Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏՈՒՄ ԷԼ ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐ ԿԱՆ

Մայիս 29,2007 00:00

\"\"Շվեդահայ մասնագետ Մաթիլդա Մեթթելեն կարեւորում է նրանց առաքելությունը

20-րդ դարի վերջերից Ամերիկայում, իսկ 21-ի սկզբից՝ Եվրոպայում, երաժշտարվեստում ի հայտ եկան նոր մասնագետներ՝ երաժշտագետ-սոցիոլոգներ: Այս օրերին հայրենիքում է շվեդաբնակ մեր համերկրացի, երաժշտագետ-սոցիոլոգ Մաթիլդա Մեթթելեն: «Առավոտը» նրանից խնդրեց ներկայացնել վերոհիշյալ մասնագիտության նպատակն ու անհրաժեշտությունը: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ինքը հաճախել է Լունդ քաղաքի համալսարան, սովորել դաշնամուրի, դասական վոկալի բաժիններում, ապա գիտակցելով երաժշտության բնագավառում սոցիոլոգիայի անհրաժեշտությունը՝ ուսանել նաեւ երաժշտական սոցիոլոգիա:

Ըստ Մ. Մեթթելեի, Շվեդիայի տարածքում գործող համալսարանները միասին տարեկան «արտադրում» են 8 երաժշտագետ-սոցիոլոգ: Խոսելով այդ մասնագիտության անհրաժեշտության մասին, նա բերեց հետեւյալ օրինակը. «Ամերիկայում Ալան Հովհաննեսի նման հանճարեղ կոմպոզիտորին 1940-ականներին ոչ պակաս ճանաչված կոմպոզիտորներ Ահարոն Քոփլանդը, Լեոնարդ Բերնսթայնը եւ այլք չէին ընդունում, ավելին՝ հալածում էին, ոչ ճիշտ քննադատություն տարածելով նրա արվեստի շուրջ: Եթե այդ ժամանակահատվածում լինեին երաժիշտ-սոցիոլոգներ, նրանք կարող էին ճիշտ մատուցելով, այս դեպքում՝ Ալան Հովհաննեսի արվեստը, հասարակությանը կողմնորոշել: Նկատենք, որ առանց երաժիշտ-սոցիոլոգների էլ Ալան Հովհաննեսին հաջողվեց ստեղծագործական ու հոգեկան ճիգերի շնորհիվ իր մասին խոսել տալ ոչ միայն ամերիկացիներին»: «Առավոտի» դիտարկմանը, թե առանց սոցիոլոգիայի միջամտության էլ երաժշտագետները այսպես թե այնպես հանրությանը ներկայացնում են կոմպոզիտորական արվեստը, տիկին Մեթթելեն ասաց. «Մենք (նկատի ունի երաժշտագետ-սոցիոլոգներին- Ս. Դ.) պահանջարկ ունենք ոչ միայն կոմպոզիտորների, այլեւ ընդհանրապես հասարակության շրջանում: Օրինակ, Շվեդիայում հայտնի ընկերություններ ու կազմակերպություններ հրավիրում են երաժշտագետ-սոցիոլոգի, որպեսզի նրա խորհրդով իրենց աշխատակիցները հաղորդակից դառնան բարձրակարգ երաժշտությանը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ մարդիկ լսում են նման երաժշտություն, բարձրանում է նրանց աշխատունակությունը, ինչը դրականորեն է ազդում ընդհանուր աշխատանքի արդյունքի վրա»:

Առաջին անգամ հայրենիքում գտնվող Մ. Մեթթելեն ափսոսանքով փաստեց, որ Շվեդիայում համարյա ծանոթ չեն հայ մշակույթին. «Շվեդիայում գործում է թանգարան, որտեղ, ի տարբերություն Հայաստանի, ցուցադրվում է տարբեր երկրների արվեստը: Շվեդիայի պատմության մեջ առաջին հայ կին պառլամենտականը՝ քույրս՝ Իզաբել Ռշտունին, օգտագործելով իր լծակները, տեղի մշակույթի նախարարին էր ներկայացրել հայոց պատմության ու մշակույթի ամփոփ տեղեկատվությունը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա մեջ: Անգամ քրոջս պառլամենտական գործընկերները հետաքրքրված են, իրենց խոսքերով՝ էկզոտիկ երկիր Հայաստանի մշակույթով ու պատմությամբ: Այցս հայրենիք՝ նպատակ ունի մշակույթի նախարարությունների մակարդակով կամուրջ գցել Շվեդիայի եւ Հայաստանի միջեւ: Պատրաստվում եմ այդ առիթով հանդիպումներ ունենալ պատկան մարմինների հետ»: Հետաքրքրությանը՝ եթե Շվեդիայում չի ներկայացվում հայկական մշակույթը, Հայաստանից մինչ օրս ոչ մի պրոֆեսիոնալ երաժիշտ հանդես չի եկել այդ երկրում, ինչպե՞ս են շվեդ պառլամենտականները տեղեկացված մեր արվեստից եւ, ի վերջո, ինչպե՞ս է, որ տեղի հայ համայնքը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, Մ. Մեթթելեն հայտնեց, որ ինքը առիթի դեպքում պրոպագանդում է Կոմիտասից մինչեւ Խաչատրյան: Մեր զրուցակցի տեղեկացմամբ, շվեդները Ա. Խաչատրյանին համարում են ռուս կոմպոզիտոր: «Պետք է համախմբվենք ու հիմք դնենք մեր երկրների մշակութային երկխոսությանը: Ինչ վերաբերում է Շվեդիայի հայ համայնքին, այն փոքր է. շուրջ 8000 հոգի: Չկա ոչ մի հայկական կրթօջախ, միայն մի քանի ժամ հեռարձակվում են ռադիոհաղորդումներ: Ստոկհոլմի կաթոլիկ եկեղեցիներից մեկում էլ առիթից առիթ հայ հոգեւորականը շփվում է հոտի հետ ու պատարագ մատուցում»,- նշեց տիկ. Մեթթելեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել