Լրահոս
Օրվա լրահոսը

Գաֆեսճեանը կապ ունի՞ Մատենադարանի հետ

Մայիս 29,2007 00:00

Համառ են լուրերը, թե ամերիկահայ մեծահարուստ կոլեկցիոներն է կանգնած ձեռագրերի թվանշայնացման գործարքի հետեւում:

Դեռ չէին հանդարտվել կրքերը Մատենադարանի եւ ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Սբ. Հովհաննես վանք- համալսարանին կից Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ ստորագրված պայմանագրի շուրջ, երբ մամուլում գրվեց այն մասին, որ Մատենադարանի խառնաշփոթ պատմությունների հետեւում կանգնած է ամերիկահայ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճեանը: ԿԳ նախարարությունից մեզ չհաջողվեց այս մասին պարզաբանում ստանալ, որովհետեւ երեկ գերատեսչությունները չէին աշխատում, իսկ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Բանուչյանն այս առիթով ասաց. «Գաֆեսճեանի հետ կապված լուրերն ընդամենը գուշակություններ են: Նա Մինեսոտայի նահանգից է, հեղինակավոր անձնավորություն, դրա համար էլ նրա շուրջ են պտտվում լուրերը: Մյուս կողմից էլ, ինչպես այլ ամերիկահայեր, այնպես էլ Գաֆեսճեանը կարող էր ֆինանսավորել ծրագիրը: Բայց ես, ում վրա այս պահին դրված են Մատենադարանի տնօրենի պարտականությունները, տեղյակ չեմ, թե նման բան կա: Այժմ հարցը փակված է եւ ինձ հանձնարարված, որ 20 օրվա ընթացքում ամբողջական փաթեթով ներկայացնենք ձեռագրերի թվայնացման ծրագիր: Ու կառավարությունն ինքը կորոշի՝ ծրագիրն ինչպես անել եւ ում հետ»: Իսկ հարցը, թե ինչու էր ծածուկ պահվում բարերարի անունը, ով վճարելու էր Հիլլին, որպեսզի Մատենադարանի հետ համագործակցեր, Բանուչյանի կողմից շրջանցվեց: «Պետք չէ ամեն ինչի տակ բաներ տեսնել: Այս պահին մենք ավելի շատ բարեկիրթ գիտական բանավեճերի, քան այս պատմության մեջ թաքուն դավաճանություն փնտրելու կարիք ունենք»,- ասաց նա:

Գաֆեսճեան թանգարան-հիմնադրամի տնօրեն Էդուարդ Պալասանյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ տեղյակ չէ, թե ինչ դեր ունի Ջ. Գաֆեսճեանը մատենադարանյան պատմություններում, եւ մամուլից է տեղեկացել, որ շրջանառվում է նրա անունը:

Հիշեցնենք, որ ԿԳՆ-ում վերջերս տեղի ունեցած «փակ-գաղտնի» քննարկման ժամանակ ITF ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը առաջարկել էր չեղյալ հայտարարել Մատենադարանի եւ Հիլլի միջեւ կնքված ոչ գրագետ պայմանագիրը, սակայն նախարարությունը հարմար էր գտել նամակով նախ Հիլլի տնօրինությանը տեղեկացնել, թե տարաձայնություններ կան, եւ հարցը դեռ պիտի քննարկվի կառավարությունում: Այնպես որ, պայմանագրի հարցը դեռ առկախ է: Ավելին, Լ. Մկրտչյանը նույն օրը հայտարարել է, որ այն երկրի նախագահի հավանությանն է արժանացել՝ դժգոհներին ակնարկելով՝ «խելոք մնան»: Ինչ վերաբերում է Գաֆեսճեանին, նկատենք, որ վերջերս նախարարը պատահական չէր զուգահեռ տարել Մատենադարանի թվանշայնացման ու «Հայֆիլմի» սեփականաշնորհման գործարքների միջեւ. «Եթե պետությունը կարողանար ոտքի կանգնեցնել «Հայֆիլմը» եւ թվայնացնել բոլոր ֆիլմերը, շահույթը միանշանակ պետությանը կմնար, իսկ եթե «Հայֆիլմը» ոտքի է կանգնել մասնավոր ներդրումներով (նկատի ունի Գաֆեսճեանին- Գ. Հ.), ուրեմն եկամուտներն էլ մասնավորինն են: Հիմա նույնը Մատենադարանի պարագայում է» («Առավոտ», 24.05.2007»):

Մի նկատառում եւս՝ խորհրդային տարիներին Մատենադարանը ենթարկվում էր Մինիստրների խորհրդին, իսկ հիմա ստացվում է՝ ԿԳ նախարարությանն ու նախարարի քմահաճույքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել