Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Մայիս 29,2007 00:00

\"\"Գյումրիում մարմնավաճառությունն այնպիսի թափ է առել, որ այլեւս չեն ամաչում հին մասնագիտությամբ զբաղվել նույնիսկ քաղաքի կենտրոնում՝ Ջորջ Բայրոնի անունը կրող անգլիական դպրոցի հարեւանությամբ:

Վերջին շրջանում Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործերից պարզվում է, որ Գյումրին ոչ միայն կրիմինալ քաղաք է, ուր անարգել կարելի է զենք կրել ու հաշիվներ մաքրել միայն իրար «գյուլլելով», այլեւ բարոյականությունը հետզհետե կորցնող, թրաֆիքինգին զոհ գնացող ամենախոցելի տեղանքն է: Իսկ որ քաղաքը դիմափոխվում է տարիներ շարունակ աշխատատեղեր չունենալու պատճառով՝ սա անվիճելի փաստ է:

Վերջերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում իրար հետեւից դատվեցին մի քանի կավատներ, որոնք «վաճառքի» էին հանել ֆինանսապես ծանր վիճակում հայտնված, բազմազավակ կանանց: «Ձեռներեցներից» մեկը Գյումրիի թիվ 20 անգլիական դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող, անգլիացի շինարարների կողմից կառուցված «Նիկոլայ Ձվակերյան» հասարակական հյուրանոցի կամ, որ նույնն է, «փոլադանոցի» 15 տարվա ադմինիստրատորն էր՝ Ալվինա Ղայֆաջյանը՝ հաճախորդներին հայտնի Ալլա անունով: Վերջինս որոշելով նստած տեղը հարստանալ՝ ձեռքի հետ կազմակերպել էր պոռնկությամբ զբաղվող կանանց հանդիպումներ հաճախորդների հետ՝ իհարկե նրանց ապահովելով հյուրանոցային կարգին սենյակներով: Կանանց գինն էլ այնքան մատչելի էր սահմանել՝ 7-8 հազար դրամ, որ հաճախորդների պակաս գրեթե չէր զգացվել: Հաճախորդն էլ, օրինակ՝ Արթուր Սահակյանը «փոլադանոցի» համբավի մասին նախապես իմանալով, մի գեղեցիկ օր իր ընկերոջ՝ Արշակ Պալոյանի հետ որոշել էր հյուրանոց գնալ ու մարմնավաճառ աղջիկների հետ ժամանակ անցկացնել: Վերջինս չէր պատկերացրել, որ ոստիկանության աշխատակիցները այնքան համառ կգտնվեին, որ իրենց թույլ կտային զվարճանքի պահին հյուրանոցի սենյակի դուռը բացել ու բացատրություն պահանջել: Նույն օրը՝ հունվարի 15-ին, ծուղակն էր ընկել Վաղինակ Ալեքսանյանը, ով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ «քեֆը լավ», որոշել էր գոնե մեկ անգամ օգտվել անգլիական հյուրանոցում լինելու հաճույքից: Սակայն նրա՝ Սոնյա անունով աղջկա հետ առանձնանալն ու ոստիկանների սենյակ «ներխուժելը» մեկ է եղել: Զվարճանքը դարձել է փորձանք երիտասարդի համար, ով ստիպված իր ժամանակն անցկացրել է Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում: «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու» համար Ալվինա Ղայֆաջյանը օրերս դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման՝ հայտնվելով «Աբովյանի» քրեակատարողական հիմնարկում:

Մեկ այլ գյումրեցի էլ՝ Կարինե Փանոսյանը, անցած տարվա ապրիլին, համագործակցելով Թուրքիայում անուն «վաստակած» մեր այլ հայրենակիցների հետ, որոշել էր կանանց խումբ հավաքագրել ու իբրեւ թե բարձր աշխատավարձով երեխաներ պահելու պատրվակով տանել Նազելի քաղաք: Վերջինս ամսական երեք հարյուր դոլար աշխատավարձ խոստանալով՝ ծուղակն էր գցել իր ծանոթներից մեկին՝ Սուսաննա Սարգսյանին: Տարեց կնոջը Թուրքիայի մի քանի քաղաքներ՝ Տրապիզոն, Քուշուդաս, իր հետ «ֆռռացնելով»՝ կավատին վերջապես հաջողվել էր Նազելի քաղաքում Սուսաննային մարմնավաճառ դարձնել: Վերջինս էլ ճարահատյալ, գոնե ետդարձի տոմսի փող աշխատելու ու հայրենիք վերադառնալու փափագով, մեկ ամիս ժամկետով համաձայնել էր ընկերակցել Կարինե Փանոսյանին, ով, սակայն, նրան աշխատեցնելով՝ այդպես էլ կոպեկ չէր վճարել: Ինչպես պնդում էր տուժողը, ինքն աշխատել էր 2500 ԱՄՆ դոլար: Սուսաննա Սարգսյանի բախտը բերել էր, երբ հուլիս ամսին պատահաբար մարմնավաճառների բնակարան էին ներխուժել թուրք ոստիկաններն ու դեպորտ խփել: Վերջինս հայրենիք վերադառնալով որոշել էր վրեժ լուծել Կարինե Փանոսյանից՝ նրան «քաշպատառ անելով միլիցիա»:

Օրերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը վճռեց Կարինե Փանոսյանին հանցավոր ճանաչել Քրօրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ դատապարտելով 5 տարվա ազատազրկման:

Չնայած սենսացիոն դատավարություններին՝ փաստն այն է, որ գործազրկությամբ տառապող գյումրեցիները դեռ շարունակում են դրսերում աշխատանք փնտրել ու խայտառակ պատմությունների մեջ հայտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել