռուսական են, որոնք վաճառվում են դեղատներում եւ գյուղացիների համար մատչելի չեն:

Ուշագրավ է, որ հանրապետության գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղիյանը, ով պատասխանատու է անասունների առողջության համար, երեկ «Առավոտի» հետ զրույցում խուսափեց դաբաղի համաճարակի մասին որեւէ տեղեկություն հայտնել: Չնայած մոտ 1 ամիս է՝ գյուղերում հարյուրավոր անասուններ են վարակվում ու սատկում, բայց գլխավոր անասնաբույժը որեւէ տվյալ չուներ, թե դաբաղից երեկվա դրությամբ քանի անասուն է տուժել: Ավելին, նա պնդում էր, որ ամեն ինչ վերահսկողության տակ է եւ ոչ մի համաճարակ էլ չկա: Մեր հարցին, թե քանի անասուն պետք է վարակվի եւ սատկի, որ երեւույթը դիտվի որպես համաճարակ, պարոն Բաղիյանը հրաժարվեց անգամ մասնագիտական մեկնաբանություն տալ: Նա միայն ասաց, որ վարակը Հայաստան է ներթափանցել Իրանից. «Վայրի խոզերից անցել է ընտանի կենդանիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել