Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՃՈԽ ՔԵՖ ԵՆ ԱՆԵԼՈՒ

Մայիս 29,2007 00:00

\"\"Այս տարի էլ տասներորդցի երեխա ունենալը ծնողների վրա թանկ կնստի

Համաձայն քաղաքապետի որոշման, այս տարի դպրոցների շրջանավարտներին «վերջին զանգից» հետո արգելվում է ավարտական երեկոների ու խնջույքների կազմակերպումը: Չնայած սրան, տասներորդցիները, այնուամենայնիվ, խնջույքները ճոխ են նշելու: Համենայնդեպս, այդ մասին են վկայում Երեւան քաղաքի մի շարք ռեստորանների ու սրճարանների աշխատակիցներ, որոնք «Առավոտին» հավաստիացրին, որ ավարտական երեկոների պատվերներ այնքան շատ ունեն, որ նոր պատվերներ չեն կարող ընդունել: Նրանք նշում են նաեւ, որ հատուկ շրջանավարտների համար կազմել են նոր ճաշացուցակ՝ նոր գներով ու նաեւ զեղչերով: «Վերջին զանգի» երեկոյի ինքնատիպ ու շքեղ հագուստի փնտրտուքից հետո, շրջանավարտների ամենակարեւոր հոգսը դառնում է որեւէ հայտնի զվարճանքի օբյեկտում կազմակերպվելիք երեկոն: Իսկ թե որքանով կպակասի շրջանավարտի ծնողների ընտանեկան բյուջեն ավարտական երեկոյից հետո, կախված է նախընտրած ռեստորանից ու սեղանի բազմազանությունից:

«Բելաջիո» ռեստորանային համալիրն առաջարկում է հարուստ ու հետաքրքիր ճաշացանկ՝ նույնքան հետաքրքիր գումարի դիմաց: Այսպես. 2 տեսակի տաք կերակուր, մսի, ձկան եւ պանրի ասորտիներ, ձկնկիթ, 2 կամ 3 տեսակի աղցաններ, ոգելից խմիչքներ (բացի կոնյակից), հյութեր ու մրգեղեն պատվիրելու դեպքում մեկ անձի համար պետք է նախատեսել առնվազն 18-20 հազար դրամ: Ռեստորանի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց. «Ի տարբերություն մյուս օբյեկտների, մենք այս գնի մեջ ներառել ենք նաեւ երգիչ-երգչուհիներին տրվող գումարները»: Սակայն տեղեկացնենք, որ անվճար երաժշտություն կարելի է լսել նաեւ «Փարվանա» ռեստորանում: Այս օբյեկտն իր հաճախորդներին առաջարկում է ոչ բազմազան ժանրի երաժշտական կատարումներ, երգերը Սպիտակցի Հայկոյի, Նաիրա Տեր-Կարապետյանի ու Կարեն Հակոբյանի երգացանկից են՝ իրենց իսկ կատարմամբ: Այն շրջանավարտներին, ովքեր նախընտրում են իրենց ավարտական երեկոն տոնել «Փարվանայում», տեղեկացնենք, որ 2 տեսակի տաք ուտեստի, աղցանի, ալկոհոլային խմիչքի ու հյութերի համար պետք է վճարել մոտ 9-ից 10 հազար դրամ՝ մեկ անձի համար: Սակայն «Փարվանայից» ռաբիս երգի երկրպագուներին խորհուրդ տվեցին՝ այնտեղ գտնվել երեկոյան ժամը 19-ից մինչեւ գիշերվա 1-ն ընկած ժամանակահատվածում, հակառակ դեպքում պետք է նախատեսել մի քանի հազար դրամ ավելի գումար, քանի որ այս օբյեկտի երգիչ-երգչուհիներն իրենց հաճախորդների համար անվճար երգում են միայն նշված ժամերին:

Քաղաքում հայտնի «Օջախ» ռեստորանն իր դռները շրջանավարտների առջեւ կբացի միայն այն դեպքում, «եթե նրանք իրենց պարկեշտ պահեն» ու մեկ անձի համար վճարեն մոտ 13 հազար դրամ: «Բացի տաք ու սառը ուտելիքներից ու խմիչքներից, նշված գնի մեջ ներառված է նաեւ երաժիշտների փողը: Իսկ մեզ մոտ երգում են 2 ճանաչված երգչուհիներ՝ Մառան ու Գոհարը, ու նաեւ շատ հայտնի երգիչներ Հարութը, Գեւորգը, նրանց հեռուստացույցով շատ տեսած կլինեք»,- մեզ տեղեկացրեց օբյեկտի՝ սպասարկման գծով պատասխանատուն: Նա նաեւ հավելեց, որ շրջանավարտներն իրենց երեկոն ավելի հետաքրքիր ու կազմակերպված դարձնելու համար կարող են մի քիչ ավելի փող հավաքել ու «Ժպիտ» ակումբից շոումեն հրավիրել, որն էլ դահլիճում ուրախ մթնոլորտ ապահովելու համար պահանջում է ընդամենը 300-400 դոլար: «Ուրարտու» ռեստորանային համալիրի պատասխանատուներն էլ խորհուրդ տվեցին շոումենին «դրսից բերել. դե, էդպես ավելի էժան կլինի»: Իսկ իր ծառայություններից օգտվել նախընտրողներին առաջարկում է մեկ անձի համար վճարել 9000 դրամ ու օգտվել բազմազան սեղանից կամ վճարել 6000 դրամ՝ ճաշացանկից հանելով աղցաններն ու որոշ թանկարժեք խմիչքներ:

Թեեւ ուտելիքների առումով «Չերին» որեւէ նոր բան չի առաջարկում, բայց խոստանում է երգիչ-երգչուհիների բազմազանություն ապահովել: Այստեղ, համապատասխան վճարի դեպքում, իրենց երգացանկով շրջանավարտների երեկոն կզարդարեն Հասմիկ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Արսեն Սաֆարյանը եւ ուրիշներ: «Սեղանին ամեն ուտելիք էլ կլինի՝ 8-ից 10 հազար դրամի սահմանում»,- տեղեկացրեց ռեստորանի մենեջերը: Այն շրջանավարտները, ովքեր արդեն շատ գումարներ են ծախսել «վերջին զանգի» գեղարվեստական մասն ապահովելու ու նաեւ մանկավարժներին նվերներ գնելու համար, ստիպված կլինեն բավարարվել համեմատաբար քիչ հայտնի ու քիչ ծախսատար ռեստորանների ծառայություններով: Օրինակ՝ «Արիա» ռեստորանն առաջարկում է քեֆ անել 4500-5000 դրամով՝ «եւ կարող են ուրախանալ ինչքան ուզեն»,- տեղեկացրեց «Արիայի» սպասարկման պատասխանատուն եւ ավելացրեց. «Իսկ եթե կուզեք պորտապար նայել՝ պետք է ձեր միջոցառումը ուրբաթ, շաբաթ կամ կիրակի օրերին կազմակերպեք ու 6 հոգուց բաղկացած մի սեղանի համար լրացուցիչ 1000 դրամ վճարեք: Նույնքան արժե նաեւ մեր ռեստորանի երգիչներին պատվիրվող մեկ երգը»:

Ավելի համեստ հնարավորությունների տեր շրջանավարտներն էլ, թերեւս, ստիպված կլինեն կամ դիսկոտեկներ այցելել, կամ էլ պարզապես քաղաքապետի որոշումը հարգել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել