Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն

Մայիս 29,2007 00:00

Այրել են թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀԺԿ Ալավերդու տարածքային կազմակերպության քարտուղար Լարիսա Փարեմուզյանի բնակարանի դուռը:

Մայիսի 28-ի գիշերը, ժամը 02:30-03:00-ի սահմաններում, փորձել են հրդեհել Լարիսա Փարեմուզյանի բնակարանը, որը 5 հարկանի շենքի 2-րդ հարկում է: Եվ միայն երջանիկ պատահականությամբ արթնանալով ծխով լցված բնակարանում՝ նա օգնության է կանչել հարեւաններին եւ մարել կրակը:

Լարիսա Փարեմուզյանն «Առավոտին» պատմեց, թե ինչ էր եղել մինչ այդ. «Մայիսի 18-ին դիմել էինք Լոռու մարզի դատախազություն՝ թիվ 31 ընտրատարածքում խոշոր չափերի անճշտությունների կապակցությամբ, որի մասին հրապարակում է եղել նաեւ «Առավոտ»-ում: Մայիսի 25-ին մարզի դատախազն ինձ եւ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանին հրավիրել էր դատախազություն: Ես բացատրեցի, որ 6600 անճշտություն կա թիվ 31 ընտրատարածքում, եւ դատախազին հայտնեցի, թե գտնում եմ, որ այդ անճշտությունների քանակի տակ մեծ կեղծիքներ են թաքնված: Իմ դիմումում նաեւ նշել եմ փաստեր, որ չօգտագործված 85 կամ 700 քվեաթերթիկից մարվել է 4-ը: Նման օրինակներից հետո դատախազը հայտնեց, որ պետք է առանձին տեղամասերում վերահաշվարկ կատարել: Եվ ինձնից պահանջեց ներկայացնել 2-րդ դիմումը, որտեղ պիտի խնդրեի կատարել վերահաշվարկ: Այդ դիմումը պիտի ներկայացնեի մայիսի 28-ին: Վռամ Վանյանը շատ նյարդային ու ցավագին ընդունեց այդ լուրը, որ պետք է կատարվի վերահաշվարկ: Նույնիսկ շատ տգեղ խոսեց թիվ 31 ԸԸՀ-ում «Արդարություն» դաշինքը ներկայացնող անդամի հասցեին, որը բողոք է գրել, թե այս ընտրատարածքում շուրջ 15 պարկեր բաց են եղել եւ այլն: Մենք բավական սուր խոսակցություն ունեցանք:

Իսկ մայիսի 28-ի գիշերը տարօրինակ ձայն լսեցի տանը: Ինձ թվաց՝ երեւի ջուր եմ բաց թողել: Վեր կացա ու ի՜նչ տեսնեմ՝ դուռս բոցերի մեջ է, տունս այրվում է: Հարեւաններին օգնության կանչեցի, 15-20 րոպեում հանգցրինք հրդեհը: Շուրջ 1 ժամ հետո եկան հրշեջները, հետո՝ ոստիկանները: Նրանք պարզեցին, որ դռանը դրսի կողմից անվադող են դեմ արել, սոլյարկա լցրել եւ այրել: Ես գտնում եմ, որ սա, ամենայն հավանականությամբ, կապված է վերահաշվարկի մեր պահանջի հետ, քանի որ վերջին 1,5 ամսում որեւէ հոդված չեմ գրել (իմ հոդվածները հիմնականում կոռուպցիայի դեմ էին): Եվ գտնում եմ, որ սա շարունակությունն է քարոզչության ընթացքում Գուգարքում իմ դեմ իրականացված արգելքների, որոնց կապակցությամբ դիմել եմ ոստիկանություն: Նույն ձեռագիրն է՝ վախեցնելու, որ վերահաշվարկ չպահանջեմ»: Թիվ 31 ընտրատարածքում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Սարիբեկյանը: Եվ Լարիսա Փարեմուզյանը ցուցմունքում գրել է, թե կասկածում է, որ կատարվածը Վռամ Վանյանի եւ Կարեն Սարիբեկյանի կազմակերպածն է: Ոստիկանության Ալավերդու բաժինը հարուցել է քրգործ ՔՕ-ի 185 հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասել՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով):

Նշենք, որ երբ քարոզարշավի ընթացքում բռնություն էր կիրառվել Լարիսա Փարեմուզյանի նկատմամբ՝ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասել էր, թե ինչ է եղել որ՝ թեւից մի քիչ քաշել են: «Այո, այդպիսի խոսակցություններ եղան, Գուգարք գյուղից մեզ դուրս անելու կապակցությամբ,- ասաց տիկին Լարիսան:- Եվ չեմ հավատում, թե Ալավերդու ոստիկանությունը կբացահայտի այս ամենը: 1-2 ամիս առաջ էլ իմ գրասենյակի նկատմամբ ոտնձգություն կատարվեց՝ էլի ոչ մի արձագանք: Սա՛ է մեր պետության վիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել