Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 28,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ քսաներկուերորդ

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈՆ

Հիմա Պողոսիկը տարվա հալալ կեսն իր ու մեր մինուճար հայրենիքում է անցկացնում, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, Լոսում աշխատելն ու Հայաստանում ապրելը շատ ձեռնտու է, մանավանդ որ՝ վերջին շրջանում արդեն Պողոսիկը տարվա հալալ կեսը հայրենիքում ո՛չ միայն ապրում, այլեւ աշխատում էլ է. վերնիսաժի լավագույն նկարիչների գործերն էժանով առնում՝ տանում է Լոս, էնտեղ էդ նկարները շքեղ շրջանակների մեջ գցում ու հարմար գնով ծախում է, ու չնայած էնտեղի էդ ճոխ շրջանակներն իր վրա մի քանի անգամ ավելի թանկ են նստում, քան՝ մեր վերնիսաժի էդ նկարները, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ՝ քառապատիկ ու հնգապատիկ շահում է, ու էդպես՝ նկարների, պուտանկեքի ու ամեն ինչի մեջ քառապատիկ ու հնգապատիկ շահելով՝ արդեն վաթսունի մատույցներին ընդհուպ մոտեցած Պողոսիկը նոր-նոր է սկսում հասկանալ՝ ինչ ասել է կատարյալ երջանկություն, եւ իր էս ուշացած երջանկությունն ինքը կատարելության հասցրեց՝ ճիշտ ժամանակին Երեւանի ամենակենտրոնում միսենյականոց առնելով, ու հիմա արդեն ո՛չ հյուրանոցների վրա է անտեղի փող մսխում եւ ո՛չ էլ ընկերների ու ազգականների տներում մնալով՝ ավելորդ լավությունների տակ է մտնում եւ, որ ամենակարեւորն է, պուտանկեքին էլ արդեն ո՛չ թե թանկաբազար ռեստորանների կուպեներ է քարշ տալիս, այլ՝ ուղիղ իր տուն, եւ խիղճն էլ մշտապես հանգիստ է, որովհետեւ էնտեղ՝ Գլենդելում կինը, տղան ու հարսը բարեհաջող աշխատացնում են իր երկու խանութներն ու իր կարիքն էլ առանձնապես չեն զգում. մի խոսքով, Պողոսիկի դժվարին տարիները վերջնականապես հետեւում են, իսկ երջանկությունը՝ քթի տակ, եւ իր տրամադրությունը ժամանակ առ ժամանակ փչանում է միայն էն պահերին, երբ վերնիսաժից ու պուտանկեքից ժամանակավորապես բացակայելով՝ ստիպված է լինում մեր մայրաքաղաքի փողոցներում ոտով ման գալ, բայց ո՛չ թե ոտով ման գալն է իր տրամադրության վրա բացասաբար ազդում, այլ այն, որ ինքը մեր մայրաքաղաքի փողոցներում հետիոտնի դեր ստանձնելով՝ ո՛չ միայն տեսնում է, որ էստեղ աջուձախ Լոսի իր ավտոմեքենայից ավելի շքեղ ու թանկանոց ավտոմեքենաներ են վխտում, այլեւ ամեն փողոցն անցնելիս ստիպված է լինում թռչկոտել ու վազվզել, որ հանկարծ չընկնի էս թանկանոց ու գոնդոլ ջիպերի ու «Համմերների» տակ, ու նման պահերին Պողոսիկն իրեն չի կարողանում զսպել եւ արտահայտվում է՝ «որ ըստեղ հնարավոր էր ըսենց ավտո ունենալ, էլ խի՞ գնացինք հասանք էն քամբախը», եւ Լոսը քամբախ անվանելով՝ Պողոսիկը հիմնականում նկատի ունի հետերեւանյան իր ամենաառաջին տարիները, որոնք, իր ասելով, անց է կացրել զանազան էստրադային աստղերի ու քաղաքական գործիչների հետեւներից քարշ գալով, որովհետեւ, ինչպես արդեն գիտեք, Պողոսիկն էդ առաջին տարիներին հանգամանքների բերումով խորացավ իրեն ու մանավանդ մեզ անծանոթ էդ մասնագիտության մեջ, որը պաշտոնապես ու հաստիքով պրոդյուսեր էր կոչվում, բայց որեւէ առնչություն չուներ մեր իմացած պրոդյուսերության հետ, կարճ ասած՝ Պողոսիկն իր էմիգրանտության առաջին շրջանում ընդգրկվել էր երկրորդ կարգի մի էստրադային երգչի թիմում, ու էդ թիմում իր եւ իր պես եւս մի քանի ուրիշների պարտականությունն էն էր, որ ինքն ու էդ ուրիշներն էդ երկրորդ կարգի երգչի գաստրոլների ողջ ընթացքում դահլիճների առաջին կարգերում նստում եւ առաջին ծափահարողների ու «բռավո՜» ճչացողների դերերն էին ստանձնում ու էդպիսով վարակում էին դահլիճում նստած ուրիշներին, եւ, Պողոսիկի ասելով, էմիգրանտական իր մեկնարկի համար սկզբնական աշխատավարձը շատ էլ հարմար էր՝ շուրջ երկու հազար դոլար, մանավանդ որ՝ չարչարանքը քիչ էր, հյուրանոցներն՝ անվճար, եւ ուտելու վրա էլ համարյա փող չէր ծախսվում, որովհետեւ էդ երկրորդ կարգի էստրադային երգչին սկզբնական շրջանում ժողովուրդն ու մանավանդ գավառի ժողովուրդը լավ էլ ընդունում ու սիրում էր, եւ գավառներում համերգներից հետո մշտապես ճոխ ու լի սեղաններ էին գցվում, բայց շուտով էդ երգչի աստղը դեռ կարգին չծագած՝ հանկարծակի ու միանգամից խամրեց, որովհետեւ հանկարծակի ու միանգամից նոր ու առավել աչքաբաց երգիչներ հայտնվեցին, եւ չնայած Պողոսիկենց չկայացած աստղը երգելը լրիվ թարգեց ու սկսեց Հոլիվուդում երկրորդական դերեր խաղալ, բայց Պողոսիկն իբրեւ պրոդյուսեր եւ իբրեւ վճարովի ֆանատ արդեն ավելի քան կայացած էր, եւ նորերն առավել էին Պողոսիկի նմանների կարիքն զգում, այսինքն, ամերիկյան նորագույն էստրադային զուգընթաց զարգանում ու կատարելագործվում էր Պողոսիկի մասնագիտությունը, որը, փաստորեն, մեր լեզվով ասած, լեւի գործ էր եւ պաշտոնական անվանում չուներ, եւ չնայած ռոճկացուցակի իր անվան դիմաց գրված էր՝ պրոդյուսեր, բայց իրենք ամենուր ներկայանում էին՝ իբրեւ տվյալ երգչի ֆանատներ, եւ իրենց էդ արհեստը կարճ ժամանակում ո՛չ միայն չափազանց տարածվեց ու զարգացավ, այլեւ սկսեց չափազանց վտանգավոր բնույթ կրել, եւ եթե չկայացած աստղի մոտ Պողոսիկենց տասը հոգանոց խումբն ընդամենը ծափահարում ու «բռավո՜» էր գոռում, ապա նորահայտ աստղերը Պողոսիկի ու իր կոլեգաների վրա անհամեմատ լուրջ ու միանգամայն վտանգավոր պարտավորություններ էին դնում, եւ չնայած ութսունականների սկզբներին Պողոսիկը մի նորահայտ ու սեւամորթ աստղի մոտ արդեն ֆանատների խմբի ղեկավար էր, բայց իր գործն արդեն միանգամայն բարդ ու ահագին վտանգավոր գործ էր, որովհետեւ իր ղեկավարած ֆանատների խմբով ո՛չ թե սեւամորթի հետ էստեղ ու էնտեղ էին շրջագայում, այլ հիմնականում հետապնդում էին իրենց էդ սեւամորթի կոնկուրենտ երգիչներին, եւ չնայած դա է՛լ էր շրջագայություն, բայց չափազանց վտանգավոր շրջագայություն էր, որովհետեւ Պողոսիկի ղեկավարած ֆանատների խումբը պարտավոր էր ձախողել ու փչացնել սեւամորթի կոնկուրենտների ելույթները՝ հիմնականում սուլոցներով, կոպիտ արտահայտություններով եւ մեծուփոքր զանազան առարկաներ բեմ շպրտելով, եւ չնայած հաճախ էին ոստիկանության ճանկն ընկնում, բայց Պողոսիկի անգլերենն արդեն լրիվ հերիքում էր, որպեսզի լեզու թափելով` պաշտպաներ ֆանատների իրենց իրավունքներն ու ամեն անգամ իր տղերքին փրկեր ամերիկյան ոստիկանության ամենահաս ճանկերից: Այդուհանդերձ, Պողոսիկի պրոդյուսերական կարիերայի ընթացքում ամենավտանգավորը քաղաքական գործիչների հետ համագործակցությունն էր, եւ չնայած Պողոսիկն ընդամենը երկու անգամ քաղաքական գործիչների հետ աշխատեց, բայց էդ երկու դեպքերը միանգամայն բավարար էին, որ այլեւս էդ տեսակ ղալաթ չաներ, որովհետեւ, ի տարբերություն Հայաստանի, Ամերիկայում դժվար ու գրեթե անհնարին է նախապես կանխագուշակել ընտրություններում այս կամ այն քաղաքական գործչի հաջողությունն ու անհաջողությունը, եւ չնայած Պողոսիկի գործիչը նահանգապետի ընտրություններում հաղթեց, բայց Պողոսիկին բանավոր շնորհակալություն անգամ չհայտնեց, եւ արդեն կոնգրեսականում պարտվելով՝ ողջ մեղքը բարդեց իր թիմի անդամների ու անձամբ Պողոսիկի վրա, եւ չնայած աշխատավարձը տեղը տեղին էր, Պողոսիկն իր էդ գործչի հետ ողջ Նահանգները չափչփելով ու զանազան ծեծկռտուքների մեջ ընկնելով՝ վերջնականապես կողմնորոշվեց ու վերջնականապես հասկացավ, որ քաղաքականությունն անհամեմատ վտանգավոր ոլորտ է, քան, ուրեմն, արվեստը, եւ երբ էդ բանն իր համար վերջնականապես էր պարզել, բախտն անակնկալ ժպտաց, ու անակնկալ հրավեր ստացավ վաղուց արդեն կայացած Շերից, ու միջնորդն էլ Երեւանում իր հետ Ռոմանոս սովորած դաշնակահար ընկերն էր, որը Շերի խմբի հիմնական գործիքավորողն ու էդ խմբի հարց լուծողներից էր, իսկ ավելի ճշգրիտ՝ Շերի էդ տարիների ստվերային սիրեկանն էր, որն էլ ամեն քայլափոխի ստվերի պես հետեւում էր Շերին եւ բոլոր հարցերն ինքն էր լուծում, եւ երբ սիրեկանը ամսական յոթ հազարով Պողոսիկին էդ գործն առաջարկեց, Պողոսիկն արդեն Գլենդելում մթերային խանութի տեր էր, եւ կյանքն էլ արդեն ահագին հեշտացել ու թեթեւացել էր, եւ իր էդ մթերային եկամուտներին գումարելով ծնողների բարձր թոշակներից ու պրոդյուսերական իր աշխատավարձերից հետ գցվածը՝ մի կես խանութի գումար էլ արդեն հետ գցած ուներ, եւ ահա սիրեկանի էդ առաջարկն ընդունելով եւ խանութի տնօրինությունը կնոջն ու ծնողներին հանձնելով՝ Պողոսիկը միանգամայն սրտանց ինտեգրվեց Շերի խմբին, եւ քանի որ Պողոսիկի իրավանախորդին ձեռքից մաքուր չլինելու պատճառով էին սիրեկանն ու Շերը վռնդել, եւ քանի որ Պողոսիկն էլ ձեռքից չափազանց էր մաքուր, շատ շուտով Շերի խմբում իսկական հեղինակություն դարձավ, եւ էդ բանը Պողոսիկին շատ հեշտ ու շատ շուտ հաջողվեց, որովհետեւ իր իրավանախորդն էնքան անխղճորեն էր հյուրանոցային ու այլ ծախսերի փողերը լափել, որ Պողոսիկի ձեռքից մաքուր լինելն ուղղակի աչք էր ծակում, եւ երբ Պողոսիկը Շերի մի քանի փորձերին մասնակցելով՝ նաեւ երաժշտական ու ջութակահարի իր ընդունակություններն ի ցույց դրեց, շատ շուտով էդ խմբի անդամների ու անձամբ Շերի աչքի լույսը դառավ, ու գործն էլ չափազանց թեթեւ էր, ավելի ճիշտ՝ գործ չկար, որովհետեւ Շերը վաղուց արդեն իսկական աստղ էր եւ ստվերային ծափահարողների ու արհեստական բռավոների կարիք բացարձակապես չուներ, եւ Շերի խմբում Պողոսիկը ո՛չ միայն բարձր՝ յոթ հազար աշխատավարձ էր ստանում, ո՛չ միայն աշխարհն էր ոտնատակ տալիս, այլեւ՝ ամենաբարձր հասարակության հետ շփման բազմաթիվ առիթներ էր ունենում, եւ վերջապես՝ Շերի շնորհիվ ինքն արտագաղթից հետո իր առաջին այցելությունը կատարեց հայրենիք, եւ էդ առաջին այցելությունը, ցավոք սրտի, երկրաշարժի առիթով էր, եւ Շերն ու իրենց ամբողջ խումբը՝ Պողոսիկով հանդերձ, բարեգործական առաքելություն էին իրականացնում, եւ չնայած երկրաշարժի տպավորությունն ահավոր էր, Պողոսիկը հենց էդ այցելության ժամանակ հասկացավ ու զգաց, որ հայրենիքում էլ, այնուամենայնիվ, կյանք կա, ու հայաստանցիներն էլ, այնուամենայնիվ, ապրում են, եւ Հայաստանի կյանքն առավել հետաքրքիր է հատկապես զբոսաշրջիկների եւ առանձնապես ի՛ր՝ Պողոսիկի համար, եւ հայրենիքը վերագտնելով՝ Պողոսիկը Նահանգների կյանքն անգամ վերաիմաստավորեց՝ հանգելով պարզ ու ճշգրիտ կենսափիլիսոփայության, այն է՝ Նահանգներում աշխատել ու վաստակել, իսկ հայրենիքում ապրել, ծախսել ու հանգստանալ, եւ հայրենիքի իրական ու ճշմարիտ էությունը շուտով Պողոսիկին ստիպեց Լոսում երկրորդ խանութն առնել, վերջնականապես հրաժեշտ տալ Շերին, Սիրեկանին եւ պրոդյուսերությանն ընդհանրապես, եւ Սիրեկանի անունն էս անգամ մեծատառով գրեցի, որովհետեւ Պողոսիկն իր մասին նախորդ հատվածն «Առավոտում» կարդալով՝ արդեն ինձ զանգել ու զգուշացրել է, որ Սիրեկանի անունը մեծատառով գրեմ, որովհետեւ, պարզվում է, վերջինս ո՛չ միայն Շերի սիրեկանն էր, այլեւ իր անունն է՛լ էր Սիրեկան, եւ իր մասին հիմա անցյալ ժամանակով եմ գրում, որովհետեւ Պողոսիկը նաեւ ասաց, որ իրենից հետո Շերն իրենց էդ խումբն ու Սիրեկանին էլ ներառյալ ցրել եւ միանգամայն նոր խումբ է հավաքել, եւ էս ամենի մասին ինքն ինձ հայտնեց հեռախոսով, բայց՝ Երեւանից, որովհետեւ Երեւանում վերստին գարուն է, եւ Պողոսիկն էլ, բնականաբար, էստեղ է:

Մի խոսքով, Պողոսիկն արդեն Լոսում երկու խանութների տեր է, եւ չնայած երկու խանութների տեր Պողոսիկը հիմնականում իր էդ ստվերային պրոդյուսերության շնորհիվ է երկու խանութների տեր, այդուհանդերձ, իր էդ տասնհինգամյա զբաղմունքի հանդեպ մշտական երախտագիտությամբ հանդերձ, կտրականապես որոշեց թարգել էդ գործը եւ տարվա հալալ կեսն ապրել հայրենիքում, եւ պատերազմի ցուրտ ու մութ տարիների դժվարություններն անգամ Պողոսիկին հետ չպահեցին իր էս նոր կենսակերպից, այլ ընդամենը սրբագրեցին ու ճշգրտեցին իր էս նոր ապրելակերպի ձեւն ու ժամկետները, այն է՝ աշնան երկրորդ ցուրտ կեսը, ձմեռն ամբողջությամբ եւ գարնան առաջին ցուրտ կեսը գլորել Նահանգներում, իսկ տարվա հալալ մյուս կեսն ապրել ու վայելել հայրենիքում, ու նոր հազարամյակից սկսած՝ Պողոսիկն արդեն իր տարվա մեծ մասն է հայրենիքին նվիրաբերում, որովհետեւ նոր հազարամյակի ամենաառաջին օրերին ընդամենը քսան հազարով Երեւանի ամենակենտրոնում միսենյականոց առավ, ու լուսամուտն էլ հենց վերնիսաժին է նայում, ու անցած տարի արդեն իր էդ միսենյականոցին վաթսունհինգ հազար տվող կար, բայց Պողոսիկը հիմար չի ու չտվեց ո՛չ միայն էն պատճառով, որ Երեւանում տների գները շարունակում են աճել, այլեւ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ էս միսենյականոցն իր համար ոչ թե պարզապես տուն է, այլ՝ բառի ամենալայն իմաստով հանգստյան ու վայելքի տուն, ու էստեղ Պողոսիկը ոչ միայն Նահանգներից, աշխատանքից ու իր ընտանիքից է հանգստանում, այլեւ, որ ամենակարեւորն է, հանգստանում է երեսունհինգ տարի շարունակ իրեն հանգիստ չտված հարցից՝ իրենք էն ժամանակ ճի՞շտ արին, որ հայրենիքը լքեցին, թե՝ ոչ, եւ հաստատական պատասխանն իր հոգու ամենախորքում վերահաստատած՝ անցյալ աշուն Պողոսիկն ինձ ի խորոց սրտի հորդորում էր անպայման գնալ եւ անպայման «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, որպեսզի, հասկանում եք, երկքաղաքացիության օրենքն ուժի մեջ մտնի, եւ երբ անցյալ աշուն առանց իմ միջամտության սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն գլուխ բերին, Պողոսիկի երջանկությունն ամբողջացավ ու գագաթնակետին հասավ:

Ինչ վերաբերում է Վարդուշիկին, նրա ճակատագիրը Պողոսիկինից ահագին տարբեր ստացվեց: Վարդուշիկն իննսունականների վերջերին Կոմիտասի իր միսենյականոցը ջրի գնով Խաչատրյան Աշոտին ծախելով եւ, փաստորեն, Կոմիտասի իր էդ միսենյականոցը կորցնելով՝ Փարիզում գտավ իր երկրորդ՝ տրոցկիստ ու փոստատար ամուսնուն եւ, ի տարբերություն Պողոսիկի, էս նոր հազարամյակում ընդամենը մի անգամ է հաջողացրել Երեւան ոտք դնել, որովհետեւ Երեւանում ծնված, մեծացած ու ընդհուպ նախորդ հազարամյակի վերջը Երեւան ապրած լինելով՝ ինքն էսօրվա օրով Երեւանում տուն չունի եւ չնայած Պողոսիկից պակաս չի մեզ եւ Երեւանը կարոտում, բայց առայժմ ստիպված է իր կարոտը Փարիզում փարատել, եւ ահա երեկ՝ Համազգայինի Փարիզի մասնաճյուղում, երբ ես՝ որպես բանաստեղծությունը վերջնական թարգած մարդ, սառնասրտորեն հանձն առա մեր պոեզիայի երեկոն իմ արտասանությամբ բաց անել եւ երբ առաջին ոտանավորիս արտասանությունն ավարտելով՝ մի քիչ դադար տվի, վերջին շարքերում նստած Վարդուշիկն առաջի՛նն ինձ ծափահարեց, եւ երկրորդ ծափահարողը Վարդուշիկի կողքին նստած մեր պոետ ընկեր ու Ֆրանսիայի մեր դեսպանատան ներկայացուցիչ Աթաբեկյան Վահագն էր, ու Վահագից հետո արդեն ամբողջ դահլիճը թնդաց ծափահարություններից, եւ առաջին կարգից՝ դիմացս նստած քամելիազարդն աղաղակեց՝ «բռավո՜», եւ էդ նույնը շարունակվեց երկրորդ, երրորդ ու չորրորդ ոտանավորներիս ընդմիջումներին ու վերջին հինգերորդից հետո՝ անհամեմատ ավելի բուռն ու երկար, այսինքն, վերստին պաուզաներիս ժամանակ Վարդուշիկն սկսում էր, այնուհետեւ Վահագն էր միանում, հետո դահլիճն էր պայթում ու պայթյունի միջից հաճելիորեն ծորալով՝ առանձնանում էր քամելիազարդի բռավոն, այսինքն, Վարդուշիկը միանգամայն մաքուր սրտով ու միանգամայն անվճար երեկ իրիկուն Համազգայինի Փարիզի մասնաճյուղում ստանձնել էր է՛ն գործը, որ Պողոսիկը յոթանասունականների սկզբից առ ութսունինը չափազանց բարձր աշխատավարձով էր արել, եւ ինձնից հետո՝ Վիոլետի արտասանության ընթացքում է՛լ Վարդուշիկը նույնն արեց, եւ եթե իր էդ արածը միայն հայրենիքի կարոտով բացատրեմ, երեւի չափազանցրած կլինեմ, որովհետեւ անձնական գործոնն իսկապես կար հատկապես Վիոլետի՛ պարագայում, քանի որ Վիոլետն ու ինքը համակուրսեցի ու շատ մոտ ընկերուհիներ են, ու Վիոլետն էստեղ ո՛չ թե հյուրանոցում է ապրում, այլ՝ Վարդուշիկի տանը, ավելի ճիշտ՝ տրոցկիստի՛ տանը, եւ քանի որ իր տրոցկիստ փոստատարը Համազգայինի մեր երեկոյին հարգելի պատճառով ներկա չէր, Վարդուշիկը միանգամայն անկաշկանդ ինձ է՛լ էր ծափահարում, եւ իմ պարագայում է՛լ երեւի անձնական գործոնը կար, որովհետեւ ութսունականներին Երեւանում Վարդուշիկի նկատմամբ հատկապես բանաստեղծներս անտարբեր չէինք, եւ երբ Վիոլետից հետո Մարինեն սկսեց արտասանել, Վարդուշիկն արդեն ոչ այն է՝ հոգնել էր, ոչ այն է՝ անձնական շահագրգռություն այլեւս չուներ, եւ արդեն միանգամայն հանգիստ էր, եւ երբ Մարինեն ավարտեց իր առաջին բանաստեղծության բավական սրտառուչ արտասանությունը, Վարդուշիկը, տեսա, շարունակում էր իր տեղում հանգիստ նստած մնալ, եւ անմիջապես կողմնորոշվելով ու Վարդուշիկի դերն ստանձնելով՝ առաջինն ի՛նքս սկսեցի Մարինեին ծափահարել, եւ ինձնից անմիջապես հետո՝ Վահագը, Վարդուշիկն ու բոլորը, եւ երբ քամելիազարդն աղաղակեց՝ «բռավո՜», Մարինեն արդեն առավել ինքնավստահ՝ մի ա՛յլ սրտաճմլիկ արտասանություն սկսեց, եւ իր էդ երկրորդ արտասանությունից հետո էլ նույնը տեղի ունեցավ. այսինքն, Մարինեի պարագայում ի՛նքս ստանձնեցի Վարդուշիկի դերը եւ, պիտի ասեմ, շատ լավ էր ստացվում, եւ էդ ծափահարություններից Մարինեն էնքան ոգեւորվեց, որ տասից ավելի բանաստեղծություն արտասանեց, եւ քանի որ իր բանաստեղծությունները շատ կարճ էին, ստիպված էի րոպեն մեկ գործի մեջ մտնել ու ղեկավարել էդ, ուրեմն, ծափահարությունների գործը, բայց իր իսկ ասմունքով տոգորված եւ իր իսկ ասմունքի տպավորությունից ապշած՝ Մարինեն չարչարանքս ու մոլեռանդ աջակցությունս, փաստորեն, չէր էլ նկատել, եւ երբ երեկոյի բարեհաջող ավարտից հետո Գրիգոր Պլտյանը մեզ գովելով ասաց, որ երբեւէ որեւէ գրող Համազգայինի էդ տարածքում էդպիսի հաջողություն չի ունեցել, հուզված ու ոգեւորված Մարինեն Գրիգորի ասածը հաստատելով ասաց՝ «իմ բանաստեղծությունները երբեւէ այսքան խորությամբ չէին ընկալել», եւ երբ Գրիգորը Մարինեին ասաց՝ «բուռն ծափահարությունների արժանացար», Մարինեն ասաց՝ «հա. ինձ ոչ մի անգամ էսքան չէին ծափահարել», եւ երբ իրեն ասացի՝ «Վարդուշիկենք էին ծափահարում», Մարինեն Վարդուշիկին թարս նայելով՝ ինձ ասաց՝ «Վարդուշիկենք քեզ ու Վիոլետին էին ծափահարում», եւ Վարդուշիկը ծիծաղեց ու ասաց՝ «մենք Վիոլետին ու Արմենին էինք ծափահարում, իսկ Արմենը՝ քեզ», եւ Մարինեն զարմացած ասաց՝ «Արմենի ծափահարելը չեմ նկատել», եւ Վարդուշիկը ծիծաղեց ու ասաց՝ «որովհետեւ դահլիճին էիր նայում, ո՛չ թե՝ Արմենին», եւ Մարինեն նորից ասաց՝ «ինձ ոչ մի անգամ էսքան չէին ծափահարել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որովհետեւ առաջին անգամ ես հետս պոեզիայի երեկոյի մասնակցում», եւ էդ պահին մեզ մոտեցավ մեր անթոլոգիայի հրատարակիչ Հուրին եւ ասաց, որ ինքն ուղղակի ցնցված է մեր ելույթներից, եւ Հուրիի տրամադրությունն ամենաբարձրն էր, որովհետեւ պատի տակի սեղանին դարսված մեր անթոլոգիայի բոլոր օրինակները մեր ելույթներից հետո վայրկենապես վաճառվեցին, իսկ ինչ վերաբերում է երեք հեղինակներիս, մենք Հուրիից ավելցուկով ենք գոհ, որովհետեւ անթոլոգիայի քսան հեղինակներից ընդամենն էս երեքիս է Մարսել ու Փարիզ հրավիրել, եւ չնայած ինքը մեզանից է շատ գոհ, ու մենք՝ իրենից, այդուհանդերձ, երեկ իրիկուն ինքը մեզանից դժգոհ լինելու առիթ ունեցավ, որովհետեւ հենց է՛ն պահին, երբ ինքն իր գոհությունն էր հայտնում երեկոյից ու մեր ելույթներից, մեզ մոտեցավ Աթաբեկյան Վահագն ու ասաց, որ իր ավտոմեքենայով գնում ենք գիշերային Փարիզը տեսնելու, ու մենք երեխայական ոգեւորությամբ վազեցինք ու լցվեցինք իր ավտոմեքենան՝ դրանով, փաստորեն, վիրավորելով մնացողներին՝ Հուրիին, Պլտյանին ու իմ ընկեր Ժիրոյի համադասարանցի Ագուլյան Կարենին, որն արդեն քսան տարուց ավել է՝ Փարիզում է ապրում եւ ինտերնետում կարդալով իմ ու Ժիրոյի Յալթայի էն աճյունասուրճի պատմությունը՝ որոշել էր ինձ, ուրեմն, պատիվ տալ, բայց Աթաբեկյան Վահագի անակնկալ հրավերն էնքան տղայականորեն անմիջական ու գայթակղիչ էր, որ երեքս ու Վարդուշիկն էլ հետներս լցվեցինք Վահագի մեքենան, եւ երբ էսօր առավոտ Հուրին զանգեց հյուրանոց ու մեզ հասկացրեց, որ երեկվա մեր արածը պարզապես անշնորհքություն էր, ես նոր միայն հասկացա, որ մեր արածն իրոք շատ տգեղ բան էր, մանավանդ որ՝ մինչեւ գիշերվա երեքը ո՛չ թե գիշերային Փարիզն էինք նայում, այլ Էյֆելյան աշտարակի մոտակայքի մի բացօթյա սրճարանում նստած՝ գարեջուր էինք խմում, ու գարեջուրն էլ էնքան թունդ էր, որ մի քանի գավաթից հետո ո՛չ միայն գիշերային Փարիզն էր հայացքներիս մեջ երերում, այլեւ՝ մեր դեմդիմաց գտնվող Էյֆելյանը, եւ առավոտյան, երբ հեռախոսով Հուրիից ներողություն խնդրեցի երեկվա մեր էդ միանգամայն տգեղ արարքի համար, Հուրին հեռախոսով ծիծաղեց ու ասաց, որ ներելու հարց չկա, քանի որ մենք սովետական երկրում դաստիարակված ու ձեւավորված բանաստեղծներ ենք եւ մեզ հենց սովետական բանաստեղծների պես պահեցինք, ու ավելացրեց, որ Վահագն էլ իրեն սովետական դիվանագետի պես պահեց, եւ չնայած Վահագը սովետական դիվանագետ երբեւէ չի եղել, ու չնայած Հուրին էլ Սովետի օրոք Հայաստանում ոչ մի անգամ չի եղել, բայց սովետական երեւույթների մասին որոշակի պատկերացումներ ունի, որովհետեւ Ղարաբաղյան շարժման օրերին ինքը ԱԻՄ-ի՝ Փարիզի մասնաճյուղի հիմնադիր անդամներից էր եւ Ելիսեյան դաշտերում իր ամուսին Վարուժանի ու Ագուլյան Կարենի հետ միասին նախաձեռնել եւ կազմակերպել էր «Ազատություն Հայրիկյանին» թեմայով ամենամեծ հանրահավաքն ու երթը, բայց հիմա Հուրիի աիմական անցյալը փորփրելու համար հեչ հարմար պահ չի, որովհետեւ հինգ րոպեից պիտի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել