Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղուհացը քաղաքական կատեգորիա չէ

Մայիս 24,2007 00:00

«Մի՞թե վերջին առնետն եմ ես»,- այդ հարցը, հավանաբար, պետք է տա նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը:

«Ինչ վերաբերում է գործարարներին՝ ժողովո՛ւրդ ջան, այդ մարդկանց հետ 4 տարի աղուհաց ենք կիսել, իրար տուն մտել-դուրս եկել, բարեկամություն, ընկերություն ենք արել: Ես հիմա չեմ ուզում այդ գիծն անցնել ու ասել ավելին: Բոլորին ամեն ինչ պարզ է: Ուզում եք ասել՝ եղե՞լ են ճնշումներ: Այո՛, եղել են: Բոլո՛ր կողմերից էլ եղել են: Հիմա կարող է իրենց հարցնեք, ասեն՝ չեն եղել… Եղել է առաջարկություն՝ հեռացնել կուսակցությունից, դա՛ էլ չենք արել: Գիտեինք, չէ՞, որ պիտի գնան: Քննարկել ենք քաղաքական խորհրդում՝ չենք հեռացրել: Թող գնան իրենց ճանապարհով». այս խոսքերը ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը անցած տարվա մայիսի 12-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Այսօր էլ ՕԵԿ-ականները ոչ մի դատապարտող խոսք հակված չեն ասել իրենց երբեմնի գործընկերների մասին, սակայն իրենք եթե չեն ասում, լրագրողները գոնե հիշում են, թե ինչպես նույն ինքը՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարը, կուսակցության համամասնական ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Բալասանյանը նույն այդ ժամանակ, երբ իր գործընկեր բիզնեսմենները հեռանում էին ՕԵԿ-ից, հայտարարում էր. «Ինքնաթիռից իջնում եմ, իմ ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Ուրեմն հիմա՞ ինչ է գրված Սամվել Բալասանյանի ճակատին: Մեր թերթին տված հարցազրույցում այդ նույն օրերին պրն Բալասանյանը հայտարարեց, որ ինքը երեխաներ ունի եւ չի կարող կատարել այնպիսի քայլ, որի համար ամաչի իր երեխաներից: Մենք դեռ մինչ ընտրություններն էինք գրել, որ, ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Բալասանյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններից հետո դուրս գալ ՕԵԿ-ից, դրա դիմաց իրեն խոստացել են մեծամասնական կարգով դարձնել պատգամավոր:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, հրաժարվելով մեկնաբանել պրն Բալասանյանի քայլը, այնուամենայնիվ, ասաց. «Այս կարգի երեւույթները բացասական եմ գնահատում, որովհետեւ մենք միասին ճանապարհ ենք անցել, Սամվել Բալասանյանը խմբակցության ղեկավար է եղել, եւ երեւի ինքը պետք է մեկնաբանի, թե ինչու կատարեց այդ քայլը: Այս ամենը ինքս կապում եմ երկրում տեղի ունեցող երեւույթների հետ, որովհետեւ այս ընտրությունները մեր երկիրը տասնյակ տարիներով ետ շպրտեցին, եւ իրավիճակը նմանեցնում եմ 37 թվականին, ընդհանրապես բոլոր գործարարներն այսօր վախեցած են: Վերջին մեկ տարվա ընթացքում կարծես մոդա է դարձել գործարարներին բաժանել ըստ քաղաքական ուժերի, եւ այս տոտալ ռեժիմից 37 թվականի հոտ է գալիս: Այսքան չար իշխանություն ես իմ գիտակից կյանքի ընթացքում երբեւէ չեմ հիշում, այսքան չարությամբ լցված իշխանություն մենք չենք ունեցել, եւ կարծում եմ՝ հենց դրա արդյունքն է կատարվածը: Իհարկե, դատապարտում եմ, իհարկե, տգեղ երեւույթ է, բայց չեմ ուզում մեկնաբանել, մեկնաբանությունները թողնում եմ իրեն»:

Մեկնաբանելով իր քայլը՝ Սամվել Բալասանյանը «Ռադիոլուրին» երեկ ասել էր, որ ինքը ՕԵԿ-ից չի հեռանում այն դրդապատճառներով, ինչ որ ՕԵԿ խմբակցության նախկին 10 անդամները, որոնք կուսակցությունից հեռացան Արթուր Բաղդասարյանի՝ ընդդիմություն դառնալուց հետո. «Ես «Օրինաց երկիր» կուսակցությանը այս ընտրություններում 18 տոկոսից ավելի ձայն եմ բերել»,- ասել է Սամվել Բալասանյանը՝ ավելացնելով, որ առաջիկա 5 տարում էլ շարունակելու է ընկերություն անել Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի իր ընկերների հետ, որոնց հետ աղ ու հաց է կիսել, ճանապարհ անցել: Երեկ մեզ չհաջողվեց կապվել պարոն Բալասանյանի հետ, նրա հեռախոսներն անհասանելի էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել