Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆՈՒՄ ԿՄՐՑԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԸ

Մայիս 30,2007 00:00

\"\"Իսկ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Տիգրան Ալիխանովը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթը կմեկնարկի մայիսի 30-ից հունիսի 6-ը, կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում: Հիշեցնենք, որ Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի կողմից հայտարարված մրցույթը որոշվեց դարձնել ամենամյա եւ այնտեղ հերթագայեն դաշնակահարները, ջութակահարները եւ թավջութակահարները: Այս տարի կմրցեն դաշնակահարները: Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կկայանա մրցույթի վիճակահանության եւ հանդիսավոր բացման արարողությունը: Երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգան Խաչատրյանի անվան մրցույթի անցյալ տարիների դափնեկիրներ, դաշնակահար Թ. Կիկնաձեն (Վրաստան), ջութակահար Մ. Յավրյանը եւ թավջութակահար Ս. Կոսեմյանը:

Հանդիպեցինք մրցույթի համանախագահ եւ գեղարվեստական ղեկավար, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանին, որից հետաքրքրվեցինք մրցույթի աշխարհագրությամբ, ժյուրիի կազմով ու բյուջեով, մրցանակներով եւ հնարավոր փոփոխություններով: Պարոն Սարաջյանը պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ մրցույթին կմասնակցի 25 դաշնակահար՝ 5 երկրից. «Այս տարի փոքր-ինչ սեղմ է մրցույթի աշխարհագրությունը: Պատճառը մեկն է՝ խաչատրյանական մրցույթի օրերին Մոսկվայում մեկնարկում է աշխարհին վաղուց հայտնի Չայկովսկու անվան միջազգային մրցույթը»: Նա ներկայացրեց ժյուրիի հեղինակավոր կազմը. «Ժյուրիի նախագահն է Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Տիգրան Ալիխանովը, անդամներն են՝ Վրաստանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Մանանա Դոիջաշվիլին, Էստոնիայի երաժշտության ակադեմիայի ռեկտոր Պիիպ Լասմանը, Պոզնանի երաժշտության ակադեմիայի ռեկտոր Բոգումիլ Նովիցկին, Մերիլենդի համալսարանի եւ Քոլեջ Փարկի (ԱՄՆ) պրոֆեսոր Լարիսա Բեդովան եւ Երեւանի պետկոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Յավրյանը»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ մրցույթի կազմկոմիտեի սահմանած մրցանակները. 1-ին մրցանակ՝ $15.000, ոսկե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ, 2-րդ մրցանակ՝ $10.000, արծաթե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ, 3-րդ մրցանակ՝ $5.000, բրոնզե մեդալ եւ դափնեկրի դիպլոմ. «Երրորդ փուլին մասնակցած եւ դափնեկիրներ չդարձած մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմներով եւ 2.000-ական դոլարով»: Պրն Սարաջյանը նշեց, որ տարբեր երկրներում կայացած դասական երաժշտության մրցույթները անցկացման կարգով իրարից համարյա չեն տարբերվում. «Բայց այս տարի մենք մտածում ենք, որ երրորդ փուլում մինչեւ հիմա պարտադիր համարվող Խաչատրյանի Դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի փոխարեն երաժշտին հնարավորություն տրվի իր հայեցողությամբ կատարել այլ հեղինակի որեւէ կոնցերտ»: Մրցույթի անցկացման ծախսերի մասին էլ Ս. Սարաջյանը շեշտեց, որ մրցութային ֆոնդը, որ տրամադրում է կառավարությունը, կազմում է 40 մլն դրամ. «Իհարկե, կան նաեւ հովանավորներ: Ուզում եմ առանձնացնել «Մարիոթ» եւ «Անի պլազա» հյուրանոցները, որոնք հոգում են մասնակիցների կեցությունն ու սնունդը, «Գինդ» տպագրատունը եւ այլն»:

Ս. Սարաջյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է պատահում, որ, օրինակ, անցյալ տարի տարբեր մրցույթների առաջին մրցանակների արժանացած երիտասարդ, բայց արդեն ճանաչված թավջութակահար Դենիս Ժդանովը Ա. Խաչատրյանի անվան մրցույթում արժանացավ ընդամենը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Պրն Սարաջյանը նկատեց, որ ժյուրիի անդամներն էլ ունեն տարբեր ճաշակ ու նախասիրություն. մեկը, օրինակ, նախընտրում է ակադեմիական կատարում, մյուսը՝ ռոմանտիկ եւ այլն. «Նշանակություն ունի նաեւ, թե որ կատարողից հետո ես հանդես գալիս կամ այդ պահին ինչ հոգեվիճակում ես գտնվում… Իսկ ժյուրին գնահատում է այդ պահին քո ներկայացրած արվեստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել