Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն զիջումների գնացել ենք»

Մայիս 25,2007 00:00

«ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար նախատեսված փոխզիջումների համատեքստում՝ Սումգայիթի, Բաքվի ցեղասպանություններն ու Նախիջեւանն են մեր զիջումները»,- իշխանություններին «հուշում» են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամները:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ «փոխզիջում» ասվածը գրող-հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Գեւորգ Միրզոյանը եւ «Ազգային համակարգ» հասարակական նախաձեռնության անդամ Ռոմեն Եպիսկոպոսյանը չեն կարողանում հասկանալ: Նրանք չեն կարողանում պատկերացնել նաեւ, թե ի՞նչ է պատրաստվում տալ մեզ Ադրբեջանը եւ ո՞ւմ թափված արյան հաշվին ձեռք բերված ազատագրված հողերն է պատրաստվում վերջինիս զիջել Հայաստանը:

Երեկ «Ազդակ» ակումբում կայացած հանդիպման ժամանակ լրագրողներին այս մասին էին եկել ասելու իշխանությունների կողմից անարդարացի ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ընկերները: Վերջիններս մեր իշխանությունների այս անմիտ խոստումների պատճառը բացատրում են նրանց չիմացությամբ, «հայրենիք» ու «հող» ասվածների ոչ ճիշտ պատկերացմամբ ու որպես հայ ժողովրդի պատմությունը չտիրապետելու արդյունք: Եվ այդպիսի անգրագիտությամբ էլ, ըստ Ռոմեն Եպիսկոպոսյանի, ոչ թե Հայաստանի, այլ՝ մեր իշխանությունների կողմից, մինչեւ տարեվերջ, այն հայրենիքն ու հողը, որոնք ձեռք է բերվել իսկական հայի արյան գնով, փոխզիջվելու են: «Մենք տեղեկություններ ունենք, որ մինչեւ նախագահական ընտրությունները այդ փոխզիջումները, ինչը միմիայն կարող է լինել ազատագրված տարածքների հանձնմամբ՝ Ադրբեջանին, իրականացվելու է, եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ այդ դժնդակ պայմանագրի կնքման իրականությունը մեր իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությունն է»,- ասաց Ռ. Եպիսկոպոսյանը: Հ. Ուլուբաբյանն էլ անգետ իշխանավորներին խորհուրդ տվեց գոնե իր հոր՝ Բագրատ Ուլուբաբյանի գրքերը կարդան, որոնցով հնարավորինս կպատկերացնեն իրական հայրենիքի սահմանները:

Բանախոսների կարծիքով, թեկուզ մի թիզ հող ոչ մեկին զիջել պետք չէ՝ «Առանց այդ էլ Սումգայիթի, Բաքվի, Նախիջեւանի ցեղասպանություններն են զիջվել»: Հ. Ուլուբաբյանը հիշեցրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, որին մեղադրում են բռնի իշխանափոխության փորձի մեջ, իրականում «մի թիզ հող զիջողի գլուխը կջարդեմ» հայտարարության տրամաբանական շարունակությունն է. «Ժիրայրը խոսում է բարոյականության մասին, ինչը իշխանությունների բանը չէ, ուստի իրենց գլուխներն ազատելու համար ճանապարհից հեռացնում են հայրենասերներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել