Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գ. ԱԶԱՐՅԱՆԸ՝ ԱՎԱՆՏՅՈՒՐԻ՞ՍՏ

Մայիս 24,2007 00:00

ԿԸՀ-ում «Արդարությունը» ներկայացնող ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին որակեց որպես «ավանտյուրիստ»:

Ֆելիքս Խաչատրյանը անդրադառնալով շաբաթ օրը ԿԸՀ նախագահի այն հայտարարությանը, թե իրեն ՀԺԿ-ից զանգել ու ասել են, թե Խաչատրյանը 2003 թվականին եղել է «Արդարության» ցուցակում եւ անօրինական է նշանակվել ԿԸՀ անդամ, հայտարարեց, որ Ազարյանը կարդացել է «Ընտրական օրենսգրքի» 34-րդ հոդվածը, սակայն չի կարդացել 41-րդ, ապա նաեւ 111-րդ հոդվածները, իսկ օրենսգիրքն ունի տրամաբանություն եւ առանձին հոդվածները չեն դիտարկում:

Ֆելիքս Խաչատրյանը պարոն Ազարյանին հիշեցրեց, որ ինքը ԿԸՀ անդամ է նշանակվել օգոստոս ամսին, երբ արդեն ոչ մի ազդեցություն չէր կարող ունենալ ցուցակի, կուսակցության կամ ընտրությունների արդյունքների վրա: Իսկ եթե պարոն Ազարյանը, այնուամենայնիվ, հիմք է ընդունում օրենսգրքի պահանջը, որ ցուցակում գտնվող անձն իրավունք չունի լինել ԿԸՀ անդամ, ուրեմն «նրան պետք է զանգած լինեին» նաեւ ՄԱԿ-ից եւ ՀՀԿ-ից: Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սեւակ Առաքելյանը դիմում է գրել եւ հրաժարվել պատգամավորական մանդատից այն ժամանակ, երբ խորհրդարան մտնելու հերթը հասել է իրեն: Կամ հենց այսօր ԸԸՀ անդամներ են ՄԱԿ-ի ցուցակում գտնվող անձինք, նույն վիճակը ՀՀԿ-ում է:

«Աբրահամ Բախչագուլյանը ՀՀԿ ցուցակի 52-րդ հորիզոնականում էր, ուրեմն ի՞նչ, իրե՞նք էլ են օրենք խախտել: Ոչ»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը՝ զարմանալով Ազարյանի արկածախնդրության վրա: «Ուղղակի փորձեց տպավորություն թողնել, թե Խաչատրյանը բռնվել է: Ամոթ է, ծանր հիմնարկության ղեկավար ես»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը: Նա նկատեց, որ նույն Բախչագուլյանը պատասխանատու էր հանձնաժողովի անդամների ուսուցման գործընթացի համար, եւ նրա գործունեության արդյունքում մի մարդը ստացել է երկու վկայական: «15 հոգու անուն-ազգանուններ կան ԿԸՀ ինտերնետային կայքում, ովքեր ունեն 2-ական լիցենզավորված անդամի վկայական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել