Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողներին մոլորեցնում են ու գերշահույթներ ստանում

Մայիս 28,2007 00:00

\"\"«Տելեմարկետը» գովազդում է մի բան, բայց վաճառում մեկ այլ բան

«Հեռուստաշուկա» ՍՊԸ-ն, որը «Տելեմարկետի» գովազդների հեռարձակման պատվիրատուն է, հեռուստաընկերությունների եթերում անընդմեջ գովազդում է «ամերիկյան» եւ «եվրոպական» արտադրության յուրօրինակ ապրանքներ: Վերոհիշյալ ընկերության ապրանքների պատվիրատուների բողոքները բազմաթիվ են, նրանք հավաստում են, որ գովազդվող ապրանքները բացառապես չինական արտադրության են եւ որակական առումով անհամեմատ չափազանցված են: Օրերս «Առավոտին» էր դիմել Հալաբյան 30 հասցեում բնակվող 78-ամյա Կառլեն Եղոյանը: Նրա ներկայացմամբ. «Խաբվեցի «ռեկլամներին» ու պատվիրեցի բանջարեղեն կտրատող սարքը, հաջորդ օրն անմիջապես բերեցին, հետն էլ երաշխիքային կտրոնը, ըստ որի՝ 15 օրվա ընթացքում կարելի էր սարքը վերադարձնել: Պատվիրելուց 2 օր հետո որոշեցի այս սարքով խնձոր կտրատել, բայց հենց այն միացրի, դանակը տեղից դուրս թռավ ու սարքը խափանվեց: 13 օր շարունակ զանգահարեցի, որ գան ու հետ վերցնեն սարքը, սակայն ինձ խորհուրդ տվեցին դանակը սոսնձել եւ կրկին փորձել: Այս սարքը պիտանի չէ նույնիսկ եփած բանջարեղեն կտրատելու համար: Երբ նրանցից փորձեցի հասցեն ճշտել, որպեսզի իմ ոտքով տանեմ իրենց ապրանքը հետ տամ, ասացին մեր հասցեն չգիտենք, որ շատ զանգեցի՝ աշխատակիցն ասաց՝ Չարենցի 25: Գնացի: Պարզվեց, այդ հասցեում նման ընկերություն երբեք չի եղել»: Բանջարեղեն կտրատող սարքն արժե 19.500 դրամ, 500 դրամ էլ պետք է վճարել առաքման համար: Նշենք, որ այդ ապրանքի երաշխիքային կտրոնի մեջ ու նաեւ գովազդում նշվում է, որ դժգոհության դեպքում կարելի է սարքը վերադարձնել ու ստանալ գումարային փոխհատուցում՝ ամբողջ արժեքի չափով: Նկատենք, որ «ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում» էլ է ամրագրված, որ եթե սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի արտադրանք, ապա սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխարինել այն պատշաճ որակի նմանօրինակ ապրանքով: «Տելեմարկետի» պատասխանատուներից մեզ հավաստիացրին, որ իրենց վաճառած ոչ մի ապրանքից դեռեւս դժգոհություն չի եղել: Սակայն փաստն այն է, որ այդ բողոքներին պարզապես ուշադրություն չի դարձվել:

Անբարեխիղճ գովազդին վստահելով՝ մեկ այլ քաղաքացի էլ պատվիրել էր 29.900 դրամ արժողությամբ թավա, որի յուրահատկությունը իբրեւ թե այն է, որ բաժանված է 2 մասի ու միաժամանակ կարելի է պատրաստել 2 ճաշատեսակ: Որպես «նվեր»՝ «Տելեմարկետը» պատվերի հետ առաքում է նաեւ մեկ այլ թավա՝ բաղկացած 3 մասից, 10 խոհանոցային դանակ, ճաշատեսակների բաղադրատոմսեր ու նաեւ կարտոֆիլ մաքրելու դանակ: Պատվիրատուի ներկայացմամբ, խոհանոցային դանակները շատ դյուրաբեկ են ու պիտանի չեն անգամ հաց կտրելու համար: Ինչ վերաբերում է թավաներին, ապա դրանց հետ տրվող օգտագործման ցուցումների թերթիկում ռուսերեն պարզ նշված է, որ թավաները չի կարելի երկար ժամանակ թողնել կրակի վրա, քանի որ դրանք նախատեսված են ոչ թե սնունդ պատրաստելու, այլ միայն տաքացնելու համար: Մինչդեռ գովազդում այդ մասին ոչ մի խոսք չի ասվում, ավելին, գովազդում կրակի վրա ոչ թե տաքացնում, այլ տապակում են կոտլետ, հավ ու այլ ճաշատեսակներ: Այս առնչությամբ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն էլ է բազմաթիվ բողոքներ ստացել: Տուժած քաղաքացիների բողոքների համաձայն, կենցաղային ապրանքներից էլեկտրական ավելը, հագուստ չորացնող սարքը կամ կտրող դանակը եվրոպական արտադրության նմանատիպ սարքերի անհաջող պատճենն են: Հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ բազմիցս փորձել է գտնել, թե ով է բողոքի առարկա հանդիսացող ապրանքների ներկրողն ու իրացնողը, սակայն այդպես էլ չի հաջողվել. «Այդ ընկերությունը չունի ոչ որակի, ոչ էլ վաճառքի պատասխանատու: Իսկ ընկերությունն էլ անհասանելի է ու անտեսանելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել