Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ՎԱՃԱՌՎԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՔ

Մայիս 31,2007 00:00

\"\"«Երբ թշնամիդ քեզ գովում է՝ պետք է զգուշանաս»,- վստահ է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը

– Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չանցան խորհրդարան, ակնհայտորեն խիստ տխուր եւ հուսահատված տրամադրություններ ունեն. ՀԺԿ-ն ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա անելիքները:

– Եթե կուսակցությունը չի հայտնվելու ԱԺ-ում, ամենեւին չի նշանակում, որ այն չկա, գոյություն չունի, եւ դա վերջն է: Մեր կուսակցությունը երբեք էլ չի սահմանափակվել միայն խորհրդարանական աշխատանքով՝ այսօր արդեն սկսվել են նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, եւ մենք շատ անելիք ունենք:

– Ուզում եք ասել, որ ՀԺԿ նախագահը 2008-ին առաջադրվելո՞ւ է որպես նախագահի թեկնածու:

– Կարծում եմ՝ ցանկացած ազդեցիկ քաղաքական ուժ այսօր պետք է զբաղվի այդ ուղղությամբ: Մենք զբաղված ենք նաեւ ընտրությունների ժամանակ կատարված ապօրինությունների մասին նյութերը տրամադրելով, գիտեք, որ մի քանի քաղաքական ուժեր արդեն դիմել են ՍԴ, եւ մեր կողմից հավաքված նյութերը այդ դիմումներում մեծ թիվ են կազմում:

– Մենք տեղեկություններ ունենք, որ ե՛ւ ՀԺԿ-ից, ե՛ւ խորհրդարան չանցած այլ կուսակցություններից շատ անդամներ են հեռանում:

– ՀԺԿ-ի մասով ձեր տեղեկությունները մի քիչ չափազանցված են, «շատ» բառը տեղին չէ, բոլոր ժամանակներում էլ կուսակցություններից մարդիկ են հեռանում, նոր մարդիկ են մտնում, եւ ՀԺԿ-ն բացառություն չէ այս ցանկում:

– Ըստ որոշ վերլուծությունների, ՀԺԿ-ն չկարողացավ անցնել խորհրդարան, որովհետեւ 2003-ից հետո կուսակցությունը ոչ մի նոր խոսք չի ասել, եւ շարունակ նույնն էիք ասում՝ պատժել կեղծարարներին, այսինքն՝ որեւէ նոր քայլ ձեր կուսակցությունը չի արել, եւ այդ պատճառով էլ ստացավ այն, ինչ ստացավ:

– Այդ «վերլուծաբանները» երեւի մտածում են, որ նոր խոսքը պետք է լիներ այն, որ հայտարարեինք, թե պետք չէ պատժել կեղծարարներին, պետք չէ երկրում օրինական իշխանություն, պետք չէ ժողովրդավարություն: Եթե սա համարվում է նոր խոսք, իհարկե, մենք այդպիսի խոսք չենք ասել եւ չենք ասելու: Մենք միշտ ասել ենք, որ մեր երկրի ապագան ժողովրդավարությունն է, արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելը, եւ ժողովուրդը պետք է լինի գործոն, ոչ թե գործիք, ինչպես եղավ այս ընտրություններին: Այս իշխանությունները ժողովրդին սարքեցին գործիք, եւ շատ ցավալի է, որ որպես գույք շատ-շատ մարդիկ վաճառվեցին: Գործոն հանդիսացող ժողովրդին հենց այդպես վերածեցին գործիքի, երբ այս նույն ժողովուրդն ունի Եռաբլուր, երբ այս նույն ժողովուրդը հաղթել է պատերազմում, այդպիսի ոգի ունեցող ժողովրդին իջեցրին, սարքեցին բոմժի հոգեբանությամբ ժողովուրդ: Սրա մասին պետք է մտածել:

– ՀԺԿ-ն չի դիմել ՍԴ, սակայն կարծես բավականին տվյալներ եք տրամադրել, ի՞նչ սպասելիք ունեք դատարանից:

– Մեր գործընկերները, որոնք այս տարիների ընթացքում հումորով էին խոսում մեր նշած սահմանադրական ճանապարհի մասին, այսօր իրենք են դիմել դատարան, եւ մենք դրա համար միայն ուրախ ենք, իրենք եւս գնում են սահմանադրական ճանապարհով: Նյութերի զգալի մասը մեր կողմից է տրամադրվել, մենք սատարում ենք նրանց եւ աջակցում ենք այդ գործընթացին:

– Նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ դրական վերաբերմունք կար ՀԺԿ-ի հանդեպ, ամենից շատ ձեզ էին ցուցադրում Հանրայինով: Բայց դուք շատ քիչ ձայն ստացաք. կուսակցության ներսում քննարկե՞լ եք՝ ինչու այդքան քիչ ստացաք:

– Ընտրությունները կեղծված են, եւ ասել, թե քիչ եք ստացել՝ պարզապես լուրջ չէ, որովհետեւ ի՞նչ է նշանակում կեղծված, նկարված ընտրությունների պարագայում հաշվել, թե ինչքան ես ստացել: Ուրեմն, Հանրապետականը իրոք 500 հազար ձա՞յն է ստացել, իհարկե՝ ոչ: Պարզ է, որ դա ֆարս է, եւ ընտրություն՝ որպես այդպիսին, չի եղել: Եվ հետո, այսպիսի մի խոսք կա. երբ թշնամիդ քեզ գովում է՝ ուրեմն զգուշացիր: Իսկ մենք այդքան միամիտ չենք եւ շատ լավ հասկանում էինք, թե ինչ է կատարվում. պարզ երեւում էր, որ այդ ամենը իշխանության համապատասխան կառույցների գործունեության արդյունք է: Ո՞ւմ համար պարզ չէ, որ Հանրային հեռուստատեսությունը Քոչարյանի խոսափողն է, նախագահականի եւ վարչախմբի խոսափողը: Եվ չկարծեք, թե մեզ համար հաճելի էր, երբ նույն Հանրայինի աշխատողները շարունակ մեր պոչից կպած մեզ հետեւում էին: Եվ եթե մեր հանդիպումները բազմամարդ էին՝ իրենք չէին կարող այլ բան ցույց տալ:

Հ. Գ. Երեկ, երբ մեր թղթակիցը ՀԺԿ գրասենյակում հարցազրույց էր վարում կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, կուսակցության գրասենյակ զանգահարեց մեկը եւ ներկայացավ որպես «Առավոտի» լրագրող: Օգտվելով այն հանգամանքից, որ մեր թղթակիցը գտնվում էր գրասենյակում, կուսակցության նախագահի օգնականը հեռախոսը փոխանցեց մեր լրագրողին, ասելով, որ այդ թերթից արդեն մեկ լրագրող իրենց կուսակցության գրասենյակում է: Անանուն զանգահարողը ուղղակի հանկարծակիի եկավ, սակայն դեռ շարունակում էր պնդել, թե ինքը մեր թերթի աշխատակից է: Պարզվեց՝ սովորական շանտաժիստ է: Մենք ունենք նրա հեռախոսահամարը, քանի որ գրասենյակի հեռախոսի վրա այն ֆիքսվել է՝ 35 33 85: Խնդրում ենք բոլոր կուսակցություններին, ինչպես նաեւ հիմնարկներին եւ գերատեսչություններին՝ «Առավոտի» անունից ցանկացած կասկածելի զանգի կամ այցելության դեպքում կապվել խմբագրության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել