Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓՐԿԵ՞Ն ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ

Մայիս 29,2007 00:00

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն օրերս «ԺԵ»-ի թղթակցի հարցին՝ «Հոգեբանորեն արդեն պատրաստվե՞լ եք լքել նախարարի աթոռը», մասնավորապես պատասխանել էր. «Դեռ համոզված էլ չեմ՝ լքո՞ւմ եմ, թե՞ ոչ»: Եվ մյուս հարցին՝ «Ձեզ պաշտոնից հեռացնելը միայն քաղաքակա՞ն դրդապատճառներով կարող է լինել, թե՞…»՝ պատասխանել էր. «Միանշանակ՝ այո: Այլ ի՞նչ խնդիր կարող է լինել»:

Իհարկե, էլ ի՞նչ խնդիր կարող է լինել: Թեեւ մեր թերթում հրապարակվել էին Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի փաստաթղթերով հիմնավորված հոդվածները՝ Վարդան Այվազյանի բարեկամների կողմից հանքերի սեփականաշնորհման մասին: Ցանկացած այլ երկրում նման հրապարակումները եթե կառավարական ճգնաժամ չառաջացնեին, ապա առնվազն պիտի հանգեցնեին նախարարի պաշտոնանկության: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նախագահ Պոլ Վուլֆովիցը վերջերս հրաժարական տվեց, երբ բացահայտվեց, որ նա անհիմն կերպով բարձրացրել էր իր սիրուհու՝ ՀԲ աշխատակցուհի Շահա Ռզայի աշխատավարձը: Բանկի տնօրենների խորհուրդը անց էր կացրել հետաքննություն եւ եզրակացրել, որ Վուլֆովիցի արարքը հարիր չէ բանկի էթիկային: Իսկ մեր կառավարությունը մինչեւ հիմա անգամ չի էլ արձագանքել բնապահպանության նախարարությունում կոռուպցիայի այս ակնհայտ փաստերին: Այդ քարոզարշավի ընթացքում էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է նաեւ պատժել: Այ, եթե մենք պարբերաբար լսենք՝ 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ կամ միգուցե ամեն շաբաթ, որ որեւէ պետական պաշտոնյա ձերբակալվի կամ պաշտոնատար անձ… այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի»: Բայց դե, նախընտրական շրջանում բնապահպանության նախարարին չէին կարող պատժել՝ մարդը վիրահայերի ձայներն էր ապահովում ՀՀԿ-ի համար: Իսկ հիմա Վարդան Այվազյանը, որ ՀՀԿ ցուցակում 15-րդն է՝ անցել է ԱԺ եւ կարող է նաեւ թողնել նախարարի պաշտոնը ու ձեռք բերել անձեռնմխելիություն: Եվ հավանականությունը, որ երբեւէ քրեական գործ կհարուցվի՝ դառնում է գրեթե զրո: Ըստ այդմ, խիստ հավանական է, որ Վարդան Այվազյանին պատգամավոր կդարձնեն՝ փրկելով պատասխանատվությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել