Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժամը 7-ից հետո շունը տիրոջը չէր ճանաչում»

Մայիս 24,2007 00:00

Ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Վանաձորում մայիսի 12-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մրցավազքն երեկ հրավիրված ասուլիսում այսպես բնութագրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Կառույցը իր 36 դիտորդներով հետեւել է ոչ միայն Լոռու, այլ նաեւ Տավուշի, Վայոց ձորի եւ Շիրակի մարզերում ընտրությունների ընթացքին եւ արձանագրել կոնկրետ փաստեր: Ա. Սաքունցը ընտրությունները ազատ համարելը բացառում է թե՛ նախընտրական շրջանում եւ թե՛ ընտրության օրը թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների առումով: Նա նշեց թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանի՝ ուսուցիչների հետ հանդիպման խոչընդոտումը դպրոցների տնօրենների կողմից, մինչդեռ նրա մրցակցի համար ստեղծված էին այլ պայմաններ: Սպառնացել են նաեւ թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Լարիսա Փարեմուզյանին՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Տավուշի մարզում անհավասար պայմաններ են ստեղծված եղել ՀՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների համար, ընդհուպ մինչեւ գյուղապետերին եւ գյուղապետերի միջոցով՝ բնակչությանը սպառնալով, որ եթե չընտրեն ՀՀԿ-ին եւ իրենց նախընտրած թեկնածուին, ապա կարող են կանգնել լուրջ խնդիրների առջեւ: Ազատության ոտնահարման օրինակ էին Արման Բաբաջանյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունները, ինչպես նաեւ «Գոլոս Արմենիի» թերթում Արթուր Բաղդասարյանի եւ անգլիացի դիվանագետի գաղտնալսված զրույցի հրապարակումը:

Վանաձորի իրավապաշտպանը որոշակի դրական շարժեր՝ 2003-ի ընտրությունների համեմատ, այս ընտրությունների ընթացքում արձանագրել է: Դրանցից է իրավապահ մարմինների միջամտության բացակայությունը ընտրական գործընթացներին: Թեեւ, ըստ նրա, երբեմն այդ միջամտության բացակայությունը հասնում էր անգործության աստիճանի, կոնկրետ այն դեպքում, երբ նրանք չէին կասեցնում ընտրակաշառքի բաժանումը: Որպես «գաղտնիք», Սաքունցը լրագրողներին հայտնեց մի ինֆորմացիա, որ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանից մեկնելուց առաջ հավաքված են եղել մի միջոցառման եւ վերլուծելով այս ընտրությունները, միայն երեք հոգի են դրական խոսել, մյուսներն ընտրությունների մասին արտահայտել են բացասական կարծիք: Ըստ բանախոսի, սա վկայում է քաղաքական գործոնի դերի մասին:

Ելնելով Լոռու մարզի քվեարկության արդյունքներից, Արթուր Սաքունցը եզրահանգում է, որ ընտրությունների ճիշտ եւ արդար արդյունքների արձանագրման դեպքում կուսակցությունների ձայների թվի հարաբերակցությունը կլիներ այլկերպ: Ֆինանսական եւ վարչական ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չէին ունենա այսքան ձայներ, փոխարենը կարող էին խորհրդարան անցնել նաեւ այլ կուսակցություններ, որոնք իբր չեն հաղթահարել 5%-ի շեմը: Իսկ որպես «ոսկե տառերով» գրվելուն «արժանի» իրավական միջադեպ, Սաքունցը նշեց, որ Վանաձորում կատարված սպանության առիթով երբ ինքը հրապարակային ելույթ է ունեցել եւ, համեմատելով Գուգարք գյուղում կատարված սպանության հետ, հրապարակայնորեն իր կարծիքն է արտահայտել՝ կասկածյալների նկատմամբ դատախազության հակասական վերաբերմունքի առնչությամբ, իրեն որպես սպանության վկա կանչել են դատախազություն: «Սա, իհարկե, ձայն կտրեցնելու եւ ճնշում գործադրելու թույլ տարբերակ է»,- ասաց Ա. Սաքունցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել