Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ Է

Մայիս 29,2007 00:00

\"\"Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ութամսյա ընդմիջումից հետո վերադարձավ ռինգ եւ կանադացի Սեբաստիան Դեմերսի հետ մենամարտի երրորդ ռաունդի ավարտին տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան՝ պաշտպանեց չեմպիոնական իր գոտին:

Բոլորն էլ անհամբերությամբ էին սպասում անցած տարվա սեպտեմբերին ծնոտի երկու կոտրվածք ստացած հայաստանցու վերադարձին, իսկ շատերն էլ չէին հավատում, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտում նման վնասվածքից հետո ընդհանրապես հնարավոր է շարունակել մարզական կարիերան:

Մայիսի 26-ին Գերմանիայի Բամբերգ քաղաքի «Յակո Արենա» մարզասրահում Աբրահամի մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգի նորեկ չէր: Մինչ այդ նա անցկացրել էր 19 մենամարտ եւ բոլորում էլ առավելության հասել, ընդ որում 8-ը՝ նոկաուտով: Սակայն այդպիսի «ծառայողական այցեքարտն» էլ չօգնեց Դեմերսին՝ գոնե ամբողջական երեք ռաունդ դիմանալ Արթուրին: Երբ երրորդ ռաունդի ավարտին մնում էին հաշվված վայրկյաններ, Աբրահամի՝ մրցակցի ծնոտին հասցրած հերթական հարվածը կանադացուն տապալեց հատակին եւ ռինգի մրցավարին այլ բան չէր մնում, քան դադարեցնել մարտը՝ արձանագրելով Արթուր Աբրահամի 23-րդ հաղթանակը եւ 18-րդ նոկաուտը:

Մարտից հետո Աբրահամը հայտարարել է. «Շատ լավ է, երբ վերադառնում ես ու կրկին հաղթում: Ծնոտիս հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չունեի: Մարզումներս տասն անգամ ավելի ծանր էին, քան մենամարտը: Դա միշտ էլ այդպես է լինում»: Իսկ Արթուրի պրոումոթեր Վիլֆրեդ Զաուերլանդն ասել է. «Արթուրը, անկասկած, այսօրվա դրությամբ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկն է»:

Աբրահամը առայժմ ոչինչ չի ասել իր հետագա ծրագրերի ու ապագայի հավանական մրցակիցների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել