Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժառանգությունը չեն գրանցում

Մայիս 30,2007 00:00

Կադաստրի կողմից տրված սխալ տեղեկանքների պատճառով մարդիկ տարիներով քաշքշուկի մեջ են ընկնում:

Արդեն քանի տարի է՝ Երեւանի Էրեբունի համայնքի Դիմիտրովի 115 հասցեի բնակիչ Արեւհատ Խաչատրյանը փորձում է հոր մահից հետո ժառանգած անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատել, սակայն առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացն իրականում վերածվել է երկար տարիների անհասկանալի քաշքշուկի:

«Բնակարանը պատկանել է ծնողներիս, որոնց ժառանգը ես եմ: Բազմիցս դիմել եմ Կադաստրի Էրեբունու մասնաճյուղ՝ ժառանգությունը հաստատելու, սակայն ոչ մի անգամ իմ սեփականության մասին հավաստի տեղեկանք չեմ ստացել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ա. Խաչատրյանը:

Էրեբունու կադաստրից Ա. Խաչատրյանի իրավապաշտպան Գեւորգ Դավթյանին գրավոր տեղեկացրել են, որ նրանց դիմումին ընթացք չի տրվում, քանի որ առկա է հողամասի մակերեսի անհամապատասխանություն: Այսինքն՝ նոտարի կողմից տրված ժառանգական իրավունքի վկայագրում նշված է, որ Ա. Խաչատրյանին ժառանգության իրավունքով պատկանում է 825 քմ հողատարածք: Կադաստրի տեղեկանքում նշված է նաեւ, որ չափագրման դիմաց օրենքով սահմանված վճարումները կատարված չեն: Ա. Խաչատրյանը նշում է, որ իրենք երբեւէ 255 քմ-ից ավելի հողատարածք չեն ունեցել, իսկ թե որտեղից է կադաստրի կողմից տրված տեղեկանքում հայտնվել 825 թիվը, մնում է անհասկանալի: Ա. Խաչատրյանը դիմել է դատարան եւ վճռով հաստատել, որ իր հողատարածքը կազմում է 255 քմ, այլ ոչ թե՝ 825: Սակայն դատարանի որոշումից հետո էլ կադաստրը նոր պատճառաբանություն է գտել՝ ասելով, որ հողամասի փաստացի չափագրված մակերեսի եւ փաստաթղթերի միջեւ կա 2 քմ-ի անհամապատասխանություն: Էրեբունու կադաստրից Ա. Խաչատրյանին արդարացել են. «Մենք մեր կողմից թույլ տված 825-ի սխալը կուղղենք, դա դժվար չի, դուք գնացեք դատարանի կողմից ներկայացրած վճռում նշված 255 քմ-ի եւ փաստացի չափագրված 253 քմ-ի տարբերության հարցը լուծեք»:

Իսկ վերոնշյալ թվերի անհամապատասխանությունն էլ այս անգամ Ա. Խաչատրյանի հարեւանների պատճառով է: Բանն այն է, որ նրա հարեւաններից ամեն մեկն իր հողատարածքն առանձնացրել է պարիսպով, որի արդյունքում էլ նրան պատկանող հողատարածքն ամեն կողմից պակասել է 1 քմ-ով: Բնակչի հավաստմամբ, չնայած այդ 2 քմ-ն օրինական իրեն է պատկանել, սակայն իր 2 կողմի հարեւաններն էլ այդ 1-ական քմ-ն առանց խնդիրների սեփականաշնորհել են. «Իսկ ես չեմ կարողանում հաստատել, որ իմ հողատարածքից 2 քմ պակասել է»: Այս ամենից բացի, անհասկանալի է, թե ինչ հիմքով է Էրեբունու կադաստրից կնոջը տեղեկանք տրվել, ըստ որի՝ Խաչատրյանների բնակարանը գրավի տակ է: Ա. Խաչատրյանն ու նրա իրավապաշտպանը պնդում են, որ իրենց բնակարանը երբեք էլ գրավադրված չի եղել:

Այս առնչությամբ դիմեցինք Էրեբունու կադաստր: «Առավոտի» հետ զրույցում բաժնի աշխատակից Ս. Սարգսյանն ասաց. «Մենք անհիմն տեղեկանքներ չենք տալիս, ցանկացած տեղեկանք տալու համար հիմք ենք ընդունում կադաստրային գործերը: Եթե տվել ենք տեղեկանք, որ որեւէ մեկի բնակարանը գրավի տակ է, ուրեմն այդպես է»: Անհասկանալի էր նաեւ այն, որ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գագիկ Եգանյանը ժխտեց, որ Ա. Խաչատրյանը որեւէ անգամ դիմել է կադաստր: Մինչդեռ մեր ձեռքի տակ կա Էրեբունու Կադաստրի կողմից Ա. Խաչատրյանին տրված 4 դիմումի պատասխան: Ստացվում է, որ կադաստրում մեկը մյուսից տեղյակ չեն եւ նույն անհետեւողական ձեւով էլ վերաբերվում են բնակիչների դիմումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել