Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 28,2007 00:00

\"\"Հնչակյանները հիշեցնում են, որ Դաշնակցությունն այլեւս անելիք չունի

Մոտ ժամանակներս Բեյրութում պաշտոնապես կգրանցվի «Ազատ, անկախ հայերի միություն» կազմակերպությունը, որը կղեկավարի լիբանանյան բանակի նախկին գեներալ Նարեկ Աբրահամյանը: Վերջինս նաեւ նախկին դաշնակցական է: Նարեկը տակավին վերջերս է լքել հարազատ կուսակցությունը: Եվ նա միակը չէ: Տեղացիները վկայում են, որ Նարեկ Աբրահամյանը ընդունված գործիչ է, ում շուրջ հետզհետե համախմբվում են Դաշնակցությունից հեռացած եւ հեռացող անձինք: Նրանց թիվը, մեր տեղեկություններով, հատում է երկու հարյուրի սահմանը: Լիբանանում դաշնակցական շարքերի ինտենսիվ նոսրանալը պատճառ է վերեւների հետ անհամաձայնության: Մասնավորապես, ներքեւներին վրդովեցնում է այն, որ վերեւները հանուն պատգամավորական մեկ-երկու աթոռի, սերտորեն համագործակցում են միջազգային ահաբեկչի իմիջ ունեցող «Հըզբոլլահ» կազմակերպության հետ: Դաշնակցական ներքեւները, ինչպես նաեւ Սփյուռքում գործող մյուս հայկական կուսակցությունները եւ կազմակերպությունները գտնում են, որ դաշնակցական ղեկավարության այդ պահվածքը վտանգում է այդ երկրում ապրող մեր հազարավոր հայրենակիցներին:

Ի դեպ, ամիսներ առաջ «Առավոտը» հրապարակել էր ՀՅԴ-«Հըզբոլլահ» համագործակցության մասին տեղեկություն, ինչը հայաստանյան եւ լիբանանյան դաշնակցականները հնարավորինս «պարզաբանեցին» եւ հերքեցին: Սակայն մեր զրուցակից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Լիբանանի վարիչ մարմնի ատենապետ Մացակ Փոլադյանը փաստելով այդ համագործակցությունը՝ վկայակոչում է այն, որ արդեն վեցերորդ ամիսն է, ինչ Բեյրութի կենտրոնական շուկայի տարածքում «Հըզբոլլահն» իր համակիրներով վրաններ է խփել՝ իբր բողոքի ցույց Սենյորայի կառավարության դեմ՝ անդամալուծելով առեւտրական հսկա կենտրոնը, հետեւաբար նաեւ՝ քաղաքը: Նույն վայրում կան նաեւ դաշնակցական անվանական վրաններ: Դոկտոր Փոլադյանի մատուցմամբ, Լիբանանում գործող ՀՅԴ կառույցը փորձել է իր պայմանները թելադրել դեռեւս ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Ռաֆիկ Հարիրիին, ապա նրա որդուն, սակայն՝ ապարդյուն: Իսկ պայմանը հետեւյալն էր՝ Լիբանանի խորհրդարանում հայկական լոբբիին հատկացված վեց տեղի որոշիչ մասը պետք է բաժին հասներ Դաշնակցությանը, այլ ոչ թե հավասարապես բաշխվեր երեք ավանդական կուսակցությունների միջեւ: Ավելին, ՀՅԴ-ն այսօր Լիբանանի խորհրդարանում մեկ պատգամավոր ունի, իսկ ոչ դաշնակցականները՝ հինգ պատգամավոր եւ մեկ նախարար: Այս ամենից հետո վերջերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց՝ իբր Սփյուռքում կենսունակ եւ գործող միակ հայկական կառույցը Դաշնակցությունն է՝ այդպիսով խախտելով միմյանց դեմ լուտանքներ թափելու քաղաքականությունից զերծ մնալու երեք ավանդական կուսակցությունների՝ տարիների փորձության ենթարկված պայմանավորվածությունը: Դա որակելով նախընտրական հովեր՝ դոկտոր Փոլադյանը պարոն Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս կապվել Լիբանանի ՀՅԴ կառույցի ղեկավարների հետ եւ տեղեկանալ Դաշնակցության իրական վիճակին:

Իսկ ընդհանրապես, Վ. Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ մեր զրուցակիցը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն պայմանավորվածության արդյունքում հնչակյանները հետեւողականորեն ետին պլան են մղվում նաեւ Հայաստանում՝ այդ ընթացքում խեղաթյուրվում է պատմությունը. «Եթե Հայաստանից անտեղյակ մեկը միայն հանրային կոչված հեռուստատեսությունից փորձի տեղեկություններ ստանալ, կստացվի, որ հայ ազատագրական պայքարին միայն Դաշնակցությունն է մասնակցել: Բայց շատ լավ հայտնի է Դաշնակցության ազգավնաս եւ ազգաքանդիչ դերը: Խորհուրդ եմ տալիս դաշնակցականներին կարդալ Հայաստանի առաջին վարչապետ, դաշնակցական Հովհաննես Քաջազնունու «Դաշնակցությունն այլեւս անելիք չունի» աշխատությունը»,- ասում է նա: Ուստի՝ «Մեր համակիրներին հրահանգել ենք Հ1-ը չդիտել, որովհետեւ մարդկանց տուն թույն է մտնում Հայաստանի հանդեպ, սփյուռքահայությունը հայրենիքի դեմ է լարվում: Վաղը Քոչարյանն ու Դաշնակցությունն էլ կգնան, բայց հայրենիքը մնայուն է»:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների առիթով էլ պարոն Փոլադյանն ասում է, որ իրեն չեն խաբի, քանզի յոթ տարի Երեւանում ուսանելով՝ քաջածանոթ է տեղացիների մենթալիտետին: Նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ համեմատության մեջ՝ նա կարծում է, որ այս անգամ իշխանավորները ջանք չխնայեցին մի քայլ առաջ ներկայացնելու: Մինչդեռ՝ «եթե մեր ունեցած համեստ տվյալներն էլ տպագրենք՝ գիրք կարելի է կազմել»: Ուստիեւ, չի բացառվում, որ ՍԴՀԿ-ն նույնպես դիմի Սահմանադրական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել