Միջազգային դիտորդների միջանկյալ եզրակացությունը հարցականի տակ է դնում ընտրությունների ազատությունն ու արդարությունը:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) այսօր ավարտեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ երկու ամիս տեւած դիտորդական առաքելության աշխատանքները՝ հրապարակելով հետընտրական միջանկյալ զեկույցը, որը հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը:
Հետընտրական միջանկյալ առաջին զեկույցը զգալիորեն տարբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ բոլոր զեկույցներից, որոնցում նշվում էր, թե Հայաստանը «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում»:
«Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ շեղումներ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը,- ասված է զեկույցում:- Առաքելությունը տարբերություններ է դիտարկել, դրանց մի մասը՝ զգալի, որոնք տեղ են գտել ընտրատեղամասերում հաստատված արձանագրությունների պատճենների եւ ըստ ընտրատարածքների բերված նախնական այն արդյունքների միջեւ, որոնք ամփոփվել էին ընտրատարածքային հանձնաժողովների կողմից»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը 108 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հետեւել է քվեների հաշվարկի եւ արդյունքների արձանագրությունների լրացմանը եւ 41 ընտրատարածքային հանձնաժողովներից 39-ում դիտարկել արդյունքների ամփոփումը. «Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, տեղամասային հանձնաժողովների անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ տեղամասային հանձնաժողովը արգելված գործողություն է կատարել՝ փոխելով արձանագրության սկզբնական տվյալները»:
«Ընդհանուր առմամբ, դիտորդներն ամփոփման անցկացումը ընտրատարածքային հանձնաժողովների 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ»,- ասված է զեկույցում:
Առաքելությունը արձանագրել է նաեւ «Ընտրական օրենսգրքով» արգելված գործողություններ. «Դիտարկվել է, որ 14 ընտրատարածքային հանձնաժողովներ փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում ամփոփված «սկզբնական տվյալները»: 7 ընտրատարածքային հանձնաժողովներում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել տեղամասային հանձնաժողովներից, կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել: Թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողովում (Վաղարշապատում) դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ընտրատարածքային հանձնաժողովի տարածք»: