Երեկ տիեզերքի ամենագեղեցիկ աղջիկ հռչակվեց ճապոնուհի Ռիյո Մորին
Մեխիկոյում կայացավ «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 77 երկիր: Շքեղ միջոցառմանը հետեւում էր 1 մլրդ հեռուստադիտող՝ 170 երկրից, իսկ Հայաստանում մրցույթը դիտելու հնարավորություն տրվեց «Շանթ» TV-ի միջոցով:
«Միսս տիեզերքում» աղջիկները հանդես եկան ազգային տարազով, լողազգեստներով, երեկոյան հանդերձներով, նրանց մի մասը ցուցադրեց իր ինտելեկտուալ հնարավորությունները՝ պատասխանելով ժյուրիի անդամների հարցերին: Նկատենք, որ դրանք հաճախ ինտելեկտը բացահայտելու հետ ամենեւին կապ չունեին: Օրինակ, գեղեցկուհիներից մեկին հարցրին՝ կուզենա՞ր հախուռն բնավորությամբ մարդու հետ շփվել, մեկ ուրիշին դիմեցին հետեւյալ հարցով՝ եթե գերբնական ուժով օժտված լինեիք՝ ի՞նչ կանեիք… Աղջիկներն էլ նույնքան անհետաքրքիր պատասխաններ հնչեցրին: Աստիճանաբար գեղեցկուհիները «մաղվեցին»՝ 77-ից ընտրվեց լավագույն 15-ը, հետո՝ 10-ը, այնուհետեւ 5-ը եւ վերջապես՝ «Միսս տիեզերք-2007»-ը:
Եթե լավագույն 15-ի մեջ ժյուրիի որոշմամբ տեղ էին գտել Ուկրաինայի, Դանիայի, Չեխիայի, Սլովենիայի ներկայացուցիչները, ապա 10-յակում՝ ոչ մի եվրոպացի չկար: Այստեղ էին Բրազիլիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Անգոլայի, Վենեսուելայի, Ամերիկայի, Կորեայի, Տանզանիայի, Նիկարագուայի եւ Մեքսիկայի գեղեցկուհիները: Ընդ որում, լավագույն 15-ի մեջ գոնե 2 շիկահեր կար՝ Սլովենիայի եւ Չեխիայի գեղուհիները: 10-յակում հայտնվածները կամ սեւամորթ էին, կամ թխամաշկ ու շեղաչք: Իսկ տանզանուհին առանձնանում էր ոչ միայն տարիքով (16 տարեկան էր), այլեւ «սանրվածքով»՝ նրբակազմ ու անուշիկ ժպիտով այս «շոկոլադուհին»՝ Ֆլավիանա Մատատան… սափրագլուխ էր: Ինչ վերաբերում էր սեւուկ ամերիկուհուն՝ Ռեյչլ Սմիթին, նա սայթաքեց ու վայր ընկավ բեմի վրա, սակայն այդ միջադեպը բոլորովին էլ չանդրադարձավ ոչ նրա հպարտ կեցվածքի ու լայն ժպիտի, ոչ էլ հետագայում՝ լավագույն 5-յակում հայտնվելու վրա: Հնգյակը, բացի ամերիկուհուց, ձեւավորեցին 2 ասիացի, 2 լատինաամերիկացի՝ վենեսուելացի Լի Ջոնայթիսը, կորեուհի Հանի Լին, բրազիլուհի Նատալի Գիմարայսը եւ ճապոնուհի Ռիյո Մորին: Այս մրցույթում եւս իշխող էր այն միտումը, որ «մարմարյա» շիկահերներն այլեւս ժամանակավրեպ են եւ ասպարեզը թխամաշկ ու թխահեր կանանց է պատկանում: «Միսս տիեզերքում» կար նաեւ 2 անվանակարգ՝ «Միսս ֆոտոգենություն» եւ «Միսս համերաշխություն»: Առաջին տիտղոսը շնորհվեց ֆիլիպինուհի Աննա Թերեզա Լիքարոսին, երկրորդը՝ չինուհի Նինգնինգ Զհանգին:
«Միսս տիեզերք-2007» հռչակվեց 20-ամյա ճապոնացի պարուհի Ռիյո Մորին: «Միսս տիեզերք-2006» Սուլեյկա Ռիվերա Մենդոսի ձեռքով նրան փոխանցվեց $250000 արժողությամբ ադամանդակուռ թագը, որ ստեղծել էր ճապոնացի ոսկեգործ Միկիմոտոն: Հաղթողը, ի թիվս այլ պարգեւների, ստացավ $30000 արժողությամբ ժամացույց, մեկ տարով նյույորքյան բնակարանում ապրելու եւ 2 տարի՝ Նյու Յորքի կինոակադեմիայում, որտեղ տարեկան վարձը շուրջ $100000 է, սովորելու իրավունք, մի ամբողջ զգեստապահարան հագուստ, կոշկեղենի հավաքածու: Երկրորդ տեղը գրավեց բրազիլացի գեղեցկուհի Նատալի Գիմարայսը, երրորդը՝ վենեսուելացի Լի Ջոնայթիսը:
«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մեր երկիրը մասնակից չուներ «Միսս տիեզերքում»: «Մենք եւս կունենանք: Դրա համար նախ պետք է մասնակցենք «Միսս Եվրոպային», հետո՝ «Միսս աշխարհին», նոր միայն՝ «Միսս տիեզերքին»: Չեմ կարծում, թե մեր աղջիկները չեն կարող նման մրցույթների մասնակցել, ուղղակի որոշակի դպրոց պիտի նախ անցնեն»,- ասաց գործակալության նախագահը: Այս մասին Կ. Արիստակեսյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում: