Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱԺԵՇՏԸ ԶՈՒԳԱԴԻՊԵՑ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ»

Մայիս 28,2007 00:00

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հավաստիացրեց, թե Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի հրաժեշտի օրը կանխամտածված չի ընտրել:

\"\"Սեն Արեւշատյանին դուր եկավ կոլեկտիվի նվերը:

\"\"Սեն Արեւշատյանը նախընտրում է Հրաչ Թամրազյանին:

 

 

Երեկ հազարավոր դպրոցականներ՝ դպրոցներին, իսկ Մատենադարանի կոլեկտիվն էլ՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, հրաժեշտ էր տալիս տնօրեն Սեն Արեւշատյանին: Երբ պրն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ հատո՞ւկ է «վերջին զանգի» օրն ընտրվել Մատենադարանի տնօրենի հրաժեշտն «ամփոփելու» համար, նախարարն ասաց. «Չէ, պատահական է ստացվել: Համ էլ «վերջին զանգը» նորի սկիզբ է»: Մինչ միջոցառման սկսվելը, Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանից հարցրինք՝ ճի՞շտ է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ինքն է լինելու: «Չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ»,- հնչեց զգուշավոր պատասխանը:

Այնուհետեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն անցավ բուն սցենարին՝ գովեստներ, գեղեցիկ արտահայտություններ պրն Արեւշատյանի հասցեին, ով 25 տարի ղեկավարել է ձեռագրատունը եւ 1000-ից ավելի նմուշներով հարստացրել ֆոնդը: Նախարարը հատուկ շեշտեց. «Որոշ փոքր մարդիկ ինչ-ինչ լուրեր են տարածում մամուլում, բայց իմացեք, որ Մատենադարանի կոլեկտիվն ինքն է իր ճակատագիրը տնօրինելու: Մատենադարանը ինքնիշխան կորոշի, թե ինչպիսին է լինելու հետագա աշխատակարգը»: Նաեւ հավելեց. «ՀՀ օրենսդրությամբ կա տարիքային սահմանափակում, որից հետո գործադիր տնօրենի պաշտոնը պիտի փոխանցվի: Առաջիկայում կկայանա տնօրենի ընտրություն: Ես, որպես նախարար, կցանկանայի խորհրդի նախագահի բարձր եւ հեղինակավոր պաշտոնում տեսնել մեր լավագույն հայագետին՝ Սեն Սուրենիչին: Կարծում եմ՝ նա կշարունակի Մատենադարանի հեղինակության երաշխավորը լինել»: Այս հայտարարությունը ընդունվեց կոլեկտիվի բուռն ծափահարություններով, որից հետո Լ. Մկրտչյանը Ս. Արեւշատյանին պարգեւատրեց ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով:

Պրն Արեւշատյանն ասաց, որ այդ բարձր պարգեւն անսպասելի էր իր համար: Հետո էլ նշեց. «Ես թողնում եմ տնօրենի պաշտոնը, սակայն որպես խորհրդական կշարունակեմ իմ գործը: Մի կողմից էլ ուրախ եմ, որ ավելի շատ ժամանակ կունենամ գիտական աշխատանքով զբաղվելու»:

Մատենադարանի թվայնացման խառնաշփոթ պատմությունների մեջ կարեւոր դերակատարություն ունեցող փոխտնօրեն Արշակ Բանուչյանի (որը նաեւ տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն է, թեեւ պաշտպանած չէ եւ ընդամենը մեկ հոդված ունի) ելույթից հետո կոլեկտիվի անունից Ս. Արեւշատյանին իբրեւ հիշատակ՝ սկահակ հանձնվեց: «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչ Թամրազյանն էլ հայ մանրանկարչությունը ներկայացնող շքեղ գիրք-ալբոմ եւ աշխարհի արարումը խորհրդանշող տիեզերական ձու նվիրեց. «Հպարտ եմ, որ 3 տարի աշխատել եմ ձեզ հետ եւ հանձին ձեզ՝ ունեմ մեծ բարեկամ: Ուրախ եմ, որ Մատենադարանի հետ համագործակցել եմ նաեւ իբրեւ հրատարակիչ»: Հրաժեշտի արարողությունից հետո Ս. Արեւշատյանին հարցրինք՝ ո՞ւմ կուզենար տեսնել տնօրենի պաշտոնում: «Մեր նախկին աշխատակից, նարեկացիագետ Հրաչիկ Թամրազյանին»,- պատասխանեց նա: Իսկ Հ. Թամրազյանն էլ այդ հայտարարության կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Դրանք բարի մտադրություններ են: Առայժմ ոչինչ չեմ կարող ավելացնել ասվածին: Ամեն դեպքում շոյված եմ պարոն Արեւշատյանի խոսքերից»:

Միջոցառման ավարտին նախարարը հայտնեց, որ մեկշաբաթյա ժամանակահատվածում կնշանակվի Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ԿԳ նախարարության կողմից կձեւավորվի խորհուրդ, որն էլ մեկամսյա ժամկետում կկազմակերպի փակ-գաղտնի ընտրություններ: Ս. Արեւշատյանի կարծիքով, հավանաբար տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կդրվեն Արշակ Բանուչյանի վրա. «Նա երիտասարդ է, եռանդուն, այս մեկ ամսվա վազվզոցի, թղթարարության եւ նախարարության հետ տարբեր հարցեր լուծելու համար ամենահարմարն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել