Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽԱԽՏՎՈՒՄ Է «ԿՐՈՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 28,2007 00:00

\"\"Ինչ պատժաչափեր են նախատեսված արտերկրում «աստվածանարգության» համար

Օրեր առաջ ադրբեջանցի երկու լրագրողի՝ Ռաֆիկ Թաղիին ու Սամիր Սադաղաթօղլիին դատապարտեցին, համապատասխանաբար, 3 եւ 4 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվեցին իսլամը, Մոհամեդ մարգարեին վիրավորող հրապարակումների համար: Տարբեր երկրների իսլամական արմատականները լրագրողների համար պահանջեցին նույնիսկ մահապատիժ, չնայած Ադրբեջանում մահապատիժը վերացված է: Մյուս կողմից էլ՝ աշխարհի իրավապաշտպան կառույցները գտնում էին, որ նման դատավճիռներով խախտվում է խոսքի ազատության եւ բազմակարծության իրավունքը:

«Առավոտին» հաճախ են գրավոր հարցեր ուղղել՝ կապված այս դատավարության հետ: Ընթերցողներին հետաքրքրում է, թե ինչպիսին է միջազգային պրակտիկան, ինչպես նաեւ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների համար այս առումով ինչպիսի կարգավորիչներ կան: Պարզաբանումների համար դիմեցինք իրավաբան Արմեն Սարգսյանին: Ըստ նրա, ՀՀ սահմանադրությամբ հարգվում է խղճի ազատության իրականացումը, կա կրոնական համոզմունքների ազատություն: Մամուլը, պարոն Սարգսյանի համոզմամբ, իր հերթին պարտավոր է հարգել այդ իրավունքները:

Իրավաբանը տեղեկացնում է՝ համաշխարհային պրակտիկայում հավատացյալների զգացումները վիրավորող հրապարակումները համարվում են իրավախախտում, իսկ պատասխանատվության մասին հոդվածները տեղ են գտել քրեական օրենսգրքերում: Ըստ Ավստրալիայի օրենսդրության, «վիրավորական չեն համարվի այն հրապարակումները, եթե դրանք գրված են զուսպ ոճով»: Իրավաբանի տեղեկացմամբ, տարիներ առաջ այդ երկրի օրենսդիրներին առաջարկվեց վերացնել աստվածանարգության համար պատասխանատվությունը: Ավստրիայի քրեական օրենսգրքով էլ՝ «հանցագործություն է համարվում եկեղեցու կամ Ավստրիայում ընդունված կրոնական ընկերակցությունների կողմից երկրպագվող անձանց, առարկաների ու հաստատությունների հրապարակային վարկաբեկումն այնպիսի իրավիճակում, որը կարող է առաջացնել բողոք կամ խախտել կրոնական խաղաղությունը»: Կանադայի քրեական օրենսգրքով, աստվածանարգությունը «գրավոր եղանակով կրոնական հարցերի վերաբերյալ կարծիքների հրապարակումն է վատ նպատակներով եւ այնպիսի արտահայտություններով, որոնք կարող են վիրավորական լինել հավատացյալների կրոնական համոզմունքների համար, ընդսմին՝ այդ կարծիքի արտահայտումը կարող է հանգեցնել հասարակական անկարգությունների»:

Պարոն Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտերկրի պետությունները մամուլին այդպիսի մեղադրանքներ վերջին տասնամյակում չեն առաջադրել, բացառությամբ ադրբեջանցի վերոհիշյալ լրագրողների նկատմամբ օրերս կայացրած դատավճիռների:

Ադրբեջանական օրենսդրությունը նման հանցագործությունների պատժաչափի առումով նման է Մեծ Բրիտանիայի օրենքներին, որտեղ առավելագույնը 3 տարվա ազատազրկում է նախատեսվում նրանց համար, ովքեր «անպարկեշտ հրապարակումներով նպաստում են բարոյականության անկմանը, քաղաքացիների անբարոյականացմանը»: Իրավաբան Ա. Սարգսյանի կարծիքով, Ֆրանսիայի օրենսդրությունը տարբերվում է մնացյալ երկրների օրենսդրությունից: Ֆրանսիական օրենսդրությամբ կրոնական զգացմունքների վիրավորումը օրենսդրորեն արգելված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել