Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՌԻԿ» ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Մայիս 28,2007 00:00

«Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի հոդվածով դեռ ոչ ոք չի կալանավորվել:

Երեկ «168 ժամ» թերթի նախաձեռնությամբ կազմակերպվեց քննարկում՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Անհնազանդություն» հասարակական նախաձեռնության նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի՝ մայիսի 7-ին տեղի ունեցած կալանավորման վերաբերյալ: Մասնակիցները փաստեցին, որ այս գործը բացառիկ է մի քանի պատճառով, օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»): Մինչեւ այսօր որեւէ մեկը չի մեղադրվել: Դրա կիրառումը տարօրինակ է, քանի որ Հայաստանում բնակվողների մեծամասնությունը ապրում է դրսից եկող ֆինանսական փոխանցումներով: Ալ. Արզումանյանի ընկերն էլ նրան է փող ուղարկել: «Փողերի լվացման հետ կապված հոդվածը փոխանցումների հետ ոչ մի կապ չունի: Բայց այս պարագայում համապատասխան մարմինները դրանք միմյանց հետ են կապում: Բնակչությունն այսօր միլիոնավոր դոլարների փոխանցումներ է ստանում, նշանակում է՝ ցանկացածին կարող են ասել, որ կասկածում են, թե անազնիվ միջոցներով է կատարվել փոխանցումը: Կոնկրետ Արզումանյանի դեպքում իշխանությունները պատժում են նրան, ով հնարավոր անհանգստություն կարող է պատճառել իրենց»,- ասաց ՀՀ նախկին ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

Իրավապաշտպան Վահե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ զրուցել է Ալ. Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հետ եւ տեղյակ է, որ վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բողոքը մերժել է: «Հիմնավոր կասկածի առկայությունը պարտադիր պայման է կալանքի գործերում, եւ դրա բացակայությունն ինքնին հերքում է կալանքը ենթադրող բոլոր հանգամանքները: Տվյալ դեպքում չկա որեւէ հիմնավոր կասկած: Նախաքննության մարմինն առանձնապես չէր էլ ջանում օրենքի տառը թեկուզ ձեւականորեն պաշտպանել: Վստահ եմ, որ այս գործը որեւէ դատական հեռանկար չունի… Մյուս շաբաթվա ընթացքում Ալ. Արզումանյանի անունից Մարդու իրավունքների դատարանում ներկայացված կլինի համապատասխան հայտարարություն եւ կսկսվի կալանքի գործով համապատասխան վարույթ»,- հայտնեց Վ. Գրիգորյանը: ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանն էլ վստահ է, որ «սա քաղաքական հետապնդում է: Այժմ պետք է մտածել Ալիկ Արզումանյանի քաղաքական եւ քաղաքացիական պաշտպանությանը կազմակերպչական տեսք տալու մասին: Իսկ իմ կարծիքով՝ նա ճիշտ գիծ է պահում՝ ցուցմունք չտալով»: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ համոզված է. «Մարդու իրավունքները ոտնահարվել են այն պահից, երբ մտել են Արզումանյանի տուն՝ առանց իրավական հիմնավորման: Սա ոչ թե Արզումանյանի դեմ արված գործողություն է, այլ հասարակությանը հերթական դաս տալու փորձ: Մարդու անպաշտպանվածությունը եւ օրենքի ուղղակի արհամարհումը դրդում են ամեն անգամ մտածել, թե ով պիտի լինի հաջորդ զոհը»:

Միջազգային ճգնաժամային խմբի հայաստանյան ճյուղի ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, թե քանի որ գործ ունենք մի այնպիսի հեղինակավոր գործչի հետ, ով մեր երկրի ներկայացուցիչն է եղել ԱՄՆ-ում եւ ՄԱԿ-ում, իշխանությունները պիտի հրապարակային եւ հիմնավոր ապացույցներ ներկայացնեին հասարակությանը. «Այս փաստը կասկածի տակ է դնում վերջին ընտրություններում արձանագրված նրանց հաղթանակը: Եթե իշխանությունը վստահ լիներ, որ այդքան ձայնն արդարացիորեն է հավաքել, մեծահոգի կգտնվեր եւ չէր ընկնի նման մանր քաղաքական հետապնդումների հետեւից»: Երեկվա քննարկմանը ներկա էր նաեւ Ալ. Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը. «Ինձ համար սա ոչ թե քաղաքական, այլ անձնական ու ընտանեկան նշանակություն ունի: Ես նամակներ, հայտարարություններ եմ ուղարկել տարբեր մարմինների: Նույնիսկ ԱՄՆ-ում իմ ընկերները՝ «Վաշինգթոն փոստի» ժուռնալիստներից, հետաքրքրված են այս գործով: Ցավոք, արտասահմանյան կապերն ավելի լավ են աշխատում, քան Հայաստանինը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել