Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՆՍ ՈՒՆԻ»

Մայիս 30,2007 00:00

\"\"Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանի հետ

– Շատ քաղաքական գործիչներ խորհրդարանական ընտրությունների մասին գնահատականներում ասում են, որ սա ոչ թե իշխանության հաղթանակն էր, այլ ընդդիմության պարտությունը. դուք կիսո՞ւմ եք այս կարծիքները:

– Չհամաձայնել այդ գնահատականի հետ՝ շատ դժվար է, որովհետեւ խնդիրն այն չէ, թե ինչքան ձայն հավաքեց իշխանությունը, այլ այն, թե վստահության քանի՞ քվե ստացավ ընդդիմությունը: Իհարկե, որոշակի խախտումներ եղել են, եւ դա ակնհայտ էր բոլորի համար, բայց, ցավոք, պետք է փաստենք, որ արդյունքների էական փոփոխություն՝ նույնիսկ եթե այդ խախտումները չլինեին, դժվար կլիներ արձանագրել: Եվ դրա համար ժողովրդին ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել: Ժողովուրդը ընտրություն կատարեց ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ իրատես գտնվեց: Չեմ ուզում ասել՝ «նաղդը» գերադասեց «նիսյայից», կամ ասել, որ 10 հազար դրամն ավելի թանկ էր, քան ընդդիմության խոստումները: Իշխանությունը օգտագործեց իր բոլոր լծակները, ընտրությունների գնաց «հանուն հաղթանակի» կարգախոսով՝ առաջնորդվելով այն մտայնությամբ, որ հաղթողներին չեն դատում: Իսկ ընդդիմությունը նորից կրկնեց հին սխալները, չմիավորվեց եւ այլընտրանք չներկայացրեց: Ժողովուրդը զրկվեց այլընտրանքից: Եթե հիշենք 2003-ի ընտրությունները, ապա նախագահականի առաջին փուլից հետո հասարակության 60-70 տոկոսը ընդդիմադիր ընտրազանգված էր: Տեսնելով, որ իր ձայնը փոշիանում է, այս անգամ ժողովուրդը չգնաց նույն քայլին, որովհետեւ նորության էր սպասում եւ չստացավ այն: 2003-ից հետո ընդդիմությունը ոչ մի նոր բան չբերեց քաղաքականության մեջ:

– Որոշ դիտորդներ եւ գործիչներ համարում են, որ այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախորդից:

– Իրականում սա մեկ այլ առաջ էր, երկու քայլ՝ ետ: Իշխանությունն այսօր դեռ ունի հնարավորություն այդ «հաշիվը» հավասարեցնելու, եւ դա կարող է լինել այն, որ մինչեւ նախագահական ընտրություններ իշխանությունը կատարի իր ոչ թե սոցիալական, այլ քաղաքական խոստումների մի մասը: Օրինակ, այսօր շատ է խոսվում մամուլի, խոսքի ազատության մասին: Իշխանությանը ոչինչ չի խանգարում, օրինակ, շատ յուրահատուկ քայլի գնալ եւ բացել «Ա1+»-ը: Դա ես կհամարեմ ոչ միայն իշխանության հաղթանակը, եթե այն այդքան հզոր լինի եւ իր մեջ ուժ գտնի այդ քայլն անել, այլեւ ընդդիմության հաղթանակը: Այս դեպքում կարելի է մտածել, որ կան ընդհանուր եզրեր գլոբալ հարցերում՝ դա կլինի ԶԼՄ-ների ազատությունը, Ղարաբաղի հարցը եւ այլն: Այդպիսով, քաղաքականության գինը մի քանի անգամ կբարձրանա:

– Մի քանի ընդդիմադիր ուժեր արդեն դիմել են ՍԴ՝ ընտրությունների արդյունքների վերանայման հայցերով. դուք, որպես եվրոդատարաններում հաղթանակ տարած գործիչ, ի՞նչ եք սպասում ՍԴ-ից:

– Լուրջ սպասելիքներ չունեմ ՍԴ-ից եւ կարծեմ դիմողներն էլ չունեն, որովհետեւ, եթե լուրջ սպասելիքներ ունենային, չէին հայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, գոնե դիմողներից մեկն արդեն հայտարարություն արել է (նկատի ունի ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին-Մ. Ե.), եւ եթե նա լուրջ սպասելիքներ ունենար ՍԴ-ից՝ չէր շտապի նման հայտարարություն անել: Ոչ թե չեմ վստահում ՍԴ-ին, այլ տեսնում եմ, որ ներկայացված փաստերը հիմնականում տպվել են մամուլում, դրանք կային նաեւ դիտորդների գնահատականներում, եւ ՍԴ-ն դժվար թե դրանք հիմք համարի եւ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարի:

– Բացի ՍԴ դիմելը, ընդդիմադիր ուժերը նաեւ ամեն ուրբաթ հանրահավաքներ են անցկացնում, եւ այսօր հրապարակում գտնվող այն գործիչները, ովքեր 2003-ին եւ 2004-ին ընդդիմության լիդերներին մեղադրում էին ժողովրդին «տուն ուղարկելու», վճռական պահին իրենց տանը «թեյ» խմելու եւ «բորշչ» ուտելու մեջ, նույնն իրենք են անում: Հանրահավաքի եկածների առաջ ելույթներ ունենալուց հետո մարդկանց տուն են ուղարկում:

– Հանրահավաքային գործընթացը սխալ գործընթաց չի, եթե ուղեկցվում է զուգահեռ քայլերով, հանրահավաքային գործընթացը ակտիվության մեջ է պահում միայն ըմբոստ մասսային, որը լավագույն դեպքում լինում է 50 հազար, այսօր՝ 3-10 հազար: Զուգահեռ եթե աշխատանք չգնա՝ անհնար կլինի ավելի ակտիվ քայլերի դիմել եւ հավաքել «կրիտիկական զանգվածը»:

– 2008-ի նախագահական ընտրություններում թիվ մեկ թեկնածուն վարչապետ Սերժ Սարգսյանն է. ձեր կարծիքով՝ ընդդիմադիր որոշ գործիչներ իրենց մեջ ուժ կգտնե՞ն թոթափել ամբիցիաները եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

– Ինքս որպես թեկնածու տեսնում եմ միայն պատերազմին մասնակցած անձանց: Որովհետեւ թիվ մեկ խնդիրն այսօր ղարաբաղյան խնդիրն է: Իշխանությունը իր կողմից իր լավագույն թեկնածուին արդեն ներկայացրել է, եւ դա Սերժ Սարգսյանն է: Ընդդիմությունը ունի այլընտրանք, դա Վազգեն Մանուկյանն է, ինչո՞ւ ոչ՝ Ալբերտ Բազեյանն է: Չէի ուզի այսօրվանից հիասթափեցնել հասարակությանը եւ ասել, որ ընդդիմության միավորումը մեկ թեկնածուի շուրջ անհնարին է, ժամանակը ցույց կտա, որ այլընտրանք գոյություն չունի, քան միասնական թեկնածուն: Եվ թեկուզ նա պարտվի էլ, մշակույթ կձեւավորվի մեր երկրում, որ դրանից հետո մենք կունենանք թեկուզ եւ արտախորհրդարանական, բայց լուրջ ուժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել