Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընտրական «ռազբորկաներ»

Մայիս 30,2007 00:00

Գյումրիում եւ Սիսիանում

Քննելու փոխարեն՝ շորթեցին

Գյումրիում քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած փոխհրաձգության առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանությունը «լայնածավալ աշխատանքներ» է իրականացրել: Փոխհրաձգության հետ առնչություն չունեցող մի քանի տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել մարզային ոստիկանության ռեգիոնալ վարչություն: Վարչությունում գտնվող որոշ գյումրեցիներ, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, մեզ տեղեկացրին, որ այդ ամենը կազմակերպում էր ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, որը տարիներ առաջ աշխատել է Արթիկի ՆԳ բաժնում որպես ոստիկանապետ: Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների հիմնական մասին մարզային վարչության հերթապահ մասի գրանցամատյաններում չեն գրանցել, ինչը մեր ոստիկանության պրակտիկայում սովորական աշխատաոճ է: Ոստիկանությունը մարդկանց տարել է քրեական հետախուզության բաժին, բայց այդպես էլ հստակություն չի մտցրել, թե բերման ենթարկվածներն ի՞նչ կարգավիճակում են՝ մեղադրյա՞լ են, ականատե՞ս, վկա՞, թե՞ ակտիվ մասնակցություն են ունեցել «ռազբորկային»: Նրանք ծեծվել են, ենթարկվել մարմնական կտտանքների, նաեւ՝ դրամական շորթումների:

Գյումրեցիները հուսով են, որ Գյումրի գործուղված ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները եւ դատախազության ներկայացուցիչները կբավարարվեն իրենցից շորթած գումարներով եւ քաղաքապետից ու նրա կլանից այլեւս գումարներ չեն կորզի՝ հերթական աղմկահարույց գործը կոծկելու համար: Իսկ որ նման հեռանկարը հերթական անգամ բացառված չէ՝ հավաստում են «Առավոտի» այն տեղեկությունները, որոնց համաձայն, Գյումրիի իրավապահներին քաջ հայտնի է Սպարտակ Ղուկասյանի եւ ռազբորկային մասնակից մյուս կարեւոր անձանց գտնվելու վայրը, բայց նրան ձերբակալել, կալանավորել չեն համարձակվում: Գուցե սպասում են «վերեւների» հրահանգին կամ Վ. Ղուկասյանի մասով Երեւանում ընդունվելիք քաղաքական որոշմանը:

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ

Ծեծեցին գյուղապետին

2007-ի մայիսի 24-ի երեկոյան, ժամը 21-ի սահմաններում, Սիսիան քաղաքում՝ քաղաքապետի որդուն պատկանող «Ալվինա» օբյեկտում, մահակներով ծեծի է ենթարկվել Սիսիանի տարածքի Վաղատինի գյուղապետ Շահեն Գրիգորյանը: Ըստ գյուղապետի, որը մարմնական վնասվածքներով գտնվում է գյուղի իր բնակարանում, բռնությունն իրականացրել են քաղաքապետ Լավրենտի բալիկը՝ Արթուր Սարգսյանը (Սյունիքի տարածաշրջանի մաքսատան զննման բաժնի պետն է) եւ նրա չորս վարձկանները, որոնց ճանաչում է: Գյուղապետը թեեւ ՀՀԿ անդամ է, բայց կանչվել էր «օտչյոտի» այն բանի համար, թե ինչու է իրեն «սխալ» պահել նախընտրական եւ հետընտրական շրջանում, ինչու է կոչ արել Լավրենտ Սարգսյանին` պատգամավորության թեկնածու Ալեքսանդր Սարգսյանի նախընտրական հանդիպման առիթով չգալ գյուղ՝ իբր թեկնածուին հերթական վարկաբեկումից զերծ պահելու համար, ինչու մեկ տարի առաջ չի պաշտպանել Լորի գյուղապետի համար քվեարկվող թեկնածուին, որ Լավրենտի կնոջ քեռորդին է, ինչու մայիսի 12-ին Վաղատինում արձանագրված իշխանական հաջողությունները վերագրել է իրեն եւ ոչ թե Լավրենտին, որ այդ գյուղից է: Որքան էլ զարմանալի է, Սիսիանի ոստիկանությունը, որի ղեկավարները միջադեպի պահին գտնվում էին նույն օբյեկտում, ոչ միայն քրեական գործ չեն հարուցել կատարվածի առիթով, այլեւ կատարվածը պարտակելու փորձ են արել: Միայն դեպքից չորս օր հետո, երբ իմացել են լրագրողների ակտիվ հետաքրքրության մասին, ոստիկանությունը հետին թվով փորձել է վիճակը շտկել եւ ոստիկանությունում կատարել գրանցումներ:

ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ 29.05.07թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել