Լրահոս
Օրվա լրահոսը

Հետքերը ո՞ւր են տանելու

Մայիս 28,2007 00:00

\"\"30-ամյա Էդուարդ Նիկողոսյանի անհետ կորչելու մասին մենք անդրադարձել էինք 2005թ. փետրվարի 2-ի «Առավոտում» («Չորս ամիս կորած» հոդվածում):

Մեր հրապարակման մեջ տեղեկացրել էինք, թե ինչպես են Էդուարդ Նիկողոսյանին հեռախոսազանգով դուրս կանչել Բուզանդի 22 հասցեի իր բնակարանից: Մաշտոցի պողոտայում նրան դիմավորել էր արտասահմանյան գրասենյակներից մեկի ավտոմեքենան: Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա ծնողները, որոնք այդ ժամանակ Մոսկվայում էին, վերադարձել էին Հայաստան ու տղայի անհետանալու մասին 5 օր հետո հայտարարություն էին տվել Կենտրոնականի ոստիկանություն: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ, Էդիկին դուրս էր կանչել նախկինում դատված Կարեն Գեւորգյանը, որը, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հետախուզման մեջ է մինչ օրս: Է. Նիկողոսյանին փնտրելու ժամանակ ոստիկանության բաժին տարվեցին կասկածյալներ Արտյոմ եւ Արթուր Վարդանյանները («Քաղցրիկ» խմորեղենի արտադրամասի տնօրեն, հանգուցյալ Աշոտ Վարդանյանի որդիները), նրանց վարորդը:

Երեկ խմբագրություն եկած Էդիկ Նիկողոսյանի հոր՝ Գագիկ Նիկողոսյանի պնդմամբ, իր որդու սպանությունն առնչվում է Աշոտ Վարդանյանի որդիների գործի հետ. նրանց կանչել էին որպես կասկածյալ, իսկ հետո իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի ու Շահումյանի ոստիկանության քրեական հետախուզության պետի տեղակալի՝ Մայիս Անտոնյանի միջամտությունից հետո Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը նրանց բաց էր թողել: Ըստ Գ. Նիկողոսյանի, դրանից հետո նույն Աշոտ Վարդանյանի որդու կողմից, այս տարվա մայիսի 9-ին սպանվեց Ստեփան Վարդանյանը, հետեւեց ոստիկանության շենքում դեռեւս չպարզված հանգամանքներում Լեւոն Գուլյանի մահվան գործը: Գ. Նիկողոսյանն ասաց, որ Կարեն Գեւորգյանը իրականում չի հետախուզվում, այլ ոստիկանության աշխատակից Մայիս Անտոնյանի միջամտությամբ դուրս է եկել հանրապետությունից, ներկայումս էլ գտնվում է Մոսկվայում:

Որդեկորույս հոր պատմելով, այս գործի թելերը ձգվում են մինչեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյան, որը Վարդանյանների ընտանիքի մտերիմներից է:

Գ. Նիկողոսյանը տեղեկացրեց, որ դեռեւս 2006թ. սեպտեմբերի վերջերին իրեն զանգել է անհայտ մեկը եւ տեղեկացրել, որ կորած տղայի դիակը գտնվում է Աշոտ Վարդանյանի ամառանոցում՝ բետոնե թմբի տակ: Այդ մասին նա տեղեկացնում է Հովիկ Թամամյանին եւ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանին: 3 ամիս հետո (բացառիկ օպերատիվությամբ) իրավապահներն այցելում են հանգուցյալ Աշոտ Վարդանյանի ամառանոց, ուր խորովածի շամփուրով զինված ոստիկանության օպերատիվ աշխատակիցը մի քանի զննումից հետո հայտնում է, թե այնտեղ ոչինչ չկա: Գ. Նիկողոսյանն ասաց, որ շրջանառության մեջ դրված այն լուրը, թե Էդիկ Նիկողոսյանի եւ Արտյոմ-Արթուր Վարդանյանների միջեւ թշնամանքը առաջացել է սպանված Ստեփան Վարդանյանի պատճառով, ճիշտ չէ: Հետքերն այլ տեղ են տանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել