Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առյուծը ոչխարի է նման, արծիվն էլ՝ բադի

Մայիս 28,2007 00:00

Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությանը եւ գործածման կարգին հասարակությունը ծանոթ չէ, որի արդյունքում Հայաստանի պետական խորհրդանիշը խեղաթյուրվում է:

Ամսագրերում, օրացույցներում, հատկապես պետական-իրավական փաստաթղթերում եւ մի շարք ցուցապաստառների վրա հաճախ են հանդիպում զինանշանի բազմապիսի պատկերներ: Դրանք չեն համապատասխանում ՀՀ զինանշանի պատկերի գործածման կարգին, որը կարգավորվում է օրենքով: Օրենքի համաձայն, «ՀՀ զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերեւից ձախ՝ Բագրատունիների, վերեւից աջ՝ Արշակունիների, ներքեւից ձախ՝ Արտաշիսյանների, ներքեւից աջ՝ Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) եւ առյուծը (աջից), իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»: Սակայն ճյուղի փոխարեն հաճախ մալուխի լար է, կենդանիներն էլ շատ հեռու են վերը նշվածներից:

Ինչ վերաբերում է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների զինանշաններին, կազմակերպությունների խորհրդանիշներին, ապա դրանք պետք է տարբերվեն ՀՀ զինանշանից: Սակայն օրենքի այս դրույթին հետեւելը մեր պետական այրերը այնքան էլ չեն կարեւորում, իսկ մեր պետական խորհրդանիշն էլ հաճախ տեսնում ենք այնպիսի փաստաթղթերում, որտեղ դա օրենքով անթույլատրելի է: Ըստ օրենքի, ՀՀ զինանշանի գունավոր պատկերը գործածվում է ՀՀ օրենքների, նախագահի հրամանագրերի, վարչապետի, դատարանների որոշումների, վճիռների, մարդու իրավունքների պաշտպանի, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձեւաթղթերի վրա եւ այլն: Իսկ միագույն պատկերը գործածվում է ՀՀ քաղաքացիների կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների ու ձեւաթղթերի վրա, որոնց ՀՀ պատկերը գործածելու իրավունքը վերապահված է օրենսդրությամբ: Մինչդեռ զինանշանի պատկերին կարելի է հանդիպել, օրինակ, նոտարական գրասենյակների, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների, հանդիսությունների շենքերին, իսկ ուսումնական հաստատություններում տեղադրված է լինում սրահներում, պաշտոնական ինտերնետային կայքերում, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի աշխատասենյակներում եւ այլն:

Օրենքը թույլ է տալիս նաեւ զինանշանը պատկերել դրամական միավորների, շքանշանների եւ մեդալների վրա: Զինանշանի պատկերը կարող են գործածել նաեւ Զինված ուժերն ու այլ զորքեր, եթե այն տեղադրում են դրոշների վրա եւ այլն: Իսկ ՀՀ տարածքում մեր զինանշանի պատկերի գործածումը օտարերկրյա պետության զինանշանի հետ թույլատրվում է, եթե ՀՀ եւ մեկ այլ պետության զինանշանները միաժամանակ տեղադրելիս՝ օտարերկրյա պետության զինանշանի չափերը չեն գերազանցում մեր զինանշանի չափերը: Հավելենք, որ, ըստ օրենքի՝ ՀՀ տարածքում մեր զինանշանը պետք է ավելի բարձր տեղադրվի, քան օտարերկրյա պետության զինանշանը: Կենտ թվով մի քանի զինանշաններ տեղադրելու դեպքում ՀՀ զինանշանը պետք է գտնվի մեջտեղում, իսկ զույգ թվով զինանշանների դեպքում էլ մեր զինանշանը պետք է տեղադրել կենտրոնից ձախ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել