Կարծում է չորս անգամ անընդմեջ մեծամասնականով ընտրված Վիկտոր Դալլաքյանը
– Ո՞րն է ձեր վերընտրվելու պատճառը, մանավանդ դուք չունեիք շտաբ, մեքենա, նկարներ, փող, բայց հաղթեցիք: Նման բան հնարավո՞ր է:
– Ի տարբերություն շատերի, ես կարծում եմ, որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին մտածում են, պարզապես խավարի մեջ հնարավոր չէ սատանայի դեմ պայքարել: Իսկ խավարը, որ այսօր պատել է մեր երկիրը, շատ արագ ցրվում է, երբ դու մարդու հետ խոսում ես պարզ, մարդկային բարոյական չափանիշներով: Այդ առումով լոռեցու ֆենոմենը շատ պարզ է՝ լոռեցու համար փողը ձեռքի կեղտ է եւ ոչ ավելին, մարդկայինը, բարոյականը, ազնիվը եւ ճշմարիտը չեն մեռել ոչ միայն իմ հայրենակիցների, այլեւ ողջ հայ ժողովրդի հոգում: Վարչակրիմինալ համակարգը Վանաձորում բախվեց հայ մարդու անաղարտ նկարագրին, նրա արժանապատվության զգացմունքին, թասիբին, ու պարտվեց, որովհետեւ այդ կատեգորիաները չեն ջնջվել հայ մարդու հոգուց, պարզապես կյանքի առեւտրականացումը ժամանակավորապես ընդարմացրել է մեր բնակչության մի մասին, որին արթնացնելու համար դեռեւս ժամանակ ունենք: Հանրապետության բարոյահոգեբանական վիճակի առողջացումը, բարոյական հեղափոխությունը, թերեւս, ամենաառաջնային խնդիրն է:
– Բայց մարդիկ չեն հասցնելու շունչ քաշել, եւ առաջիկայում արդեն նախագահական ընտրություններն են, ժամանակն այնքան կարճ է, որ դժվար թե իրականանա ձեր նշած հեղափոխությունը:
– Մի մոռացեք, որ Հայաստանում մի հեղափոխություն արդեն տեղի է ունեցել՝ վարչակրիմինալ հեղափոխությունը: 2007-ի խորհրդարանական ընտրությունը ամբողջական իշխանության ձգտողների պյուրոսյան հաղթանակն էր, իսկ 2008-ի նախագահական ընտրությունները կարող են դառնալ գործող վարչախմբի վերարտադրության, իշխանությունն ամբողջացնելու գործընթացի ավարտական հանգրվանը: Եթե, իհարկե, առաջիկա ամիսներին երկրում չկատարվի այն բարոյահոգեբանական հեղափոխությունը, ինչի մասին ես խոսում եմ: Չնայած մայիսի 12-ին իրականացվեց պլանավորված օպերացիա, սակայն քվեարկությունը ցույց տվեց, որ ուժերի ընդհանուր հարաբերակցությունն ամենեւին էլ վարչախմբի օգտին չէ: Հանրապետությունում 80 տոկոսից ավելի ընդդիմադիր ընտրազանգվածի առկայության մասին իմ կանխատեսումները հաստատվեցին, այդ ընտրազանգվածի մի մասը քվեարկեց այդպես էլ չմիավորված ընդդիմադիր ուժերի օգտին, իսկ մյուս մասը նախընտրեց ընդդիմադիր դիրքերից հանդես եկած Դաշնակցությանը եւ նոր ուժ հանդիսացող ԲՀԿ-ին: Այսինքն՝ Հանրապետականը իրականում չնչին քանակությամբ ձայներ է ստացել. ողջ վարչական ռեսուրսը միասին վերցրած՝ կաշառքի եւ շանտաժի միջոցով, կարողացել է քվեարկության տանել ընտրազանգվածի 15-20 տոկոսից ոչ ավելին: Այսպիսով, վարչակրիմինալ հեղափոխությունը հաղթանակել է սոսկ իշխանության եւ նրա հենարանը դարձած պետական ապարատի եւ քրեական աշխարհի մոտ, որոնք կարողացան անտարբեր դարձած ժողովրդի մի մասին եւ ընտրատարածքներում իր դեմ չպայքարող քաղաքական մի շարք ուժերի պարտադրել սեփական սցենարը: Արդյունքում՝ Հայաստանը վերածվեց մի նոր Սիցիլիայի եւ այժմ սկսվել է hետընտրական «ռազբորկաների» շրջանը: Սակայն վարչախումբը, ուշացումով զգալով, որ ժամանակից շուտ է քայլ արել, այժմ որդեգրել է «Էստի համեցեք» կարգախոսը՝ այդպիսով փորձելով որքան հնարավոր է շատ ուժերի եւ գործիչների ներգրավել առաջիկայում ստեղծվելիք ժամանակավոր կառավարության մեջ: Անձամբ ես վարչախմբին քողածածկույթ դառնալը վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական ուժի համար:
– Դուք կարծում եք, որ ընդդիմության միավորման դեպքում ձեր նշած 80 տոկոս ընդդիմադիր ընտրազանգվածը կհամախմբվի՞ նրա շուրջ:
– Ընդդիմության միավորվել-չմիավորվելու հարցը իրականում իշխանական քարոզչամեքենայի բրենդն է: Իսկ նախագահական ընտրություններում վերարտադրվող վարչախմբին հաղթելու համար հարկավոր է ձեւավորել արժեքային այլընտրանք, որը պետք է լինի բարոյական Հայաստանը: Կարծում եմ, պետք է ստեղծվի բարոյաքաղաքական ջրբաժան, որը հիմնված կլինի մեր ժողովրդի քրիստոնեական եւ ավանդական արժեքների վրա: Պետք է համախմբվել՝ անկախ կուսակցական, գաղափարախոսական եւ այլ անջրպետներից: Գործող վարչախմբի անպատժելիության միֆը հենց արժեքային բարոյական այլընտրանքի բացակայության հետեւանք է: Ուրեմն, եկեք մտածենք այն ստեղծելու մասին, եւ վերջում պարզ կդառնա, որ սատանան այնքան էլ սարսափելի չէ, նրա ուժը մեր ներկա թուլության, խեղճության մեջ է: