Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատագրված հարկը հանելուն պատրաստ չենք

Մայիս 29,2007 00:00

Կառավարությունն այդ հարկատեսակն առայժմ ուզում է փոփոխել ու վերանայել, բայց՝ չհանել:

Օրերս կառավարությունը հաստատեց «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009 թթ. եռամյա ծրագիրը» եւ որոշեց վերանայել ու փոխել հաստատագրված վճարների ինստիտուտը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այս առնչությամբ լրագրողներին մեկնաբանել էր, որ Հայաստանում հաստատագրված վճարների համակարգը զարգացման կարիք ունի, քանի որ ծառայությունների եւ ապրանքների գները փոփոխվել են, ուստի, դրան զուգահեռ, պետք է փոխվեն նաեւ հաստատագրված վճարները: Փոփոխման ենթակա են մասնավորապես հանրային սննդի, բենզինի, ծխախոտի, գազի, խաղային բիզնեսի հաստատագրված վճարները: Դրանք խիստ շահութաբեր բիզնեսներ են, եւ կառավարությունն արդեն այս տարվա դեկտեմբերից նախատեսում է վերանայել այդ ոլորտի գործարարների վճարած հաստատագրված հարկերը:

Նկատենք, որ միջազգային կառույցները, մեր երկրի տնտեսության եւ հարկային քաղաքականության մասին խոսելիս, միշտ կշտամբում են կառավարությանը՝ չափից շատ հարկատեսակներ կիրառելու համար: Ըստ միջազգային կառույցների, որոնք մշտապես Հայաստանի տնտեսության մասին զեկույցներ են պատրաստում, պետք է հարկատեսակները «մաղել» ու թողնել միայն մի քանիսը, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն: Օրինակ, բազմիցս առաջարկվել է հանել հաստատագրված հարկատեսակը եւ դրա փոխարեն միայն շահութահարկ գանձել: Մինչդեռ մեր կառավարությունն առայժմ այդ հարկատեսակը փոխելու կամ հանելու մտադրություն չունի: Տնտեսագետները նույնպես դեմ են հաստատագրված հարկը հանելու մտքին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը՝ «Մեր տնտեսությունն ընդհանրապես պատրաստ չէ դրան, որովհետեւ մենք ոչ մի մեխանիզմ չունենք շահութահարկը նորմալ գանձելու: Եթե ենթադրենք, որ բենզին ներկրող իքս ընկերությունը վճարում է տարեկան 150 մլն դրամ հաստատագրված վճար եւ ցույց է տալիս 0 տոկոս շահույթ, այսինքն՝ շահութահարկ չի վճարում, ապա ի՞նչ մեխանիզմ կա նույն ներկրողին ստիպել 100 տոկոս շահույթը ցույց տալ, նրանց չեն կարողանա ստվերից բերել լույս: Մեր հարկային քաղաքականությունը պարզապես խայտառակ վիճակում է, կարելի է ասել՝ քաղաքականություն ընդհանրապես չկա, հարկայինը մտածում է միայն հարկ հավաքելու մասին, ահա թե ինչու դեռ չենք կարող հաստատագրված հարկատեսակը վերացնել»: Տնտեսագիտական համալսարանի «Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ամբիոնի վարիչ Ալբերտ Արշակյանը նույնպես գտնում է, որ հաստատագրված հարկատեսակն անհրաժեշտ է մեր տնտեսությանը՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: «Այդ հարկը եթե հանեն, դա առաջին հերթին կվնասի ՓՄՁ-ներին: Մենք դեռ պատրաստ չենք այդ փոփոխությանը, դեռ ժամանակը չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նա:

Բացի բենզինի, գազի, ծխախոտի բիզնեսներից, հաստատագրված հարկ են վճարում նաեւ տոնավաճառները: Մեր երկրում գործող թեեւ բոլոր տոնավաճառներում հսկայական գումարներ են շրջանառվում, բայց դրանց չնչին մասն է պետբյուջե մուտքագրվում, քանի որ, անկախ շահույթի չափերից, տոնավաճառների տնօրինությունը վճարում է կոնկրետ ֆիքսված հաստատագրված գումար: Տնտեսագետները միայն տոնավաճառների մասով դեմ չեն, որ հաստատագրված հարկի փոխարեն վերջիններս շահութահարկ վճարեն: Բայց առայժմ դրան նույնպես պատրաստ չենք, քանի որ, ըստ Էդուարդ Աղաջանովի, նախ պետք է այնտեղ աշխատող վաճառականները մտնեն հարկային դաշտ, ձեւակերպվեն որպես անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ, որպեսզի տոնավաճառների շրջանառությունն ամբողջությամբ երեւա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել