Լրահոս
Օրվա լրահոսը

$12.750-Ը ԴԱՐՁԱՎ 74.750 ԴՐԱՄ

Մայիս 28,2007 00:00

ԴԱՀԿ-ի եւ դատական համակարգի չորս տարվա «համառ աշխատանքի» շնորհիվ

«Մի ամբողջ համակարգի ձեռնոց եմ նետել. համակարգ, որը մինչեւ կոկորդը կաշառակերության եւ խարդախության մեջ թաղված է: 2003-ին որոշված կատարողական ակտն իրականացնելու փոխարեն արդեն 4 տարի է՝ դատարաններով են տանում-բերում: Բայց ես ետ չեմ կանգնելու եւ, եթե հարկ լինի, նույնիսկ Եվրոդատարան կհասնեմ»,- ասում է Արա Պետրոսյանը:

2003 թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, Բերդ քաղաքի բնակիչ, 5 տարի ազատազրկման դատապարտված Կամո Նավասարդյանին պարտավորեցնում է տուժողներ Արա Պետրոսյանին եւ Արման Հովհաննիսյանին վճարել խարդախությամբ հափշտակված 12.750 ԱՄՆ դոլարը: Հուլիսի 27-ին ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայության պետ Ջ. Բաբինյանը գրություն է ուղարկում տուժողներին, ըստ որի՝ կատարողական վարույթը հարուցվել է, որոշվել է աճուրդով վաճառել Կամո Նավասարդյանի Բերդ քաղաքի բնակարանը եւ փոխհատուցել տուժողների կրած վնասը: Վարույթը հարուցելուց մի քանի օր հետո Բերդ քաղաքի հարկադիր կատարող Մխիթար Սաղոյանը, գործին ընթացք տալու համար, Արա Պետրոսյանից կաշառք է ուզում: «Կատարողական վարույթն իրականացնելու համար ինձնից 150 ԱՄՆ դոլար կաշառք էր ուզում, հակառակ դեպքում սպառնաց գործին ընթացք չտալ: Ես, իհարկե, հրաժարվեցի, իսկ նա էլ իր սպառնալիքն իրականացրեց»,- պատմում է Արա Պետրոսյանը:

Կատարողական ակտը հարուցելուց հետո ամիսներ են անցնում, բայց ԴԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արա Պետրոսյանը սկսում է բազմաթիվ դիմումներ ուղարկել ինչպես ԴԱՀԿ ծառայություն, այնպես էլ վերադաս կառույցներ, սակայն՝ ապարդյուն: 2003-ի հոկտեմբերին ԴԱՀԿ ծառայության պետ Ջ. Բաբինյանն Արա Պետրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին, փոխնախարարին եւ ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետին հասցեագրված դիմումին պատասխանում է, որ «…դատական կարգով ընդհանուր սեփականությունից պարտապանին պատկանող բաժնեմասն առանձնացնելու հարցը կարգավորվում է ՀՀ Քաղօրի 200 հոդվածով»: «Ցանկացած կատարողական ակտ իրականացնելու համար ԴԱՀԿ ծառայությանը 2 ամիս ժամանակ է տրվում, իսկ Բաբինյանն այդ գրությունն ինձ ուղարկում է վարույթը հարուցելուց 3 ամիս անց, այն էլ՝ իմ բազմաթիվ դիմումներից հետո: Բացի այդ, գրության մեջ ո՛չ պարզաբանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ հոդվածը, ո՛չ էլ Նավասարդյանի սեփականությունը հանդիսացող ցուցակն է տրամադրում, որ իմանամ՝ ինչ ունի այդ մարդը: Մի խոսքով, մի անիմաստ գրություն էր դա, որը գրված էր ինձ շեղելու ու գործը ձգձգելու համար»,- պատմում է Արա Պետրոսյանը:

Ա. Պետրոսյանի դիմումի հիման վրա ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ Ա. Գրիգորյանը գրությամբ Տավուշի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ Է. Սարգարյանին հանձնարարում է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ գործին: Մի քանի օր անց՝ 2004 թ. նոյեմբերին, Է. Սարգարյանը պատասխան գրությամբ հայտնում է, որ Մխիթար Սաղոյանն անհիմն է ձգձգել վարույթի իրականացումը, որի համար էլ նկատողություն է ստացել, իսկ բաժինը անմիջապես միջոցներ կձեռնարկի բնակարանի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու եւ հարկադիր աճուրդով վաճառք կազմակերպելու համար: Իրականում այս գրության նպատակն էր տուժողներին հեռու պահել այն խարդախ քայլից, որն արվել էր դեռ ամիսներ առաջ: Դեռեւս հուլիսին Մխիթար Սաղոյանը, «անհրաժեշտությունից ելնելով», Բերդ քաղաքի Մաշտոցի 25, բն. 18-ի վրա դրված կալանքը վերացնելու Ե-246 գրությամբ դիմել է Բերդի կադաստր եւ ազատազրկում նախատեսող դատավճռից 25 օր հետո զարմանալիորեն ազատ արձակված Կամո Նավասարդյանի հետ վաճառել բնակարանը:

2005-ի փետրվարի 13-ին Բերդի հարկադիր կատարող Սաղոյանի ստորագրությամբ որոշում է կայացվում, ըստ որի՝ վերոհիշյալ բնակարանի՝ Կամո Նավասարդյանին պատկանող 1/4 մասը փորձագետների կողմից գնահատվել է 800.000 դրամ: «Փետրվարի 14-ի երեկոյան զանգում է Սաղոյանը եւ հավաստիացնում, որ ընդհանուր բնակարանը գնահատվել է 1.600 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ միայն 1/4 մասը կազմել է մոտ 2.000 ԱՄՆ դոլար: Նույն օրը, մի քանի ժամ անց, Բերդի մեր բարեկամներից իմանում ենք, որ բնակարանը դեռ ամիսներ առաջ վաճառվել է 8.000 ԱՄՆ դոլարով»,- ասում է Արա Պետրոսյանը:

Արա Պետրոսյանը եւ Արման Հովհաննիսյանը արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանման անգործության հետեւանքով գոյացած ընդհանուր առմամբ 12.750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից բռնագանձելու հայցով դիմում են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի առաջին ատյանի դատարան: Ինչ վերաբերում է Մ. Սաղոյանին, ապա տուժողների բազմաթիվ բողոքներից հետո հարկադիր կատարող Մ. Սաղոյանի նկատմամբ Տավուշի մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցում, որից հետո Մ. Սաղոյանը դիմում է փախուստի: Մ. Սաղոյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվում, որի պատճառով քրեական գործի նախաքննությունը կասեցվում է:

Տավուշի մարզի ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանման միջնորդության հիման վրա մարզի առաջին ատյանի դատարանը կասեցնում է քաղաքացիական գործի քննությունը՝ մինչեւ հետախուզման մեջ գտնվող Մ. Սաղոյանին հայտնաբերելը եւ քրեական գործի ավարտը: 2005թ. նոյեմբերին վճռաբեկ դատարանը բավարարում է Արա Պետրոսյանի դիմումը, վերացնում առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հանձնարարում վերսկսել քաղաքացիական գործի քննությունը: Դիլիջանի առաջին ատյանի դատարանը 2006-ի նոյեմբերին վերսկսում է գործի քննությունը: Դատական նիստերն անհիմն պատճառներով անընդհատ հետաձգվում էին, ուստի հայցվորները 2007թ. հունվարին դիմում են Արդարադատության խորհուրդ, որի կարգապահական հանձնաժողովը խիստ նկատողություն է հայտարարում դատավոր Ա. Խաչիկյանին: Ի վերջո, 2007թ. մարտին Ա. Խաչիկյանը որոշում է բավարարել հայցը եւ ՀՀ պետբյուջեից, հօգուտ Արա Պետրոսյանի եւ Արման Հովհաննիսյանի, բռնագանձել 12.750 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակայն արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանումը եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը դիմում են վերաքննիչ դատարան:

2007թ. ապրիլի 26-ին նշանակված առաջին դատական նիստի ժամանակ, դեռ դատավարության սկիզբը չհայտարարած՝ դատավոր Ավանեսյանը դիմում է Արա Պետրոսյանին եւ նրա փաստաբան Վարդան Սաֆարյանին, թե ինչո՞ւ են նրանք այդքան մեծ գումար պահանջում պատասխանող կողմից, այն դեպքում, երբ բնակարանը գնահատված է եղել 800.000 դրամ: Ըստ դատավորի՝ նրանց պահանջը պետք է լինի այդ գումարի սահմաններում:

Մայիսի 2-ին կայացած դատական նիստում պատասխանող կողմն իր առարկություններն է ներկայացնում, որում տարօրինակ կերպով դեռ շարունակում էր պնդել, որ ամբողջ բնակարանը գնահատվել է 800.000 դրամ, ուստի «հայցվորի վնասը չէր կարող գերազանցել 200.000 դրամը»: Այնուհետեւ՝ մայիսի 14-ին հայցվորների սպասելիքներն իրականացան՝ վերաքննիչ դատարանը որոշեց Արա Պետրոսյանի եւ Արման Հովհաննիսյանի հայցը բավարարել մասնակի. «ՀՀ-ից՝ ի դեմս ԴԱՀԿ-ի Տավուշի մարզային ստորաբաժանման եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, հայցվորների օգտին բռնագանձել 200.000 դրամ: Հայցապահանջը մնացած մասով՝ մերժել: Արա Պետրոսյանից եւ Արման Հովհաննիսյանից, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության օգտին, բռնագանձել 125.250 դրամ՝ որպես վերաքննիչ դատարան վճարված եւ մերժված հայցապահանջի չափով պետական տուրքի գումար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել