Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՆՈՒՆ ԴԻՐԻԺՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մայիս 24,2007 00:00

\"\"Մայիսի 27-ին լրանում է հայ օպերային թատրոնի երախտավոր Միքայել Թավրիզյանի ծննդյան 100-ամյակը

Միքայել Թավրիզյանի ծննդյան 100-ամյակի առիթով օրերս Թատերական գործիչների միությունում կազմակերպվել էր ցերեկույթ: Միջոցառումից հետո դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը «Առավոտին» հայտնեց. «Ես այն երջանիկներից եմ, ով 1952թ. մրցույթով ընդունվեց Երեւանի օպերային թատրոն եւ ունեցավ այնպիսի խորհրդատու, ինչպիսին Միքայել Թավրիզյանն էր: Ափսոս, որ այն կարճ տեւեց. 1957թ. վախճանվեց մեծ դիրիժորը: Նա տաղանդավոր էր ոչ միայն որպես դիրիժոր, այլեւ՝ իր ողջ գործունեությամբ: Հենց մաեստրոյի շնորհիվ էր, որ 1933- 57թթ. մեր օպերային թատրոնի խաղացանկը հարստացավ հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական օպերային գրականության գլուխգործոցներով»: Փաստենք, որ միայն 1957-ին է լույս տեսել Մ. Թավրիզյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին պատմող առայժմ միակ՝ Հակոբ Խանջյանի «Միքայել Թավրիզյան» գրքույկը: Վերջինից տեղեկանում ենք, որ դիրիժորի առաջին ներկայացումը Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Ռիգոլետոն» էր: Այդ ներկայացման փորձերի ժամանակ արդեն ներկաներին պարզ էր, որ «Ռիգոլետոյի» թավրիզյանական մոտեցումը լինելու է նոր, յուրատեսակ մեկնաբանություն: Այդպիսի որակ ունեցան նաեւ մյուս երկու օպերաները՝ Պուչինիի «Տոսկան» եւ Դելիբի «Լակմեն»: 1936-ին Թավրիզյանը ձեռնարկում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունը, որից հետո ձեռնամուխ է լինում «Արշակ Երկրորդի» բեմադրական աշխատանքներին:

Յու. Դավթյանը տեղեկացրեց, որ հայ դասական օպերային արվեստի ոսկե ֆոնդում արձանագրված «Արշակ Երկրորդից» հետո, անվանի դիրիժորը անդրադառնում է Չայկովսկու «Իոլանտայի», այնուհետեւ՝ «Պիկովայա դամայի» բեմադրություններին: Նրա բացառիկ կարողությունների արդյունքն էր նաեւ «Դավիթ- Բեկը»: «Թավրիզյանին տարիներ շարունակ օպերային թատրոնի դիրիժորական վահանակի մոտ տեսնելով, նվագախմբի արտիստներն արդեն յուրացրել էին նրա արվեստի առանձնահատկությունը, ոգեշնչող հուզականությունը: Նվագախումբը չափազանց զգայուն էր դիրիժորի յուրաքանչյուր ժեստի, դեմքի արտահայտության եւ ընկալումների հանդեպ: Ոչ միայն թատրոնի կոլեկտիվը, այլեւ մարդիկ, ովքեր ճանաչում էին մաեստրոյին, գիտեին, որ նա կարողանում է իր ետեւից տանել ստեղծագործական մի ամբողջ կոլեկտիվ, որ ջանում է հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի, որն ընդունակ է յուրաքանչյուր ներկայացման հետ կապված իր հույսերն ու ձգտումները դարձնել թատերախմբի սեփականությունը ու նրանց օգնությամբ կերտել ստեղծագործական ռեալ իրականություն: Նվագախմբի հետ աշխատելու նրա յուրօրինակ շնորհի մասին են բազմիցս փաստել նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի երաժիշտները: Այստեղ շուրջ մեկ տարի աշխատելով՝ իր ձեռագրով առանձնացել է հայ դիրիժորը»,- հայտնեց Յու. Դավթյանը:

Հետաքրքրությանը, թե բոլոր ժաման ակներում տաղանդավոր մարդիկ հալածվել են, Միքայել Թավրիզյանն է՞լ է արժանացել նման «ճակատագրի», մեր զրուցակիցն ասաց. «Երբ 1953թ. Հայաստանի կառավարության կազմում կատարվում էր փոփոխություն, այդ ժամանակ թատրոնի դիրեկտորները անընդհատ փոփոխվում էին եւ, չգիտես ինչու, հենց այդ մարդիկ, որոնց անուններն անգամ չեմ ուզում հիշատակել, դեմ դուրս եկան ԽՍՀՄ ժողովրդական արտիստին: Իսկ Թավրիզյանը, ով բնավորությամբ մեղմ էր եւ իրեն չէր կարող թույլ տալ «գլուխ դնել» իր ընդդիմախոսների հետ, արդեն պատրաստվում էր մեկնել Լենինգրադ եւ, հուրախություն մեզ, այդ տարիներին Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ով տեղյակ էր օպերային թատրոնում տեղի ունեցող խմորումներին, կանչում է Թավրիզյանին ու ասում՝ ո՞ւր ես գնում: Մաեստրոն պատասխանում է, որ ինքն իր դիմումի համաձայն է հեռանում օպերային թատրոնից: «Այսօրվանից ես եմ քո դիրեկտորը, խնդրում եմ մնաք ու շարունակեք աշխատել, ես չեմ ընդունում քո դիմումը»՝ լինում է Ս. Թովմասյանի հրամանը»:

Հ. Գ. Շուտով Մոսկվայում կհրատարակվի Մ. Թավրիզյանի դստեր՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գայանե Թավրիզյանի գիրքը՝ «Միքայել Թավրիզյան. դիրիժորի կյանքն ու մահը» վերնագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել