Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը բացեց դիտորդների աչքերը»

Մայիս 28,2007 00:00

\"\"Վստահ է «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը

Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ընտրություններից անմիջապես հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին՝ արձանագրելով, որ այնտեղ գովասանքի խոսքեր կային Սերժ Սարգսյանի կազմակերպած ընտրությունների հասցեին: Սակայն Ն. Փաշինյանի կարծիքով, հիմա ԵԱՀԿ-ն մեկ քայլ ետ է արել իր նախնական գնահատականներից, ինչը բանախոսը համարեց ժողովրդի համառ պայքարի արդյունքը: «Հենց ձե՛ր հետեւողական պայքարի արդյունքում են բացվել եվրոպացի դիտորդների աչքերը: Նրանք հանկարծ նկատել են այն, ինչ ընդամենը 2 շաբաթ առաջ չէին նկատում: Նրանք, ի վերջո, խոստովանելու են, որ իրենց գնահատականում սխալվել են»,- հայտարարեց պրն Փաշինյանը (զեկույցի մասին կարդացեք 4-րդ էջում):

Դիտորդների նոր զեկույցից մեջբերումներ անելուց հետո պրն Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների վերջնական գնահատականը կախված է նաեւ հետընտրական բողոքների ու դիմումների վարույթից, մանավանդ որ՝ ԵԱՀԿ-ն շարունակելու է հետեւել զարգացումներին նաեւ ՍԴ-ում: Նա նաեւ հայտարարեց, թե ՍԴ դիմելը «պտիչկայի» համար չէ. «Մենք ամեն ինչ պետք է անենք ՍԴ արդար որոշման հասնելու համար: ՍԴ-ն միայն մեկ դեպքում կարող է արդար որոշում կայացնել՝ եթե իր ծոծրակին զգա ժողովրդի շունչը»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ, թերեւս, ընտրարշավի իներցիայով եւ այդ տրամաբանության շրջանակներում հայտարարեց. «Մեզ չի հերիքում ժողովրդի կրիտիկական քանակը, դրա համար պետք է գնալ շրջաններ, մտնել ամեն մի տուն: Եվ դա լինելու է»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, թե ընդդիմության խնդիրն այսօր նախագահական նստավայր գնալը կամ բազմամարդ հանրահավաքների մեջ չէ: Վերլուծելով ընտրություններից հետո ԱԺ-ում առկա ուժերի հարաբերակցությունը՝ Ա. Սարգսյանը նկատեց. «Պատմության մեջ քիչ են եղել դեպքեր, երբ ՀՀ նախագահը ԱԺ-ում մեծամասնություն չի ունեցել: Նման դեպք եղել է 1998թ.-ին, որի արդյունքում նախագահը հրաժարական տվեց, եղել է 1999-ին, եւ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը: Ի՞նչ տեղի կունենա՝ հրաժարական կտա՞, թե՞ նախորդի նման զարգացումներ կլինեն՝ պարզ չի: Բայց ես դեմ եմ երկու տարբերակին էլ՝ Քոչարյանին հեռացնի իշխանության մյուս թեւը, կամ այն, ինչը կոչվում է ահաբեկչություն: Այս իշխանություններին հեռացնողը պետք է լինի ժողովուրդը: Միայն այդ դեպքում մեր երկիրն ապագա կունենա»: Ա. Սարգսյանը նաեւ հայտարարեց, թե ընդդիմության թիվ մեկ թիրախը Ռ. Քոչարյանն է, ով, Ա. Սարգսյանի ասելով, ուզում է երրորդ ժամկետում էլ պաշտոնավարել:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախատեսվում է հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել