ՀՀ իրավապահ համակարգում իրար տակ փորելն ավանդույթ է
Այն, որ ՀՀ ոստիկանության բաժիններում կամ ժամանակավոր պահման մեկուսարաններում թեկուզ մեկ անգամ ոտք դրած քաղաքացին ստորացուցիչ եւ մարդկային արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի, ծեծի ու խոշտանգումների է ենթարկվում՝ նորություն չէ: Որ անցած ավելի քան տասը տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ ոստիկանություն մտած ողջ-առողջ մարդն իր հարազատներին վերադարձվել է դիակի տեսքով՝ եւս եզակի դեպք չէ: Բայց փաստ է նաեւ այն, որ իրավապահ կոչվող համակարգը խժռում է ոչ միայն ՀՀ ոստիկանության տարածք ոտք դրած շարքային քաղաքացիներին, այլեւ հենց ի՛ր աշխատակիցներին, երբ դրա համար պատեհ առիթ է ներկայանում: Այդպիսի պատեհ առիթներից մեկը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկի ասելով, դարձել է մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի «ինքնասպանությունը»:
Անցած օրերին թերթերն արդեն անդրադարձել են մայիսի 9-ին «Պանդոկի» մուտքի մոտ Ստեփան Վարդանյանի սպանությանը, Գագիկ եւ Աշոտ Վարդանյանների միջեւ համատեղ բիզնեսում ինչ-որ բան կիսել չկարողանալու արդյունքում ծայր առած թշնամությանն ու ընտանեկան վենդետայի նախապատմությանը: Հիշեցնենք, որ ներընտանեկան թշնամանքի արդյունքում սպանվել է ոչ միայն «Քաղցրիկ» հրուշակեղենի արտադրամասի եւ «Վարդանանք» ռեստորանի սեփականատեր Աշոտ Վարդանյանը, այլեւ նրա թշնամին դարձած Գագիկ Վարդանյանի տղան՝ Ստեփան Վարդանյանը: Ավելի վաղ՝ 2005-ին, սպանվել էր նաեւ վերջինիս ընկերներից մեկը՝ Էդիկ Նիկողոսյանը: Մահափորձ էր կատարվել նրա մյուս ընկերոջ՝ Արմեն Թարխանյանի դեմ, որն իրականացնելու մեղադրանքով Աշոտ Վարդանյանի տղաներից մեկն առ այսօր գտնվում է հետախուզման մեջ: Այս սպանությունների շարանը, թերեւս, չլիներ, եթե Աշոտ Վարդանյանի մտերիմներ, ՀՀ ոստիկանության մի երկու բարձրաստիճան սպաներ՝ ի դեմս Մայիս Անտոնյանի եւ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Միրիջանյանի, ժամանակին գործուն ջանքեր գործադրած չլինեին Վարդանյանների ընտանիքում սկսված «սամասուդի» արդյունքում առաջին սպանությունը (Էդիկ Նիկողոսյանի) պարտակելու համար, որի մեջ կասկածվում էին Ա. Վարդանյանի տղաները՝ Արտյոմն ու Արթուրը: ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների, ինչպես նաեւ Էդ. Նիկողոսյանի հոր՝ Գագիկ Նիկողոսյանի հավաստմամբ՝ այդ սպանության պատմությանը քաջատեղյակ է եղել այն ժամանակ Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, ով իր պարտքն էր համարել բացահայտել հանցագործությունը, բայց նրան պարզապես «վերեւից» թույլ չեն տվել, իսկ գործի վարույթը տեղափոխվել էր Շենգավիթի դատախազություն: Վարդանյանների ընտանիքի թշնամության պատճառով այդ ընտանիքի անդամների եւ նրանց մտերիմների փոխադարձ ոչնչացման վերջին ակորդը եղավ 2007-ի մայիսի 9-ին, երբ «Պանդոկ» ռեստորանի մուտքի մոտ Արտյոմ եւ Արթուր Վարդանյանների երկու ընկերները, ովքեր այսօր հետախուզման մեջ են, սպանեցին Ստ. Վարդանյանին: Մեր աղբյուրի ասելով, դա այն պատեհ առիթն էր, որը Հ. Թամամյանն ի պաշտոնե կարող էր օգտագործել կիսատ մնացած գործն ավարտին հասցնելու եւ հանցագործության շարանը կասեցնելու համար, առավել եւս, որ արդեն բավարար ապացույցներ կային պնդելու, թե Լ. Գուլյանն իր ռեստորանում սկսված եւ սպանությամբ ավարտված «ռազբորկայի» ակամա վկան չէր: Նա եւս Աշոտ Վարդանյանի որդիների՝ Արթուրի եւ Արտյոմի մտերիմ ընկերներից մեկն էր: Ավելին, Ստ. Վարդանյանին սպանած երկու երիտասարդները, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով չի մատնանշվում, եղել են նաեւ Գուլյանի ընկերները: Ուստի՝ մեր աղբյուրի ասելով, տրամաբանական չէ, որ Լ. Գուլյանը վիճող կողմերին հարեւանցիորեն դուրս հրավիրեր ռեստորանից ու մի կողմ քաշվեր, ինչպես ներկայացվում է: ՀՀ ոստիկանության վարկածով, Գուլյանն իր ընկերների եւ Ստ. Վարդանյանի հետ դուրս է եկել ռեստորանից, նաեւ մասնակիցն ու ականատեսն է եղել տեղի ունեցած սպանությանը: Հենց դրանով է բացատրվում նաեւ այն փաստը, որ նրա բջջայինի մարտկոցը հայտնաբերվել է սպանության վայրում՝ ռեստորանի մուտքի մոտ: Իր ցուցմունքում դեպքի վայրում մարտկոցի հայտնաբերվելու հանգամանքը Գուլյանը բացատրել է հետեւյալ կերպ՝ ջղայնացել եմ, հեռախոսս խփել եմ գետնին, ջարդել: Ընդ որում, մայիսի 9-ին Շենգավիթի ոստիկանությունը «Պանդոկի» մուտքի 1.5 հեռավորության վրա կատարված սպանության մասին տեղեկացել է ոչ թե Գուլյանից, այլ՝ անհայտ անձից: Ոստիկանության աշխատակիցները նույն օրը դեպքին ականատես բոլոր վկաներին, այդ թվում՝ ռեստորանի աշխատակիցներին, բերման են ենթարկել Շենգավիթի բաժին: Նրանց թվում է եղել նաեւ Լ. Գուլյանը: Վկաների հարցաքննությունը տեւել է գիշերվա ժամը 24:00-ից մինչեւ մայիսի 10-ի առավոտյան ժամը 9:00-ն: Հարցաքննությանը մասնակցել են Շենգավիթի դատախազության, ոստիկանության քրեականի աշխատակիցները, նաեւ ՔՀ գլխավոր վարչության պետի տեղակալ Հ. Թամամյանը: Մեր աղբյուրի ասելով, Լ. Գուլյանի ու Հ. Թամամյանի միակ շփումը եղել է մայիսի 9-ին եւ տեւել է մի քանի րոպե, որովհետեւ Լ. Գուլյանը եղել է ոչ սթափ վիճակում ու բացատրություններ տալու ի վիճակի չի եղել: Նրան բաց են թողել՝ կրկին հրավիրելու պայմանով: Այն, ինչ տեղի է ունեցել Գուլյանի հետ արդեն մայիսի 12-ին, մեր աղբյուրի պնդմամբ, Հ. Թամամյանի հետ որեւէ առնչություն ունենալ չէր կարող, որովհետեւ վերջինս Գուլյանի հարցաքննությանը չի մասնակցել:
Մեր այն հարցին, թե՝ այնուամենայնիվ, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Լ. Գուլյանի «ինքնասպանությունը», մեր զրուցակիցը նախ՝ վստահեցրեց, որ անկախ փորձաքննությունն էլ առաջիկայում կհերքի նրա՝ սպանված լինելու վարկածը: Այն, որ Գուլյանը փորձել է փախչել, հաստատված է համարվում այն հանգամանքով, որ պատուհանից ցած ընկնելուց անմիջապես հետո փորձագետները պատուհանի մոտ եղած աթոռի վրա հայտնաբերել են Գուլյանի կոշիկի հետքերը, իսկ պատուհանի շրջանակներին՝ մատնահետքերը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ սեփական ոտքով ոստիկանություն եկած վկան պետք է փորձեր փախչել պատուհանից, հետեւեց հակադարձ հարցադրումը՝ Գուլյանի հարազատներն ասում են, թե մինչ այդ ոստիկանությունից նա վերադարձել էր մարմնի վրա բռնության հետքերով: Այդ դեպքում ո՞ր տրամաբանությամբ էր Գուլյանը էլի ներկայացել այն ոստիկանություն, որտեղ իրեն խոշտանգել էին: Ըստ ամենայնի, Գուլյանը վստահ է եղել, որ իրեն քրգործում որպես կասկածյալ կամ մեղադրյալ չեն ներգրավի՝ ճիշտ այնպես, ինչպես եղել էր մինչ այդ: Ավելին, ոստիկանության մեր աղբյուրը Գուլյանի մահվան պատճառ դարձած երկու հավանական վարկած է մատնանշում: Ըստ մեկի, ոստիկանությունն ուներ բոլոր հիմքերը նրան կասկածյալ համարելու համար. սպանություն կատարած անձինք նրա ընկերներն էին, նա սպանության ականատես էր եղել եւ թաքցնում էր գործին վերաբերող կարեւոր փաստեր: Զուտ տղայական իմաստով նա ոչինչ ասել չէր կարող, բայց այդ դեպքում հիմնական կասկածն այլեւս նրա վրա էր ընկնում: Նրա հարցաքննությունը կարող էր ավարտվել նաեւ խափանման միջոցի կիրառմամբ: Երկրորդ, չի բացառվում, որ ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող այն ոստիկանները, ովքեր մինչ այս պարտակել են Վարդանյանների ընտանիքների կողմից սերիական հանցագործությունները, Գուլյանին հուշել են, որ նա կարող է պատուհանով փախչել, իրենք աչքները կփակեն դրա վրա, հետախուզում կհայտարարեն, իսկ հետո ով՝ կենդանի, ով՝ մեռած: Նման դեպքեր հայրենի ոստիկանության պատմության մեջ եղել են: Բայց այս անգամ փախուստն ավարտվել է ողբերգությամբ, որովհետեւ պատուհանի տակ եղած պատվանդանն ի վիճակի չի եղել պահել Գուլյանի հաղթանդամ մարմինը: Երրորդ, նրան ծեծի են ենթարկել, ու Գուլյանը այլ ելք չի ունեցել, քան փախուստի դիմելը: Շեշտենք, որ սրանք ընդամենը վարկածներ են:
Ինչ վերաբերում է Թամամյանին, ապա՝ մեր աղբյուրների մատուցմամբ, նրա անունը մայիսի 12-ին տեղի ունեցածի առնչությամբ շրջանառության մեջ է դրվել հե՛նց ՀՀ ոստիկանության այն բարձրաստիճան սպաների կողմից, ովքեր օրգանապես տանել չեն կարողանում նրան, ու սա լավագույն առիթն են համարել նրան եւս մեկ անգամ պախարակելու համար, մանավանդ որ՝ Թամամյանն արդեն «կոստոլոմի» համբավ ունի: Մեր զրուցակիցը վստահեցնում էր, թե կոնկրետ դեպքում Թամամյանն այն շահագրգիռ ոստիկանն է, ում Գուլյանի մահը ձեռնտու լինել չէր կարող, որովհետեւ միայն Գուլյանի «օգնությամբ» նա կարող էր հասնել տարիներ առաջ սկսված այն գործի բացահայտմանը, որին նա տիրապետում է լավագույնս: Ի դեպ, մեր տեղեկություններով, Թամամյանը չի պատրաստվում լռել, նա սպասում է Գուլյանի մահվան պատճառների անկախ փորձագիտական եզրակացությանը, որից հետո կարող են ներոստիկանական սկանդալներ լինել:
Բոլոր դեպքերում, հարկ է արձանագրել, որ անկախ այն հանգամանքից, թե ով կամ ինչն է եղել Լ. Գուլյանի մահվան պատճառը՝ ՀՀ ոստիկանությունը գլխով է պատասխանատու դրա համար, որովհետեւ նա պարտավոր է ապահովել ՀՀ ոստիկանության շենք մտնող վկայի, կասկածյալի, մեղադրյալի կյանքի անվտանգությունը, ինչը Գուլյանի դեպքում չի արվել: