Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոտենում է պոպուլիզմի վերջը

Մայիս 25,2007 00:00

Փաստում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

«Որքան էլ ասենք, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, միեւնույն է, Հայաստանում մոտենում է քաղաքական պոպուլիզմի վերջը, այսինքն՝ էլ չեն լինի բողոքի ընտրություններ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում նոր կառավարության կազմավորման եւ հետընտրական գործընթացների մասին իր տեսակետը հայտնեց Հրանտ Բագրատյանը: «Կարծում եմ, չեն կրկնվի այնպիսի ընտրությունները, երբ մարդիկ կքվեարկեն ոչ թե հանուն գաղափարի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի: Օրինակ՝ 2003-ի նախագահական ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ թե Ստեփան Դեմիրճյանի գաղափարների կամ Արտաշես Գեղամյանի աղիողորմ հարցադրումների օգտին, այլ քվեարկում էին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի»,- իր միտքը պարզաբանեց նախկին վարչապետը:

Հ. Բագրատյանն անդրադարձավ նախընտրական շրջանում լիբերալ գաղափարներ քարոզող ՀՅԴ-ին. «Դաշնակցության պոպուլիզմը վեր էր ամեն սպասելիքից: Ընտրվելու դեպքում խոստանում էին կենսաթոշակները դարձնել 50.000 դրամ՝ չմտածելով, որ այդ թիվը գերազանցում է մեր բյուջեն»: Խոսելով նախընտրական գործընթացներից, Հ. Բագրատյանը նշում է, որ գրեթե ոչ մի կուսակցության նախընտրական ծրագրում ներառված չէին այնպիսի կարեւոր հարցեր, ինչպիսիք են, ասենք, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ ցեղասպանության հարցերը: «Շատ ավելի կարեւոր էր, թե ով ում բակի որ հատվածն է ասֆալտապատել»,- նշում է Հ. Բագրատյանը: Նրա կարծիքով, մեր քաղաքական գործիչները չեն կարողանում հստակ ծրագրերով նստել քաղաքական բանավեճի, որովհետեւ ասելիք չունեն. «Ամեն ինչ թողել են ինքնահոսի, ու երբ մի օր կսկսեն ռմբակոծել Հայաստանը, բոլորն այդ ժամանակ խորհուրդ կտան նստել ու «Նվագախմբի տղաները» նայել»:

Նախկին վարչապետն իր կանխատեսումներն արեց նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների մասին. նա կարծում է, որ եթե ԱԺ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել, ապա նախագահական ընտրություններում էլ չեն կարողանա հանդես գալ մեկ միասնական թեկնածուով: Հ. Բագրատյանն ընդդիմադիր գործիչներին խորհուրդ է տալիս. «Եթե «դուխ» ունեն, թող գնան 30-40 հազար հոգով ընտրություն կազմակերպեն ու մի միասնական առաջնորդ ընտրեն: Եթե կարողանան միավորվել, ապա ընտրություններում կմրցակցեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ նրանց գաղափարները»: Հրանտ Բագրատյանը քննադատաբար է մոտենում նախորդ նախագահական ընտրություններում պարտված այն ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, որոնք նորից պատրաստվում են իրենց թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում. «Աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ, որ պարտված քաղաքական գործիչը նորից առաջադրի իր թեկնածությունը: Նույն գետը երկրորդ անգամ մտնել չի լինի»:

Այն հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում պարոն Բագրատյանը հնարավոր համարո՞ւմ է իր թեկնածության առաջադրումը, նա պատասխանեց. «Պետության կայացման գործում իմ դերն ավելի պակաս չէ, քան հավանական թեկնածուներից որեւէ մեկինը: Ես իմ ջանքերով եմ քաղաքական գործիչ դարձել: Բայց նախագահական ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին դեռ չեմ մտածել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել