Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիները՝ ռեստորան, վայքեցիները՝ Նորավանք

Մայիս 28,2007 00:00

Մայրաքաղաքի ու Վայոց ձորի շրջանավարտների ճաշակներն ու հնարավորությունները տարբեր են:

«Վերջին զանգը»՝ ցերեկույթով ու խնջույքներով, նշվում է հայաստանյան բոլոր դպրոցներում: Վայոց ձորի մարզում ոմանց համար այն վերածվում է տոնախմբության, ոմանց համար էլ դառնում կրակ ու պատիժ: Վերջինս վերաբերում է հատկապես ծնողներին, ովքեր իրենց երեխայի ավարտական ծախսերը հոգալու համար ստիպված են լինում պարտքով գումար խնդրել, անասուններ ու բնամթերք վաճառել, երկար ժամանակ փող տնտեսել: Երեւանյան դպրոցների հետ համեմատած, մարզերում ծախսերը այդքան էլ վախեցնող չեն: Օրինակ, մեկ աշակերտից պահանջվում է մոտ 10-15 հազարական դրամ (որի մեջ մտնում են ուսուցչական կազմի համար նախատեսված նվերները, էքսկուրսիան, երեկույթին նվիրված ծախսերը՝ ներառյալ կենդանի երաժշտության 65-70 հազար դրամը), եթե չհաշվենք այն գումարը, որը աշակերտը տրամադրում է իր՝ «վերջին զանգի» եւ «վիպուսկնոյի» հագուստները ձեռք բերելու համար:

Վայոց ձորում համարյա ամենուր «վերջին զանգի» «արարողակարգն» ընթանում է դպրոցների դահլիճներում: Սովորաբար ծրագիր նախապատրաստելը վերապահվում է դասղեկին կամ կազմակերպչական ձիրք ունեցող ուսուցիչներից մեկին: Վերջիններիս ուղղված աշակերտների շնորհակալությունն ընդունում է նվերի տեսք, որը գրեթե չի զիջում տնօրենի, ուսմասվարի եւ կազմակերպչի նվերներին: Իսկ ուսուցիչներին տրվելիք նվերների չափերը պայմանավորված են նրանց հեղինակությամբ եւ դասավանդած առարկաների «կարեւորությամբ»:

Վայոց ձորի գյուղերում, ի տարբերություն հանրապետության խոշոր քաղաքների, ռեստորան վարձելու անհրաժեշտություն չկա: Երեկույթն անցկացվում է աշակերտներից մեկի տանը: Հրավիրվում են նաեւ ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաեւ իններորդ դասարանից մի քանի հոգի, որոնք պետք է օրինակ վերցնեն տասներորդցիներից՝ հաջորդ տարի միջոցառումների շարք նախապատրաստելու համար: Վերջիններիս հրավիրելու համար դասարանը շատ հաճախ բաժանվում է երկու մասի: Ոմանք գերադասում են իրենց համար շատ թանկ այդ օրը անցկացնել միայն ծնողների հետ, շատերն էլ մտածում են, որ ծնողների կամ այլ դասարանցիների ներկայությունը կկաշկանդի իրենց: Հաղթում է այն «կեսի» կարծիքը, որտեղ «լիդերներ» կան: Վայքում ավարտական ուրախությունը ձգվում է մինչեւ լույս: Վերջում աշակերտները գնում են հարմար մի վայր՝ դիմավորելու արեւածագը:

Ի տարբերություն երեւանյան դպրոցների, որտեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում շքեղությանը, Վայոց ձորում աշակերտներն ավելի ընդգծում են միջոցառման գեղարվեստական կողմը: Գրեթե բոլոր դպրոցներում «վերջին զանգի» արարողությունից հետո աշակերտները՝ զարդարված մեքենաներով, այցելում են նաեւ Նորավանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել