Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիսը կրկին Երեւանում է

Մայիս 28,2007 00:00

Երեւանում շարունակվող «Ազգային պատկերասրահ» միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում այսօր պատկերասրահի Որմնանկարների դահլիճում հանդես կգա գերմանաբնակ երիտասարդ թավջութակահար Դենիս Ժդանովը:Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց՝ անցյալ տարի մասնակցելով Երեւանում կայացած Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթին՝ արժանացաք ընդամենը «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, այն դեպքում, երբ արդեն ունեիք հեղինակավոր այլ մրցույթներին մասնակցելու փորձ ու քանիցս շահել էիք պատվավոր տեղեր. «Առաջին անգամ 1997-ին Մոսկվայում մասնակցել եմ Ռուբինշտեյնի անվան մրցույթին, արժանացել առաջին մրցանակին, 2004-ին էլ Ավստրիայում Բրամսի անվան միջազգային մրցույթում գրավել եմ առաջին տեղը եւ այլն: Խաչատրյանի անվան մրցույթի հետ կապված, ունեի մեկ երազանք՝ հասնել եզրափակիչ փուլ եւ հայ անվանի կոմպոզիտորի հայրենիքում կատարել իր հայտնի գործերից՝ Թավջութակի եւ նվագախմբի համար գրված «Կոնցերտ-ռապսոդիան»: Ինչ վերաբերում է հայաստանյան մրցանակին, հավատացնում եմ՝ ցանկացած երաժիշտ կատարողի համար ամենաբարձր պարգեւը հանդիսատեսի համակրանքն է»: Թավջութակահարը հայտնեց նաեւ, որ ինքն անցյալ տարի երջանիկ էր, որ Խաչատրյանի անվան մրցույթի օրերին ծանոթացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ եւ հուսով է, որ հայաստանյան այս այցի ժամանակ կսկսվի համագործակցությունը իր եւ կոմպոզիտորի միջեւ:Տ. Մանսուրյանը «Առավոտին» փոխանցեց, որ ուրախ կլինի երիտասարդ, տաղանդավոր երաժշտի մեկնաբանությամբ լսել իր գործերից ցանկացածը, չմանրամասնելով, թե դա կլինի արդեն գրվա՞ծ, թե՞ նոր երկ: Հարցին, թե ի՞նչ տպավորություն թողեց թավջութակահարը անցյալ տարի Խաչատրյանի անվան մրցույթում (ժյուրին գլխավորում էր Տ. Մանսուրյանը), կոմպոզիտորը հայտնեց հետեւյալը. «Նրա նվագը նկատվեց թե ժյուրիի, թե հանդիսատեսի կողմից: Երաժիշտը ունի նաեւ բեմական մեծ փորձ. ելույթներ է ունեցել բազմաթիվ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Մոսկվայի պետական ակադեմիական, Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռոժդենստվենսկին, Սինայսկին, Ռոստրոպովիչը, Սիմոնովը, Կացը, հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային փառատոներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել