Հեղինակավոր կինոփառատոնի մրցանակների գերակշիռ մասին տիրացան ասիացի կինոգործիչները:
Կիրակի օրը կայացավ Կաննի հոբելյանական՝ 60-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը, որը ուղիղ հեռարձակվում էր «Արմենիա» TV-ի եթերով: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 2 տասնյակ ֆիլմ: Մասնագետների գնահատմամբ, Կանն-2007-ը տարբերվեց նրանով, որ այս տարվա ֆիլմերն իրենց գեղարվեստական արժանիքներով գերազանցում էին նախորդ տարիների նկարներին: Ժյուրիի կազմում էին իտալացի ճանաչված ռեժիսոր Մարկո Բելոկիոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը, մավրիտանացի, չինացի կինոգործիչներ եւ այլք: Նկատենք, որ Ասիան «ներկա» էր ոչ միայն ժյուրիի, մասնակիցների ու առանձնացված ֆիլմերի կազմում, այլեւ հանդիսասրահում: Օրինակ, հնդիկ դերասանուհին ներկայացրեց տղամարդու լավագույն դերակատարին՝ ռուսաստանցի Կոնստանտին Լավրոնենկոյին (ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւ՝ «Վտարում»):
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենին» հանձնվեց ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մինջիուին՝ «4 ամիս 3 շաբաթ 2 օր» ֆիլմի համար: Հեղինակն ասաց, որ 6 ամիս գումար չի եղել ծրագիրը ավարտին հասցնելու համար, նույնիսկ մտավախություն է ունեցել, որ չեն կարողանալու մասնակցել Կաննի կինոփառատոնին: Նաեւ հավելեց, որ հաղթանակը մեծ պատիվ է իր փոքր երկրի համար, որտեղ կարողանում են միայն փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանել: «4 ամիս 3 շաբաթ 2 օր»-ը պատմում է ռումինացի դիկտատոր Նիկոլայ Չաուշեսկուի պաշտոնավորության տարիների ու այդ ֆոնի վրա՝ 2 աղջիկների դժբախտ ճակատագրի մասին:
Փառատոնի երկրորդ հեղինակավոր մրցանակը՝ Գրան պրին հանձնվեց ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեին՝ «Առավոտյան անտառ» աշխատանքի համար: Կինոգետների կանխատեսումներով, այս ֆիլմը չէր կարող հաղթանակի հավակնել իր «մեղմության» ու քնարականության պատճառով, որովհետեւ արդի կինեմատոգրաֆը առանձնանում է «դաժանության» էլեմենտներով: Սակայն Կաննը սիրում է անակնկալներ մատուցել: Ճապոնուհու ֆիլմը պատմում է գավառական ծերանոցի «բնակչի» եւ երիտասարդ բուժքրոջ բարեկամության մասին: Առաջինը կորցրել է կնոջը, երկրորդը՝ երեխային: Վիշտը միացնում է նրանց: Ի դեպ, Նաոմին Կաննում նորելուկ չէ. նա 1997-ին էլ արժանացել էր «Ոսկե կինոխցիկի»: Մրցանակը ստանալիս նա ասաց, որ ֆիլմ ստեղծելը նույնքան դժվար է, որքան ապրելը, երկու դեպքում էլ պետք է ճիշտ գործել:
Կնոջ լավագույն դերի համար դարձյալ ասիացի՝ կորեուհի Չոն Դո Էնը պարգեւատրվեց մեկ այլ ասիացու՝ Լի Չանգ Դոնգի «Գաղտնի լույս» ֆիլմում հանդես գալու համար: Լավագույն բեմադրություն անվանակարգում առաձնացվեց ամերիկացի ռեժիսոր Ջուլիան Շնայբելի՝ «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմը, լավագույն սցենարի համար՝ Թուրքիայի ներկայացուցիչ Ֆատիզ Ակինը՝ «Դրախտի ծայրին» աշխատանքով: Փառատոնի հատուկ՝ 60-ամյակի մրցանակին տիրացավ ամերիկացի ռեժիսոր Գաս Վան Սենտը: Լավագույն դեբյուտը իսրայելցի ռեժիսոր Էդգար Կերետինն էր («Մեդուզաներ»): Նրան էլ հանձնվեց «Ոսկե կինոխցիկը»: Ժյուրիի մրցանակին արժանացավ միանգամից 2 ֆիլմ՝ իրանյան արմատներով ֆրանսուհի Մարջան Սատրապիի «Պեսեպոլիսը» եւ մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի՝ «Անձայն լույսը»: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ ճանաչվեց մեքսիկուհի Էլիզա Միլլերի՝ «Անձրեւին նայելով»-ը:
Նշենք, որ փառատոնում ասիացիներն առանձնանում էին ոչ միայն մրցանակների քանակով, այլեւ օրիգինալ հանդերձներով ու բեմից հնչեցրած գեղեցիկ խոսքով: