Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նմանվում են, որ լավ սպառվեն

Մայիս 24,2007 00:00

\"\"Տեղական արտադրողները հայտնի ընկերությունների ապրանքանշաններն օգտագործելու համար տուգանվեցին:

«Սիս Ալկո» օղի արտադրող ընկերությունն իր շշերի պիտակի վրա պատկերել է մի քանի մեդալներ, որոնց ընկերությունն իբր արժանացել է արտադրանքի բարձր որակի համար: Սակայն իրականում «Սիս Ալկոն» ոչ միայն նման մեդալներ չի ստացել, այլեւ իր օղու շշերը շփոթության աստիճանի նմանեցրել էր ռուսական «Խլեբնայա դորոգա» օղուն: Երեկ հրավիրած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը «Սիս Ալկոյի» ներկայացուցիչ Մանվել Տերտերյանից հետաքրքրվեց, թե այդ մեդալները որտեղից են հայտնվել ընկերության պիտակի վրա, ինչին ի պատասխան՝ Տերտերյանն արդարացավ. «Կստանանք, էլի, բա պետք է մեկ-մեկ էլ խախտում անենք, որ մրցակցությանը դիմանանք»: Չնայած այսպիսի անմեղ արդարացմանը, հանձնաժողովը ընկերությանը տուգանեց 100 հազար դրամով՝ արտադրանքը «Խլեբնայա դորոգա» օղուն նմանեցնելու համար: Հանձնաժողովը 100-հազարական դրամ էլ տուգանեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպին», որն իր օղու պիտակը նմանեցրել էր ռուսական հայտնի «Խլեբնայա» ապրանքանշանին:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն 17 սպառողի անունից դիմում-բողոք է ներկայացրել հանձնաժողով՝ կապված «Տելեմարկետ» ընկերության ապրանքների հետ: Վարույթի ընթացքում հանձնաժողովը պարզել էր, որ այս ընկերությունն իր գովազդներում կենցաղային ապրանքները ներկայացնում է որպես եվրոպական արտադրության, մինչդեռ իրականում դրանք չինական արտադրության են:

Խոսքը «Տելեմարկետի» կողմից առաջարկվող «Էլեկտրական ավել», «կտրող դանակ», «բանջարեղեն կտրատող սարք» եւ «հագուստ չորացնող սարքերի» մասին է: Հանձնաժողովը պարզել էր, որ «Տելեմարկետի» գովազդների հեռարձակման պատվիրատուն «Հեռուստաշուկա» ՍՊԸ-ն է, որն էլ 2006-2007-ին ներկրել է չինական արտադրության ապրանքներ: «Տելեմարկետ» ընկերությունը եւս տուգանվեց 100 հազար դրամով: «Առավոտի» հետ զրույցում «Տելեմարկետի» ներկայացուցիչ Վահե Բալբանյանը վրդովված ասաց, որ հանձնաժողովը լավ չի ուսումնասիրել իրենց ապրանքները, քանի որ «նրանց ներկայացրած ցուցակում տեղ են գտել այնպիսի ապրանքներ, որոնք մենք չենք ներմուծում: Ես դատարանով բողոքարկելու եմ նրանց որոշումը»: Չնայած Վ. Բալբանյանը մեզ փորձում էր ապացուցել, որ իրենց ընկերությունը միայն ԱՄՆ-ից, Կանադայից եւ Եվրոպայից է ապրանք ներմուծում, սակայն նրա՝ մեզ ցույց տված բոլոր ապրանքների վրա գրված էր, որ չինական արտադրության է:

«ՄԱՊ»-ն էլ օգտագործել էր «Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի» կոնյակի շշերը, ինչը շուկայում շփոթություն էր առաջացրել: Նիստի ժամանակ «ՄԱՊ»-ի ներկայացուցիչ Վարդան Խեչոյանը արդարանում էր, որ մեղավորը ոչ թե իրենք են, այլ՝ հուշանվերային շշեր արտադրող «Հրատ» ընկերությունը, որի հետ իրենք պայմանագիր ունեն, ըստ որի՝ այդ շշերն արտադրվել են «ՄԱՊ»-ի կոնյակի համար. «Հրատը» պետք է մեզ նախազգուշացներ, որ մենք այդ շիշը չօգտագործեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Խեչոյանը:

Հանձնաժողովը «ՄԱՊ»-ին էլ ճանաչեց անբարեխիղճ տնտեսվարող եւ տուգանեց 100 հազար դրամով: Ընկերությունը 1 ամսվա ընթացքում պիտի շուկայից դուրս բերի «կրկնօրինակված» շշերով կոնյակը: Որպեսզի իրենց արտադրանքը վաճառվի՝ «Սախա» եւ «Արմեն Հովիկ» ընկերություններն էլ իրենց արտադրած սուրճերի վրա «Նեսկաֆե» եւ «Պելե» հայտնի ապրանքային նշաններն են զետեղել, որի համար հանձնաժողովը նրանց տուգանեց 100-հազարական դրամով:

Հանձնաժողովը նաեւ ուզում էր տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանել «Զվարթնոց» օդանավակայանին, բայց չտուգանեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել