Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՈ՛, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑ ԵՆՔ ԼՈՒԾՈՒՄ

Մայիս 29,2007 00:00

\"\"Խոստովանում է ՀՅԴ ղեկավար անդամը Գյումրիի դեպքերի լուսաբանման առնչությամբ եւ պարզաբանում, թե որն է այդ հարցը:

Մենք ծանոթ էինք մեր լրագրող գործընկերների դժգոհություններին, որ Շիրակի մարզպետ, ՀՅԴ անդամ Ռոմիկ Մանուկյանը մայիսի 20-ին Գյումրիում քաղաքապետի տղայի մասնակցությամբ փոխհրաձգությունից հետո խուսափում է լրագրողների հետ հանդիպումներից ու հարցազրույցներից: Իսկ ահա թե երեկ ինչպես ընթացավ նրա հետ զրուցելու մեր փորձը: Քանի որ Ռոմիկ Մանուկյանը ՀՅԴ ցուցակում 16-րդն է՝ հետաքրքրվեցինք. մնալո՞ւ է մարզպետ, թե՞ դառնալու է պատգամավոր: Պատասխանեց, թե պարզ կլինի մի 2 օրից: Հայտնեցինք, թե մեր հաջորդ հարցերը վերաբերում են Գյումրիի քաղաքապետի հարցազրույցին: Դրա ընթացքում արված շատ արտահայտություններ ակնհայտորեն Գյումրիի քաղաքապետի եւ Շիրակի մարզպետի հակամարտության ծիրում են: Վարդան Ղուկասյանն ասել էր, թե նպատակ ունեն հեղինակազրկել իրեն, քանի որ «շատ-շատ մարդկանց կամքը չի կատարում: Էդ ուժերը, որոնք չեն ուզում, որ քաղաքապետը դառնա քաղաքապետ, քանի որ քաղաքական դաշտում ինքը իրենց ուժերը չի պաշտպանում»: Նաեւ նշել էր, թե միջադեպի հիմնական մասնակիցներից մեկի հայրը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի Գյումրիի պատասխանատու, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանն իր օգտին շատ լավ ելույթներ է ունեցել. «Ամբողջ մարզպետարանի դեմ ելավ մարդն ու ասեց, որ միակ աշխատող մարդը սա է: Դրա համար գործից հանեցին, շատերի դուրը չեկավ»: Ի վերջո, մարզպետի հասցեին ուղղակի ակնարկ էր արել՝ նշելով, թե այս ամենի պատվիրատուներն «էն մարդիկ են, որոնց ես ասում էի՝ բնակարանները փողով եք վաճառում… Շատ-շատերին դուր չի գալիս, որ ես ասում եմ՝ 4700 անօթեւան էր Գյումրիում, հիմա դառել է 4000, ոչ թե 1500: Դրանք են էս անողը»: Վերջին մեջբերումը հիշեցրինք Ռոմիկ Մանուկյանին, եւ նա ասաց. «Սա մենակ իմ մասին չէ», սակայն այդ պահին պատահաբար անջատվեց հեռախոսը: Եվ դրանից հետո մարզպետը մե՛կ անհասանելի էր, մե՛կ հեռախոսահամարը զբաղված էր: Իսկ երբ վերջապես հաջողվեց դարձյալ զրուցել նրա հետ՝ ասաց, թե հարմար տեղում չէ, կխոսենք հետո՝ 1 օր անց:

Փոխարենը մեկնաբանություններից չխուսափեց Գյումրիում կատարվածն ամենաակտիվը լուսաբանող եւ դրա համար Վարդան Ղուկասյանի մեղադրանքներին արժանացած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանը: Նրան հիշեցրինք Գյումրիի քաղաքապետի դժգոհությունները, թե իր դեմ կուսակցական-քաղաքական պատվեր է գործում. «Ինձ խփեցին՝ էսքան չհեռարձակվեց: 4 հատ մարդ է մահացել, էսքան չեն հետաքրքրվում՝ ոնց որ հիմա, ինչ-որ կակոյ-նիբուձ… չգիտեմ ինչ է եղել»: Այս ամենին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը նախ ընդգծեց, թե Գյումրիի քաղաքապետը խուսափեց որեւէ հեռուստաընկերության անուն տալ, բայց շատերն են նրա ակնարկների հասցեատիրոջն ընկալել նույն կերպ. «Եվ եթե խոսքն իրոք վերաբերում էր «Երկիր Մեդիա»-ին՝ հեռուստաընկերությունը տվյալ դեպքում լուծում էր, այո՛, քաղաքական հարց: Իսկ քաղաքական հարցը հետեւյալն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում որեւէ մեկը չպիտի լինի անպատժելի, առանձնաշնորհյալ եւ ֆեոդալ: Տվյալ դեպքում, որեւէ կուսակցության հարց չէ սա, այլ, կարծում եմ, ցանկացած հեռուստաընկերության եւ այլ լրատվամիջոցի ներկայացուցչի առաքելությունը սա պետք է լինի մեր երկրում: Քանի որ, ի վերջո՝ երբ ասում ենք չորրորդ իշխանություն, սա նշանակում է նաեւ՝ իշխանություն, որը ցանկանում է երկրի առաջընթացը: Ինչ վերաբերում է քաղաքապետի՝ մեզ ուղղված մեղադրանքին՝ ծախու լինելու վերաբերյալ, դա թողնում եմ ամեն մեկի խղճին: Եվ վերջինը՝ քաղաքապետը խոսում էր իր դեմ իրականացված մահափորձին այդքան մեծ արձագանք չտալու մասին. «Երկիր Մեդիան» այն հեռուստաընկերությունն էր, որը Գյումրիի քաղաքապետի դեմ կատարված մահափորձից ուղղակի հաշված րոպեներ անց՝ մինչեւ կեսգիշեր, ու վաղ առավոտ, մանրամասն լուսաբանում էր տեղի ունեցածը՝ սկսած դեպքի վայրում նկարահանումներից, վերջացրած Վարդան Ղուկասյանի եւ այլ վիրավորների առողջության մասին հիվանդանոցից ռեպորտաժներով: Նաեւ հեռարձակել ենք ռեպորտաժներ թաղման արարողություններից այն տղաների, որոնք զոհ դարձան ոչ իրենց մեղքով: Այնպես որ, ցանկացած իրադարձություն մեզ համար կարեւոր տեղեկատվություն է, եւ ցանկանում ենք տեղեկացնել մեր հասարակությանը: Եվ այսօր հպարտությամբ կարող եմ ասել՝ այո՛, «Երկիր Մեդիան» մի քանի օր շարունակ ահազանգում էր այն այլանդակության մասին, որը տեղի էր ունենում Հայաստանի երկրորդ քաղաքում, որտեղ հակառակ Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեսակետի՝ այո, հանցագործությունների թիվը շատ բարձր է: Եվ երբ այդ հակամարտության մյուս կողմը մայիսի 26-ին Գյումրիի հեռուստակայաններից մեկին տված հարցազրույցում պատմում է, որ 15-20 կմ շարունակ՝ իր որդու մեքենան հետապնդելով կրակահերթեր են արձակել, դրանից հետո որեւէ բարձրաստիճան պաշտոնյա իրավունք չունի ասելու, թե այդ քաղաքում տիրում է հանգստություն եւ խաղաղություն»: Հիշեցրինք՝ Վարդան Ղուկասյանը նաեւ ասել էր. «Եթե համեմատում ես մնացած քաղաքների կրակոցների հետ՝ մեր կրակոցները ոնց որ սրբություն լինեն, էդպիսի կրակոցներ Երեւանում ամեն ժամը մեկ տեղի են ունենում»: Այս հիշեցմանը Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Եվ շատ ուրիշ արտահայտություններ էլ արվեցին, որոնք ուղղակի պատիվ չեն բերում Հայաստանի որեւէ պաշտոնյայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել