Ադրբեջանից արտագաղթած հայ ընտանիքին արտաքսել են Դանիայից Հայաստան, բայց պատմական հայրենիքում նրան չեն պատրաստվում որեւէ կարգավիճակ տալ:
«Առավոտի» զրուցակիցը՝ Հովհաննես Ջալադյանը, իրեն վստահ չի զգում այն օրվանից, երբ արտաքսել են Դանիայից: Նա ծնվել է Ադրբեջանում, կազմել ընտանիք մեկի հետ, որի հայրն ադրբեջանցի է, մայրը՝ հայ: Հայ-ադրբեջանական բախումների ժամանակ՝ 1989-ին, Ջալադյանն իր երկու աղջիկների հետ մեկնել է Ռուսաստան (ինչպես ինքն է ասում՝ նախկին սովետական անձնագրով), այնտեղ ապրել է երկար տարիներ, ապա հայտնվել է Դանիայում: «7 ամիս մենք մնացինք Դանիայում, իմ նպատակն էր քաղաքական ապաստան ստանալ: Դիմեցի դատարան, սակայն դատարանը մերժել էր իմ դիմումը, պատճառաբանելով, թե մենք ադրբեջանցի ենք»,- պատմում է զրուցակիցս:
Հովհ. Ջալադյանը դիմում է ե՛ւ ՀՀ, ե՛ւ Ադրբեջանի դեսպանատներ: ՀՀ դեսպանատունը մերժել է Ջալադյաններին, ասելով, թե նրանց չի ճանաչում որպես իր քաղաքացիներ, իսկ ադրբեջանական կողմը դանիական կառավարությանը ներկայացրել էր, թե իր պետությունում 10-30 հազար հայ է ապրում, այն էլ՝ անվտանգ, ու ոչինչ չի կարող խանգարել այդ ընտանիքին Ադրբեջան մեկնելու համար:
Դանիայի կառավարությունը 2006թ. մերժել էր Ջալադյաններին տալ քաղաքական ապաստան: Մինչ արտաքսելը՝ Ջալադյանը իմանալով, որ Դանիայում է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պատվիրակությունը, փորձել էր հանդիպել նրանց: Հանդիպել էր անվտանգության հարցերով պատասխանատու Դավիթ Սարգսյանի հետ, որը հընթացս վիրավորել էր հայ փախստականին, նրան անվանելով «թուրք»: Վեճին ստիպված միջամտել են տեղի ոստիկանները:
Մի օր էլ առանց զգուշացնելու Ջալադյանների ընտանիքին տոմս են առնում, արտաքսում Հայաստան՝ հնարավորություն չտալով, որ նրանք իրենց հետ վերցնեն անգամ տնային իրերը: Հայտնվելով Հայաստանում, Ջալադյանը երկու օր մնում է մեր օդանավակայանի չեզոք գոտում, իր բնորոշմամբ՝ զրկված լինելով տարրական կենցաղային սպասարկման հնարավորություններից: Նա դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարին, որտեղից այս տարվա մայիսի 8-ին ստանում է պատասխան:
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ «Համաձայն դանիական իշխանությունների՝ հայկական կողմին տրամադրած տվյալների, այդ երկրում ձեզ եւ ձեր ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու որեւէ հիմքեր չեն արձանագրել, ինչի հետեւանքով ձեր ընտանիքը ենթակա էր Դանիայից վտարման: Դանիական միգրացիոն կազմակերպությունները իրենց իսկ կողմից կատարած ուսումնասիրություններով, այդ թվում, նաեւ լեզվաբանական, նշել են, որ կատարելապես տիրապետում եք հայերենին, նրանց բնորոշմամբ՝ բնիկ հայաստանցու: Դուք եւ ձեր ադրբեջանցի ներկայացող կինը բացարձակ չեք տիրապետում ադրբեջաներենին, իսկ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել եք Հովհաննես Ջալադյան անուն-ազգանունով ծննդյան վկայական, որի պատկանելությունը ձեզ՝ որեւէ կերպ չեք կարող ապացուցել»: Ի դեպ, «Առավոտում» էլ Ջալադյանը իր խնդիրը ներկայացնում էր ռուսերեն:
Ըստ ԱԳՆ-ի, դանիական կողմը ներկայացրել էր նաեւ ազերիների պատասխանը, ըստ որի՝ նրանք նույնպես հրաժարվել էին Ջալադյաններից: Ակնարկված ծննդյան վկայականն առանց լուսանկարի է, հետեւաբար՝ անձը հաստատող ապացույց չի կարող դիտվել: Եվ չի դիտվել:
Փախստականը, որը ասում է, թե չունի, անձը հաստատող որեւէ տեղեկանք, երեկ «Առավոտին» ասաց, որ իր դեմ հնարավոր է մաքսային կոմիտեի կողմից դատական գործ սկսվի: Մեծ դժվարությամբ նա Դանիայից ժամանակավոր բնակության համար ստացել էր իր տնային իրերը, սակայն 500 դոլար մաքսատուրք չի մուծել: Սակայն այստեղ էլ հարց է ծագում. եթե մարդը չունի բնակություն, փաստաթուղթ, ո՞ր դատարանին ընդդատյա կլինի նրա գործը: