Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ

Մայիս 31,2007 00:00

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարց տվեց. «Ինչո՞ւ է պորտֆելներ տալիս, երբ կարող էր չտալ:

Հիմա պորտֆել տալու նպատակը նախագահական ընտրություններն ապահովելն է»: Նաեւ կանխատեսեց, թե Անդրկովկասում ինչ պատկեր կստեղծվի, եթե Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ. «Ալիեւ, որն ավարտել է ՄԳԻՄՕ, աշխարհում բազմաթիվ կապեր ունի: Սահակաշվիլի, որը միջազգային կապեր ունի, միջազգային կրթություն է ստացել: Եվ երեկոյան բանասիրականն ավարտած Սերժ Սարգսյան: Ու նրանք իրար հետ բանակցություննե՞ր են վարելու: Իրար հավասա՞ր են զգալու եւ իրար հետ խոսելո՞ւ են: Ես գտնում եմ, որ անհեթեթություն է դա: Ես գտնում եմ, որ նրանք, ովքեր քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին՝ քվեարկելու են պատերազմի համար: Երբ Ադրբեջանն օրեցօր ուժեղանում է, իսկ մեր քայլերը միշտ հետ են ընկնում Ադրբեջանից՝ սա նշանակում է դիմացինին դրդել պատերազմի»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների մասնակցությանը 2008-ի ընտրություններին, ԱԺՄ նախագահը կանխատեսեց, որ եթե միասնական թեկնածու չլինի՝ «ապա ո՛չ ժողովրդին հնարավոր կլինի համախմբել, ո՛չ կազմակերպել տեղերում, որ կեղծիքները մինիմումի հասցվեն, ո՛չ էլ հնարավոր կլինի հաղթել»: Նա պնդեց, թե ինքն է հարմարը միասնական թեկնածուի համար: Իսկ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով Հրանտ Բագրատյանի տեսակետը, թե «աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ, որ պարտված քաղաքական գործիչը նորից առաջադրի իր թեկնածությունը»՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Բագրատյանն այնքան էլ լավ չի տիրապետում այն նյութին, որի մասին խոսել է: Կարող եմ նրան խորհուրդ տալ, որ կարդա Նիքսոնի կենսագրությունը, որը ժողովրդավարական երկրում մի քանի անգամ պարտվելուց հետո դարձավ նախագահ»: ԱԺՄ նախագահը նաեւ նշեց, որ Հրանտ Բագրատյանը խոսում է այն թիմի կողմից, որը 1996-ին «հաղթած նախագահի դեմ տանկեր էր հանել: Եթե նա դա պարտություն է համարում՝ իր գործն է»:

Վազգեն Մանուկյանը թեեւ ասաց, որ չի տեսնում մեկին, որի համար ինքը կզիջեր իր թեկնածությունը, բայց ընդգծեց. «Ես ցանկացած անսպասելի քայլի էլ կդիմեմ միայն նրա համար, որ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը փոխվի Հայաստանում»: Եվ պարզաբանեց, թե անսպասելիությունը դուրս չի լինի սահմանադրական շրջանակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031