Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԸՆՏԱՆԻ՞Ք Է ՔԱՆԴՈՒՄ

Մայիս 24,2007 00:00

\"\"Ընկերությունը բաժանորդի հաշվին «նկարած» րոպեավճարներն արդարացնելու համար անգամ սիրավեպեր է հորինում:

Այսօր «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն ասուլիս է հրավիրել, որպեսզի տեղեկացնի, որ պատրաստվում է ներել ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների այն պարտքերը, որոնք գոյացել էին Արեւելյան Թիմոր, Ավստրալիա, Նոր Գվինեա եւ այլ կղզիատիպ երկրներ իբր զանգելու համար: Նման տուժած 400 բաժանորդ կա, որոնց ընդհանուր պարտքը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 70 մլն դրամ: Օ. Բլիզնյուկը խոստացել էր մինչեւ այս տարվա մայիսի 1-ը այդ պարտքերը սառեցնել՝ պայմանով, որ չեն ներելու միայն այն բաժանորդների պարտքերը, ովքեր երկրորդ անգամ են նման վիճակում հայտնվել:

Նկատենք, որ տուժած բաժանորդների պարտքերը կուտակվել էին ինտերնետի միջոցով, եւ, ըստ «ԱրմենՏելի», բաժանորդները «պոռնո» կայքեր են մտել ու այդ ընթացքում նրանց հաշվին մի կլորիկ գումար է գրանցվել: Սակայն կա «ԱրմենՏելից» տուժած բաժանորդների եւս մի մեծ բանակ, որն ինտերնետ չի ունեցել, «պոռնո» կայքեր չի մտել, բայցեւայնպես, նրանց հաշվին 1000 դոլարի սահմանն անցնող պարտք է «նկարվել» այն զանգերի դիմաց, որոնցից իրենք՝ բաժանորդները գաղափար անգամ չունեն: Ներկայումս դատարաններում «ԱրմենՏելի» դեմ մի քանի տասնյակ դատեր են ընթանում: Նրանցից մեկի՝ Մնացական Վարդանյանի դատն՝ ընդդեմ օպերատորի հետաքրքիր է նրանով, որ վերջինիս հեռախոսը (հեռախոսահամարը՝ 345016), չնայած 34-ի ԱՀԿ-ից անջատած են եղել՝ նախկինում ունեցած մոտ 100 հազար դրամի րոպեավճարը չմուծելու համար, այդուհանդերձ, անգամ անջատած հեռախոսի հաշվին ընկերությունը 1 ամսում գրանցել է 730 հազար դրամից (մոտ $2000) ավելի պարտք: Ըստ «ԱրմենՏելի», բաժանորդը միայն մի գիշերվա ընթացքում Ռուսաստանի իր ծանոթի հետ 4-5 ժամ «խոսել» է՝ հաշվին գումարելով ավելի քան 20 հազար դրամի պարտք: Մինչդեռ ամենաբարձր եկամտի դեպքում էլ շարքային քաղաքացին չէր կարող իրեն նման շռայլություն թույլ տալ:

Քանի որ բաժանորդի բոլոր դիմում-բողոքները՝ ուղղված «ԱրմենՏելի» թե՛ նախկին, թե՛ ներկա տնօրեններին՝ Վասիլիս Ֆետսիսին եւ Օլեգ Բլիզնյուկին, անարձագանք են մնացել, «Առավոտ» օրաթերթը նույնպես հարցում էր արել ընկերությունից, խնդրելով պարզաբանել խնդիրը, մանավանդ որ բաժանորդի ձեռքի տակ կար այն գրավոր տեղեկանք-ապացույցը, ըստ որի՝ իսկապես հեռախոսն «ԱրմենՏելի» Հյուսիսային ծառայության «Աջափնյակ» տեղամասից անջատված է եղել: Ընկերությունից մեր օրաթերթին խոստացել էին, որ փորձագետներ կհրավիրեն ու խնդիրը մանրամասն կուսումնասիրեն: Ավելի ուշ՝ ուսումնասիրության արդյունքում, «ԱրմենՏելը» պարզել էր, որ այն ժամանակահատվածում, երբ Մնացական Վարդանյանի հեռախոսահամարի հաշվին առանձնապես մեծ չափերի պարտքեր է գրանցվել, նրա բնակարանը վարձակալված է եղել, վարձակալողն էլ՝ մի ջահել տղա, ըստ «ԱրմենՏելի» ուսումնասիրության, Ռուսաստանում նշանած աղջիկ ունի, որի հետ էլ գիշերները ժամերով խոսել է: Երբ մենք հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է 1 ամիս շարունակ չքնել ու միայն հեռախոսով խոսել՝ ընկերությունից պատասխանեցին՝ «Այո, հնարավոր է, սերը գիտեք ինչ է անում»: Նկատենք, որ, իրոք, Մ. Վարդանյանի բնակարանը վարձակալված է եղել: Վարձակալողը Գագիկ Կարապետյանն է, որն ամուսնացած է, երեխա ունի եւ Ռուսաստանում ոչ սիրուհի, ոչ նշանած, ոչ նման «վտանգավոր օբյեկտներ» չունի: Վերջինս հավաստիացնում է, որ ինքը գիշերում է կնոջ հետ եւ չէր կարող իր կողակցից թաքուն գիշերվա ժամը 2-ից մինչեւ առավոտյան 6-ը խոսել իբր Ռուսաստանի նշանածի հետ: Նրա խոսքերով՝ «ԱրմենՏելն» իր կեղծ հաշիվներն արդարացնելու համար տո՞ւնս է ուզում քանդել»:

Նշենք, որ երբ տուժած բաժանորդը զանգահարել է Ռուսաստանի այն նույն «նշանված աղջկա» հեռախոսահամարով, պարզվել է՝ այնտեղ բնակվում են միայն ռուս 2 եղբայրներ եւ հայ սիրահարի պոտենցիալ հարսնացուի մասին տեղյակ չէին, քանի որ այդ բնակարանում երկար տարիներ են ապրել՝ միայնակ: Ուստի, թե «ԱրմենՏելի» փորձագետներն ինչպես են պեղել նշանված աղջկա եւ հայ տղայի սիրավեպը՝ անհասկանալի է:

Մնացական Վարդանյանի հեռախոսահամարի վրա կուտակված պարտքի գործը քննվում է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Բարսեղյան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել