Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿՆԵՐԻՆ ՃՆՇՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Մայիս 30,2007 00:00

\"\"Վարդան Այվազյան-«Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» բախումներին միացել է հարկայինը

Հնդիկ գործարար, մեծահարուստ Անիլ Ագարվալին պատկանող «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ. ձեռնարկությունը, կարելի է ասել, արդեն հայտնվել է փակուղու առջեւ: Ընկերության տնօրինությանն այլ ելք չի մնում, քան, պարզապես, վաճառել ձեռնարկությունն ու հեռանալ Հայաստանից: Խնդիրն այն է, որ եթե նախկինում ձեռնարկության համար անընդհատ տհաճ անակնկալներ էր մատուցում բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, որը ճնշումներ էր գործադրում հնդիկ գործարարի վրա, նրան մեղադրում ոսկի թաքցնելու մեջ, այժմ արդեն այդ բախումներին միացել է նաեւ Հարկային պետական ծառայությունը:

Հայտնի է, որ մի քանի շաբաթ առաջ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունում» կատարած ստուգումների արդյունքում բնապահպանության նախարարությունը ձեռնարկությանը տուգանեց 46 մլն դոլարով, պարզաբանելով, որ, 2004-ից սկսած, հնդիկները Հայաստանում լեռնահանքային գործունեություն են իրականացրել՝ առանց պատշաճ փաստաթղթային ձեւակերպման: Մասնավորապես, պարզվել էր, որ ընկերությունը չունի լիցենզիոն պայմանագիր, վերահաստատված պահուստների մասին փաստաթուղթ, ինչպես նաեւ Սոթքի ոսկեբեր հանքավայրի մշակման նախագիծ: Բացի այդ, տուգանքներ էին նշանակվել նաեւ մի շարք այլ ֆինանսական խախտումների համար: «Պատահական զուգադիպությամբ» օրերս էլ նույն ձեռնարկության փաստաթղթերը որոշել է «քրքրել» նաեւ հարկայինը եւ այդ ստուգումների արդյունքում հնդիկների գլխին բարդել 4 մլրդ դրամի տուգանք՝ բնօգտագործման վճարները չկատարելու, արժութային կարգավորման օրենքը խախտելու, ակտիվների մաշվածության եւ այլ խախտումների համար:

Երեկ այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ձեռնարկության տնօրեն Վարդան Վարդանյանը, հավանաբար՝ մեր կառավարության հետ հարաբերություններն է՛լ ավելի չլարելու համար, խուսափեց թե՛ հարկայինի, թե՛ նախարարության հասցեին մի «թթու» խոսք ասել: Ավելին, նա նույնիսկ կատարվածի համար հիմնականում մեղադրում էր սեփական ձեռնարկության հաշվապահին՝ ասելով, որ «նա սխալ հաշվարկներ է արել, ինչը նորմալ է, որովհետեւ յուրաքանչյուր հաշվապահ էլ կարող է սխալվել»: Թեեւ, որպես տուգանքների բողոքարկում, գործը լրացուցիչ փորձաքննության է տրվել արդարադատության նախարարությանը, սակայն Վ. Վարդանյանն առանձնապես հույսեր չէր կապում վերջինիս հետ, ու եթե նույնիսկ դիմեն էլ դատական ատյաններին՝ նախարարության, հարկայինի տուգանքների դեմ բողոքարկելու, Վարդան Վարդանյանի խոսքերով՝ դա կլինի «նա վսյակի»:

Հիշեցնենք, որ բացի վերը նշված տուգանքներից, այժմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» դեմ մի քանի դատական գործեր էլ են ընթանում՝ նախկինում թաքցրած ոսկիների համար: Վարդան Այվազյանը մինչ 46 մլն դոլար տուգանելը, հնդկական ձեռնարկությանը մերթ մեղադրում էր 600 կգ, մերթ էլ՝ 1 տոննա ոսկի մեր կառավարությունից թաքցնելու եւ գերշահույթներ ստանալու մեջ: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ ընկերությունը ստիպված լինի ձեռնարկության վաճառքից ստացված ողջ գումարով մեր կառավարության տուգանքները փակել ու դեռ մի բան էլ պարտք մնալ: Ներկայումս Անիլ Ագարվալը լուրջ բանակցություններ է վարում ձեռնարկության վաճառքի համար: Արդեն հայտնի է նախնական գնորդների ցուցակը, որոնց թվում կան նաեւ ռուսական ընկերություններ: Վերջիններս ձեռնարկության համար առաջարկում են վճարել 80-90 մլն դոլար, բայց այդ գինը դեռ Անիլ Ագարվալին չի գոհացնում: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» նախորդ տարիներին արդեն բավականին ոսկի է արդյունահանել ու հսկայական եկամուտներ ստացել: Վերջին հետազոտության համաձայն, ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրում կա շուրջ 80 տոննա ոսկու պաշար, իսկ Մեղրաձորում՝ 1 տոննայից պակաս: Քանի որ, ըստ ՀՀ կառավարության մեղադրանքի, հնդիկները պայմանագրով ստանձնած ներդրումային պարտավորությունները չեն կատարել, նրանք առայժմ ստիպված են դադարեցնել ոսկու արդյունահանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել