Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒ ԲԻ, ՕՐ ՆՈԹ ԹՈՒ ԲԻ

Մայիս 28,2007 00:00

\"\"Շեքսպիրյան հավերժական երկընտրանքն այժմ էլ ծառացել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի առջեւ:

Ընտրություններից առաջ՝ դեռ ապրիլին, Դավիթ Հակոբյանն ասուլիսում խոստացավ, որ եթե ո՛չ մեծամասնականով, ո՛չ համամասնականով «ժողովուրդը, վսյո տըկի, ինձ չուղարկի պառլամենտարիզմի արենա՝ մայիսի 13-ից ես ընդմիշտ կհեռանամ քաղաքականությունից»: Երեկ հետաքրքրվեցինք՝ նրա խոստումը մնո՞ւմ է ուժի մեջ, եւ այլեւս չի՞ առաջադրվելու նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ ապրիլին մեր հարցին՝ որոշել է իր թեկնածությունն առաջադրե՞լ 2008-ի ընտրություններում՝ պատասխանել էր. «Արդեն որոշված է: Դա ե՛ս չեմ որոշել: Այնտեղ են որոշում»՝ մատը վերեւ պարզելով:

Իսկ այժմ Դավիթ Հակոբյանն ասաց. «Քաղաքականության մեջ մնալ-չմնալու առիթով ես ասել էի, որ եթե հասարակության անտարբերությանն արժանանամ, ապա Անդրանիկի պես կթքեմ ու կհեռանամ: Իսկ այսօր հարցն ավելի ակտուալ է դրված իմ առջեւ՝ թու բի, օր նոթ թու բի: Լինե՞լ, թե՞ չլինել՝ սա՛ է հարցը: Արդյոք, ինչպես արքայազն Համլետն էր ասում՝ մեռնե՞լ, քնե՞լ հավերժական քնով, թե՞ վերցնել սուրը եւ դուրս գալ ծով վշտերի դեմ՝ ազգին հուզող: Եվ վերջնականապես կարող եմ ասել՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը՝ թու բի՛, լինե՛լ, որպես պատմական անհրաժեշտություն: Այնպես որ՝ սա ոչ թե իմ կամ կուսակիցներիս պատվերն է, այլ հասարակական պահանջ: Եվ հատկապես՝ իգական սեռի պատվերն է»: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արտահայտվել գեղեցիկ սեռի պատվերը, եւ գլխավոր մարքսիստը համեստորեն ասաց. «Ի զարմանս ինձ՝ իմ երկրպագուների բանակը հիմնականում կանայք են: Եվ ինչպես կասեր Ջոն Ֆիթցջերալդ Քենեդին՝ ով տիրանում է այդ բանակին, նա հաղթո՛ւմ է»:

Դավիթ Հակոբյանը մայիսի 12-ի քվեարկությունը գնահատեց այսպես. «Պատմության մեջ այս ընտրությունները կմտնեն որպես ասիական բալագա՛ն: Քանի որ վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ ականատեսն եղանք իշխանության վաճառքին փողոցում: Իշխանությունն այրերին պարգեւ տրվեց ոչ թե ընտրական իրավունքի, գաղափարական հենքի եւ համոզվածության վրա, այլ ուղղակի վաճառվեց: Սա արդեն խոսում է հասարակության բարոյակամային, քաղաքական խորը անկման եւ ճգնաժամի մասին»:

Գլխավոր մարքսիստը տարբերակեց ընտրազանգվածի մի քանի շերտեր. «Մի հատվածին, որը չունի գաղափարական սկզբունքայնություն եւ պատրաստ է աճուրդի հանել իր խիղճը, հոգին եւ ընտրական ձայնը՝ հասարակագիտությունն անվանում է «բիդլո օբշեստվա»՝ հասարակության տականք, խուժան կամ խաժամուժ: Այս շերտն էր, որ փողոցում մարմնավաճառի նման վաճառում էր իր ձայնը: Ընտրազանգվածի 2-րդ շերտը «բլագարոդնի սլոյն» էր՝ ազնվատոհմիկ շերտը: Եվ եթե հիշում եք՝ ելույթներս միշտ սկսել եմ «բլագարոդնիյե առմյանե՛» դիմումով: Սա հասարակության գիտակից խավն է: Նրանք իրենք քաղաքացիական պարտքը կատարում են պարտաճանաչորեն՝ առանց «պրոտեկցիոնիստական վերբովկայի» ու ընտրակաշառքի՝ միայն գաղափարական սկզբունքայնությամբ: Այդ «բլագարոդնի» շերտն իմ կուսակցությանը տվել է մինիմում 10 տոկոս: Եվ ոչ ոք չի կարող ասել՝ սո՛ւտ ես ասում, քանի որ ոչ ոքի թույլ չտվեցին դիտարկում իրականացնել ընտրարկղի մոտ՝ հաշվարկի ժամանակ: Ըստ որոշ աղբյուրների՝ 10 հազար դոլար են տվել հաշվարկ իրականացնող անձանց: Եվ նրանք վերցրել են քվեաթերթիկը ու գրված Ալին կարդացել են Վալի, ու ոչ ոք իրավունք չուներ սակարկել նրանց խոսքը: Սակարկեիր՝ վուլգար մենթին կհրավիրեին ներս: Եվ այս պարագաներում՝ հիմա իմ 10 տոկոս ընտրազանգվածի թերթիկները գտնվում են Հանրապետական խունտայի պարտակված փաթեթներում»: Մեր հարցին, թե ուրեմն ինչո՞ւ չպահանջեց վերահաշվարկ անցկացնել՝ պրն Հակոբյանը պատասխանեց, թե անիմաստ էր, թեեւ 41 ընտրատարածքի հանձնաժողովի շատ անդամներ իրեն հայտնել են, որ Մարքսիստական կուսակցությանը տրված ձայները դրվել են ՀՀԿ-ի քվեների վրա. «Եթե հիշում եք՝ Ադիբեկ իշխանական աքաղաղը, դեռ ընտրությունների լուսաբացը չհասած, ծուղրուղու էր կանչում մարքսիստների զրոյական ռեյտինգի մասին: Մեր կուսակցության այսօրվա զրոյական ռեյտինգն ապացուցում է, որ այդ ծուղրուղուն իզուր չէր՝ կանխամտածված, վերեւից շարադրված էր, քանի որ նրանք ի սկզբանե՛ ապագա նախագահական ընտրություններում ինձ տեսնում էին որպես ամենավտանգավոր ֆավորիտ, եթե հանկարծակի Հակոբյանի մոտ հայտնվեր լուրջ կապիտալ: Առայժմ այդպիսի ֆինանսական կապիտալ չունեմ եւ լուրջ վտանգ չեմ ներկայացնում: Բայց նրանք արդեն նախապատրաստվում էին՝ նախօրոք մեր կուսակցության ռեյտինգը հավասարեցնելով զրոյի՝ ինձ հեղինակազրկելու եւ չեզոքացնելու համար: Բայց հասարակ բան՝ ինչպե՞ս կարող է 41 ընտրատարածքում ինձ շուրջ 8 հազար մարդ ձայն տալ անհատապես, բայց Հայաստանի մարքսիստական կուսակցության օգտին՝ հազիվ 210-ը»: Դավիթ Հակոբյանն այլ փաստեր էլ շարադրեց իր ձայները գողանալու վերաբերյալ:

Սակայն դառնանք ընտրազանգվածի 3-րդ հատվածին, որը նա բնորոշեց իբրեւ պասիվ. «Սա այն շերտն է, որը կա՛մ սպասում է ընտրակաշառքի ու չի հասնում իրեն, կա՛մ չունի պրոտեկցիոնիստական պատվեր, կա՛մ ընդհանրապես որեւէ լուրջ ուժ չի տեսնում համակրելու համար»: Ըստ Դավիթ Հակոբյանի՝ 2 մլն 300 հազար ընտրողներից 45 տոկոսն է եկել ընտրության, եւ իշխանական 3 կուսակցություններին էլ տվել են 700 հազար ձայն, այսինքն՝ 1/3-ը: Ըստ այդմ՝ ընտրողների 2/3-ը կազմում են ընտրություններին չմասնակցածները եւ ընդդիմությանը ձայն տվածները. «Սա նշանակում է՝ այս իշխանությունները մե՜ծ վտանգի առջեւ են: Եվ եթե պասիվ ընտրազանգվածը քաղաքական դաշտ ներքաշվի՝ անխուսափելի է իշխանափոխությունը»: Դավիթ Հակոբյանը նաեւ լուծումներ առաջարկեց, թե ինչպես կարելի է պասիվ ընտրազանգվածին ակտիվացնել. «Առաջինը՝ միասնական, հզոր, խարիզմատիկ, լուրջ, ինտելեկտուալ բարձր ցենզ ունեցող լիդերի անհրաժեշտությունն է: Երկրորդը՝ ընդդիմության միավորումն է միասնական դրոշի տակ եւ արտահերթ նախագահական ընտրությունների իրավիճակ ստեղծելը: Այսինքն՝ ընդդիմության առջեւ ծառացած է գերխնդիր՝ թույլ չտալ նախագահական հերթական ընտրություններ եւ արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանությանը: Իսկ եթե գործը հասնի հերթական ընտրության՝ Սերժ Սարգսյանը միանշանակ նախագահ է՝ առանց կասկածի»:

Արդեն իսկ ձեւավորված խորհրդարանին գլխավոր մարքսիստի գնահատականն էր. «Առաջին անգամ պառլամենտում չկա ընդդիմություն: «Ժառանգությունը» եւ ՕԵԿ-ը պլանավորված բերվեցին ԱԺ՝ իշխանությունները կատարեցին Արեւմուտքի եւ Եվրոպայի առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները: Թեպետ այդ երկու կուսակցություններն էլ մեծ գումարներ վատնեցին՝ նրանք էլ մաքուր չեն եղել: Եվ նրանք գաղափարական հենքի կամ ժողովրդական համակրանքի ֆոնի վրա չեն եկել իշխանության: Ուստի այս 2 ուժերն իրենցից չեն ներկայացնում քաղաքական, գաղափարական որեւէ արժեք՝ նոր տնտեսական քաղաքականության ու ազգային հայեցակարգի առումով»:

Մեր խնդրանքով անդրադառնալով ՀՅԴ պահվածքին, որը հայտարարեց, թե չի ցանկանում խորհրդանշական մաս կազմել կառավարությանը, սակայն այժմ բանակցում է պորտֆելների շուրջ՝ մարքսիստն ասաց. «Դաշնակցությունն ուզում է իր ձուկը որսալ: Նրանց հայրենանվիրության մասին արտասուքների մեջ ես աղ չեմ տեսնում: Ինչպես կասեր Օթելլո մավրը՝ կնոջ արտասուքների մեջ աղ չկա: Հիմա այս պարագայում նրանք աշխատում են ինչ-որ պահանջներ դնել ՀՀԿ-ի առաջ, եւ դրանք չկատարելու դեպքում՝ իբր անցնում են ընդդիմություն: Սա սովորական, վուլգար առեւտուր է»:

Եվ հարցին ի պատասխան էլ՝ ինչպե՞ս է բացատրում, որ «Բարգավաճ Հայաստանն» ավելի քիչ ձայն ստացավ, քան այդ կուսակցության անդամների հայտարարված թվաքանակն էր՝ Դավիթ Հակոբյանն ասաց. «Հանրապետականներն աշխատեցին վիրտուոզ իրագործել իշխանության հափշտակման իրենց ծրագիրը: Եվ հատկապես ընչազուրկ մասսաների հետ փողոցային առեւտուրը կազմակերպեցին շատ հիանալի: Բարոյահոգեբանական շանտաժի, ընտրակաշառքի եւ այլ պարագաներում՝ նրանք վիրտուոզ լուծեցին իրենց հարցերը «Բարգավաճի» հետ: Թեպետ ԲՀԿ-ն էլ որեւէ քաղաքական արժեք չի ներկայացնում իրենից՝ գաղափարական առումով: Այսօր հանրապետությանն ու ազգին անհրաժեշտ էր գաղափարախոսական սերնդափոխություն: Այս պրոցեսը չիրագործվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել