Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԱՆԴԱՄ Է ԴԱՐՁԵԼ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԹԱՂԻ՞

Մայիս 28,2007 00:00

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Շանթ» հեռուստաընկերությանը մայիսի 23-ին տված հարցազրույցում շատ ինքնատիպ բացատրություն տվեց, թե ինչու է դարձել ՀՀԿ անդամ. «Դարձել եմ իմ քաղաքի համար, որ կարողանամ իմ քաղաքը սարքել: Ես իմ քաղաքը շատ եմ սիրում՝ բոլորը լավ գիտեն:

Դարձել եմ, որ կռանթները չփակվի հանկարծ իմ ժողովրդի, որ ես քաղաքում կարողանամ ավելի շատ ասֆալտ անել, ավելի շատ կտուրներ վերանորոգել, ավելի շատ մարդկանց թաղել, ավելի շատ տնակներ հեռացնել ու բնակարաններ կառուցել: Դա՛ է իմ նպատակը»:

«Առավոտը» ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյոք եթե Վարդան Ղուկասյանը չդառնար հանրապետական, ՀՀԿ-ն փակելո՞ւ էր գյումրեցիների «կռանթները», թույլ չէ՞ր տալու քաղաքում ասֆալտ անել ու կտուրներ նորոգել, եւ վերջապես՝ խոչընդոտնե՞ր էր հարուցելու, որ Գյումրիի քաղաքապետը թաղեր ավելի շատ մարդկանց: Ի պատասխան՝ պրն Շարմազանովն ասաց. «Հանրապետականի այս 17 տարիների գործունեությունը մշտապես միտված է եղել մեր երկրի եւ քաղաքացու զարգացմանը, հզորացմանը: Իսկ պրն Ղուկասյանի հայտարարություններն, ինձ թվում է, այդքան էլ ճիշտ չեն ընկալվել, քանի որ, իմ կարծիքով, նա ուզեցել է ասել, թե մտել է Հանրապետական, քանի որ ՀՀԿ-ն այսօր ավելի շատ հնարավորություն ունի զարգացնելու երկիրը, տեղական ինքնակառավարման մարմինները, թեկուզ աղետի գոտին: Այդ է պատճառը: Եվ ոչ թե ՀՀԿ-ն պետք է այդտեղ կռանթ փակի կամ ասֆալտ չանի, այլ պարզապես Հանրապետականն այն ուժն է, որի հետ միասին ավելի կարճ ժամանակահատվածում կարելի է այդ հիմնախնդիրները լուծել: Իսկ այն, որ ՀՀԿ-ն մշտապես գործել է ազգի եւ հայրենիքի գերակայության սկզբունքով՝ դա բոլորիս համար արդեն փաստ է, եւ դրա վառ ապացույցը մայիսի 12-ի ընտրություններն են»: Մինչդեռ քաղաքապետն այլ բացատրություն ուներ նաեւ ՀՀԿ-ի ստացած ձայներին, որոնցից 35 հազարն ինքն է ապահովել Գյումրիում. «Բայց եթե Վարդան Ղուկասյանն ոտքի լիներ՝ 60 հազա՛ր կլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել