Այդպես է, համենայնդեպս, կարծում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը
Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն ու այդ կուսակցությանը մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելուն աջակցող «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն իրենց համատեղ ասուլիսում վստահեցրին, թե ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների եւ կեղծիքների մասին վկայող ՆԺԿ-ի՝ ՍԴ-ին ներկայացված փաստերն այնքան հիմնավոր են, որ եթե ՍԴ-ն օբյեկտիվ լինի, դրանց չարձագանքել չի կարող: Իսկ արձագանքել ասելով, Ա. Կարապետյանը նկատի ուներ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշում կայացնելը: Իսկ մինչ ՍԴ-ն կսկսի փաթեթով քննարկել ՆԺԿ-ի եւ ՍԴ դիմած մյուս ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դիմումները, Ա. Կարապետյանն արդեն պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին: Նկատի ունենալով, որ նախագահական նախորդ՝ 2003թ. ընտրությունների ժամանակ Ա. Կարապետյանն իր թեկնածության առաջադրման ժամանակ քաղաքացիության հետ կապված խնդիրներ էր ունեցել, երեկ նա հարկ համարեց հայտարարել, որ այս անգամ ինքը փաստաթղթերի հետ կապված որեւէ խնդիր հաստատապես չունի, որովհետեւ 1992թ.-ից ի վեր հաշվառված է ՀՀ-ում, այլ երկրի քաղաքացի չէ եւ չի պատրաստվում դառնալ:
Անդրադառնալով ընդդիմության՝ միասնական թեկնածուով 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակահարմարությանը՝ Ա. Կարապետյանը կարծիք հայտնեց, թե դա իշխանությունների կողմից նետված խայծ է: Ըստ նրա, ճիշտ չէ ընդդիմությանն առաջադրել անլուծելի խնդիրներ, առավել եւս, որ, Ա. Կարապետյանի դիտարկմամբ, միասնական թեկնածու առաջադրելու ո՛չ անհրաժեշտություն, ո՛չ էլ հնարավորություն կա: Այդ հնարավորության բացակայությունը նա արձանագրեց՝ վկայակոչելով «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ բոլորից առաջ արած հայտարարությունը նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին: Իսկ ընդդիմության միասնական թեկնածուն, ՆԺԿ նախագահի ասելով, ի հայտ կգա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Առաջին փուլը հաղթահարած ընդդիմադիր թեկնածուն էլ հենց, Ա. Կարապետյանի մատուցմամբ, կարող է դառնալ միասնական թեկնածու: Մյուս կողմից, կուսակցության նախագահը իշխանություններին հորդորեց ընդդիմության անելիքների շուրջ դատողություններ անելու փոխարեն քննարկել իշխանության միասնական թեկնածու առաջադրելու մասին, որովհետեւ, ըստ նրա, իշխանությունն այդ առումով ինքը մտածելու առիթ ունի՝ արդյոք ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը» կպաշտպանե՞ն Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Շարունակելով նախագահական առաջիկա ընտրությունների թեման՝ երեկ Ա. Կարապետյանը հայտարարեց, թե այդ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար Մոսկվայից Երեւան կժամանեն իր կինն ու եղբայրը, որը Հայաստանում ներկայացվում է որպես «հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող» մարդ: Թե ինչու է իր ընտանիքն ապրում Մոսկվայում՝ Ա. Կարապետյանն արդեն ասել է. որովհետեւ Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է, ուստի՝ ճիշտ է ընտանիքը դրսում պահելը: Ա. Կարապետյանն, այդուամենայնիվ, երեկ փաստեց նաեւ, որ «դրսում» էլ 100 տոկոսանոց ապահովություն չկա: Նրա մատուցմամբ, Երեւանում «ապրիլյան» դեպքերից հետո Մոսկվայում ապրող իր ավագ դստերը փորձել են առեւանգել: