Պնդում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը
Մինչ ընտրությունները Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե ստեղծվել է Ազգային ժողովի բազմակուսակցական աշխատանքային խումբ, որը պիտի համագործակցի միջազգային դիտորդների հետ, արձագանքի ահազանգերին եւ շտկի նկատված թերությունները: Սակայն ընտրությունների ընթացքում հայտնի չդարձավ այս խմբի կատարած աշխատանքի մասին: Մեր հարցին՝ չգործե՞ց այդ խումբը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, չգործեց: Խմբի քարտուղարությունն աշխատեց, փաստաթղթեր նախապատրաստեց եւ այլն: Բայց խումբը, որպես այդպիսին, չգործեց մի պարզ պատճառով»: Եվ հիշատակեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 3-րդ միջանկյալ զեկույցի մի դրույթ, ըստ որի՝ այդ աշխատանքային խումբը դիմել է միջանկյալ զեկույցների բովանդակության մասին նախապես տեղեկանալու համար, իսկ իրենք պատասխանել են. «Դիմումի բավարարմամբ կխախտվի ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հարգանք վայելող մեթոդաբանությունը»: Տիգրան Թորոսյանն այս կապակցությամբ նշեց. «Եթե իրենք չէին ուզում՝ որեւէ մեկը չէր կարող ստիպել», սակայն հիշատակեց, որ մինչ աշխատանքային խմբի ձեւավորումը՝ շուրջ 2 ամսվա ընթացքում քննարկումներ են եղել դրա վերաբերյալ, եւ ասենք, պրն Շտրոհալը ողջունել էր այդ նախաձեռնությունը՝ համարելով շատ օգտակար, իսկ պրն Ֆրլեցը համարել էր շատ հետաքրքիր գաղափար:
3-րդ միջանկյալ զեկույցից հետո ԱԺ նախագահը նամակ հղեց պրն Ֆրլեցին, նշելով, թե դրա «մի շարք արձանագրումներ զուրկ են որեւէ հիմնավորումից եւ որեւէ կապ չունեն ընտրական գործընթացների հետ, ակնհայտորեն հնարովի են եւ տպավորություն են ստեղծում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ եւ գոյություն ունեն ինչ-ինչ միտումներ»: Միջազգային դիտորդների մայիսի 13-ի հայտարարությունից հետո Տիգրան Թորոսյանը սկսեց վկայակոչել նրանց եզրակացությունը որպես ապացույց, թե այս ընտրություններն աննախադեպ էին եւ ընդհանուր առմամբ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Իսկ այժմ հրապարակվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետընտրական զեկույցը, որը զգալիորեն տարբերվում է նախորդ բոլոր զեկույցներից եւ հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը: Մեր հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է բացատրում զեկույցների այս վայրիվերումները՝ ԱԺ նախագահը նախ ասաց, թե Ֆրլեցին իր նամակը ոչ թե ընդհանուր միտումնավոր վերաբերմունքի մասին էր, այլ որոշ լուրջ թերությունների. «Համաձայն չեմ, որ գնահատականներում կան վայրիվերումներ: Համոզված եմ, որ ոչ թե իրենց մոտեցումն է փոխվել, այլ ուղղակի գործընթացն է այլ: Եվ հետընտրական գործընթացը գնահատելիս ի վերջո պետք է խոսվեր թերությունների մասին: Հայ իրականության մեջ մի տարօրինակ բան կա՝ շատ հաճախ այս կամ այն կառույցի կամ մարդկանց կարծիքը փորձում են բացատրել այնպես, ինչպես հարմար է իրենց: Ավելին, հաճախ լիարժեք չի ընկալվում կարծիքի եզրաբանությունը կամ ոճը, եւ մարդիկ ամեն ինչ սովորաբար վերածում են սեւ ու սպիտակի»:
Սակայն արդյոք նպատակահարմար մեկնաբանությունների կամ ընկալման խնդիրների մասին տեղի՞ն է խոսելը, երբ գնահատականների հստակ տարբերություններ կան զեկույցներում: Ասենք՝ դիտորդների նախնական եզրակացության մեջ նշված էր, թե Հայաստանն «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում», իսկ հետընտրական զեկույցում նշված է. «Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ շեղումներ՝ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը»: Մեր հարցին, թե արդյոք սրանք էապես տարբերվող գնահատականնե՞ր չեն՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Քանի որ առաջին կարծիքը նախորդ փուլերի մասին էր, իսկ երկրորդը՝ վերջին փուլերի, այսինքն՝ հետընտրական գործընթացների: Եվ, անկասկած, եղել են անհամապատասխանություններ. որեւէ մեկը չի ժխտում: Բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ սա չի փոխում ընդհանուր գնահատականը: Իհարկե, եթե կա թեկուզ մեկ խախտում՝ այն անվստահություն է առաջացնում ընտրությունների նկատմամբ»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը 41 ընտրատարածքային հանձնաժողովներից 39-ում դիտարկելով արդյունքների ամփոփումը՝ նշել էր, թե 35 տոկոսի դեպքում «տեղամասային հանձնաժողովների անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ տեղամասային հանձնաժողովը արգելված գործողություն է կատարել՝ փոխելով արձանագրության սկզբնական տվյալները»: ԱԺ նախագահն այսպես մեկնաբանեց հետընտրական զեկույցի այս տվյալները. «Արձանագրենք, որ 65 տոկոսում ընդհանրապես թերություն չի եղել: Իսկ արձանագրություններ լրացնելու հետ կապված դժվարությունները չեն նշանակում, թե ընտրությունները կեղծվել են: Սա նշանակում է, որ եղել են տեխնիկական թերություններ: Ցավոք, այդ բազմաթիվ հանձնաժողովներում, իմ կարծիքով, մարդիկ լիարժեքորեն չեն տիրապետում այն ունակություններին եւ գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են ամեն ինչ անթերի լրացնելու համար»:
Դիտորդներն արձանագրել են այսպիսի կոպիտ խախտում՝ Էջմիածնի թիվ 19 ԸԸՀ-ում «քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել են ՀՀԿ քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ընտրատարածքային հանձնաժողովի տարածք»: Տիգրան Թորոսյանի կարծիքով՝ այս, ինչպես նաեւ հետընտրական զեկույցում արձանագրված այլ խախտումների մասին հստակ վերաբերմունք պիտի արտահայտի ԿԸՀ-ն. «Համոզված եմ՝ շահագրգիռ կողմի, տվյալ դեպքում՝ ՀՀԿ-ի բացատրությունը թերի կլինի: Այդ պատճառով, ճիշտ կլինի, եթե ԿԸՀ-ն պարզաբանում տա այս ամենին, իսկ դրանից հետո մենք կներկայացնենք մեր մեկնաբանությունները»: Սակայն դիտորդների արձանագրած մեկ այլ արգելված գործողությունը՝ «14 ԸԸՀ-ներ փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել ՏԸՀ-ների արձանագրություններում ամփոփված «սկզբնական տվյալները»՝ արդեն իսկ մեկնաբանեց. «Այդ փոփոխությունները բացարձակապես չեն վերաբերել քվեարկության արդյունքներին՝ տողեր են խառնել եւ այլն: Իրենց արձանագրումներից հետեւություն եմ արել, որ նկատված թերությունների ճնշող մեծամասնությունը տեխնիկական է եւ ոչ՝ ընտրության արդյունքների վրա ազդող բնույթի»: