Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Մայիս 30,2007 00:00

Այսքան ծանր են կշռում ՍԴ դիմած քաղաքական 4 ուժերից միայն մեկի ներկայացրած փաստաթղթերն ընտրախախտումների մասին:

Սահմանադրական դատարանի երեկվա աշխատակարգային նիստում որոշվեց, որ 4 ընդդիմադիր ուժերի դիմումները քննելու են միասին: Քննությունը կսկսվի հունիսի 1-ին, առավոտյան ժամը 10-ին:

ՍԴ-ում «Օրինաց երկրի» շահերը պաշտպանելու են կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Հովհաննես Մարգարյանը, Արտաշես Ավոյանը եւ Գուրգեն Սարգսյանը: «Ուսումնասիրելով վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների դիմում-բողոքները, հատուկ կարծիքները եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ ամփոփ արձանագրությունները՝ բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ ենք արձանագրել շուրջ 20 ընտրատարածքների մոտ 200 ընտրական տեղամասերում,- հայտնեց մեզ Հովհաննես Մարգարյանը:- Ընտրախախտումներն ապացուցող փաստաթղթերի հիմնական մասը ներկայացված է Սահմանադրական դատարան, իսկ լրացուցիչ ապացույցներն օրենքով սահմանված կարգով ՍԴ կներկայացվեն հունիսի 1-ին»:

Մեր հարցին, թե միասնաբար հանդես եկող «Նոր ժամանակները», «Հանրապետությունը» եւ «Իմպիչմենտն» ի՞նչ նկատառումներով առանձին-առանձին դիմեցին ՍԴ՝ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՍԴ մասին օրենքն ամեն դիմումի հետ հնարավորություն է ընձեռում ունենալ ընդամենը 3 ներկայացուցիչ: Իսկ մեր ներկայացուցիչները պետք է պայքարեն իշխանական մեծաթիվ ներկայացուցիչների հետ, որոնց համար փաստացի չկա սահմանափակում: Մեր նկատառումն էր, որ ՍԴ-ում ընդդիմության կողմից ներկայացուցիչների թիվը մեծ լինի եւ ամեն մեկը ներկայացնի կոնկրետ ուղղություն, որտեղ ինքն արել է խորքային ուսումնասիրություն»:

«Իմպիչմենտ» դաշինքի լիազոր ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում փաստաբան Վահե Գրիգորյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Վահագն Հովակիմյանը եւ Նիկոլ Փաշինյանն են: Վերջինս մեր հարցին, թե ընտրատարածքների ո՞ր մասին են վերաբերվում իրենց արձանագրած խախտումները՝ պատասխանեց. «Մեր արձանագրած խախտումները չեն վերաբերվում որեւէ ընտրատարածքի: Այսինքն՝ մեր ռազմավարական դիրքորոշումն այդ չէ՝ եկեք քվեատուփերը բացենք, կտեսնենք, թե ինչ է կատարվել: Մեր դիրքորոշումն է, թե ի սկզբանե՝ դեռեւս 2004 թվականից սկսած, համապարփակ կեղծիքներ են նախապատրաստվել, որոնք անկախ քվեարկության գործընթացից՝ արդեն իսկ ապօրինի են դարձրել ընտրությունները: Օրենսդրական դաշտին լավ չտիրապետելու հետեւանքով շատերը ընտրություն ասածը պատկերացնում են միայն բուն քվեարկությունը, որն ընտրությունների ընդամենը շա՜տ փոքր մասն է: Սահմանադրության, «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ գլխավորը ոչ թե այն է, թե քվեաթերթիկը ոնց մատից պոկվեց եւ ընկավ քվեատուփի մեջ, այլ կարեւոր է, թե ընտրողների ազատ կամարտահայտման ինչ հնարավորություններ են եղել, ինչ ներգործություններ են եղել ընտրողի գիտակցության եւ կամքի վրա»:

«Նոր ժամանակներ» կուսակցության լիազոր ներկայացուցիչները ՍԴ-ում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը, ՌԴ քաղաքացի, իրավաբան Հարություն Բաղդասարյանը եւ ՆԺԿ վարչության անդամ, ՆԺԿ քաղխորհրդի համակարգող Հրաչյա Սարգսյանն են, որը կուսակցության ցուցակում 4-րդն է: Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ «Մինչեւ ՍԴ դիմում ներկայացնելը մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ տեղի ունեցած խախտումները կրել են համատարած բնույթ: Մեր վստահված անձանցից շատերին քաղվածք չեն տվել՝ պատճառաբանելով, թե չունեն ձեւաթուղթ, եւ արհեստական խոչընդոտներ ու խնդիրներ են հարուցել նրանց համար: Մեր վստահված անձանցից մի մասն էլ ձեռնունայն՝ առանց քաղվածքների են դուրս եկել ընտրատեղամասերից: Եվ հիմնականում հենց այն տեղամասերում, որոնց վերաբերյալ չունենք քաղվածքներ, զրոյական արդյունք է արձանագրվել «Նոր ժամանակների» համար: Նման տեղամասերը շուրջ 630-ն են, եւ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես է ստացվել, որ նույն շենքում, որտեղ գործել են 2 ընտրատեղամասեր՝ մի տեղ ունենք 0 արդյունք, իսկ մյուս տեղում 60-ից ավելի ընտրողներ են իրենց ձայնը տվել մեզ»: Քաղվածքների բացակայության մասին այս պատմությունը տեղիք տվեց ենթադրելու, թե «Նոր ժամանակները» չունի իրեղեն ապացույցներ: Սակայն Հրաչյա Սարգսյանն ասաց. «Իհարկե, ունենք: Ավելին ասեմ՝ ունենք ընտրատեղամասերից քաղվածքներ, որոնք չեն համընկնում իրենց ամփոփիչ արձանագրությունների հետ: Օրինակ, Չարենցավանի 26/09 ընտրատեղամասից մեզ տվել են մի քաղվածք, ըստ որի՝ ՆԺԿ օգտին տրված է 110 ձայն, բայց նրանց ամփոփիչ արձանագրության մեջ նշված է 10 քվե»:

Իսկ «Հանրապետությունը» ՍԴ-ում ներկայացնելու է կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանը: Նա «Հանրապետության» ցուցակում 6-րդն է եւ մեզ ասաց. «Ես նախ ներկայացնելու եմ իմ շահերը՝ որպես պատգամավորության թեկնածու, ու նաեւ կուսակցության շահերը: Մեր արձանագրած խախտումները բավարար են 5 նման ընտրություն անվավեր ճանաչելու համար: Դատարան ենք ներկայացրել նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները՝ հավասարության պայմանների խախտումները, ազատ կամքի արտահայտման իրավունքի խախտումները եւ այլն: Բուն դիմումը կազմում է 36 էջ, իսկ ընդհանուր փաստաթղթերը միասին երեւի մի քանի կիլոգրամ են»:

Հավելենք, որ «Հանրապետության» դիմումում ներառված են նաեւ «Ժառանգության» վստահված անձանց կազմած արձանագրությունները, որտեղ փաստեր կան միեւնույն անձի կողմից կրկնակի քվեարկության դեպքերի վերաբերյալ, կամ, որ ընտրողը գալով տեղամաս՝ իր անուն-ազգանվան դիմաց տեսել է արդեն դրված ստորագրություն: Կեղծ, նոր տպագրված անձնագրերով քվեարկության է ականատես եղել Լարիսա Ալավերդյանը: Կան նաեւ փաստեր ընտրակաշառքների բաժանման մասին:

«Ա1+»-ը երեկ իր կայքէջում քվեարկություն է սկսել, որի մասնակիցները կանխատեսում են, թե ինչպես է ՍԴ-ն արձագանքելու այս բոլոր փաստերին: Արդեն իսկ ամենաշատ ձայները ստացել է այն պատասխանը, ըստ որի՝ ՍԴ-ն կմերժի ընդդիմադիրների հայցը համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել